Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակա՞ն, թե՞ իրավական է ՄԻԵԴ վճիռը. «Հայոց աշխարհ»

Հունիս 19,2015 11:16

Մինչ Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է հանգստացնող գնահատական տալ հունիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Չիրագովի եւ Սարգսյանի 10 տարվա վաղեմության դիմումների հիման վրա ընդունած «պարիտետային դատավճիռներին», Ադրբեջանում տեղի ունեցածը ներկայացվում է որպես «պատմական հաղթանակ»։

Անշուշտ ՄԻԵԴ-ի որոշման ժամկետների ընտրությունն ու կեղծ պարիտետային մոտեցումը հստակ քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Սրանով ստեղծվում է պարբերական ճնշումների սպառնալիքի հնարավորություն եվրոպական դատական մամլիչը գործի դնելու միջոցով։

Մեր կարծիքով, թեեւ իր ձեւով որոշումը իրավական է եւ առնչվում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ամենացավոտ հարցերից մեկին՝ փախստականների խնդրին, ինչը շոշափում է ոչ թե միջպետական հարաբերությունների, այլ մարդու իրավունքների ոլորտը, սակայն դրանով ստեղծվող նախադեպի «մուլտիպլիկատիվ էֆեկտի» քաղաքական հետեւանքներից հնարավոր չէ խուսափել։

Պետք է հաշվի առնել, որ եթե մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի վրա ազդեցության բազում լծակներ ունի, ապա միանգամայն բնական է, որ նույնը Հայաստանի հանդեպ եւս ձեռք բերելու համար ՄԻԵԴ-ը պետք է ընտրեր կեղծ պարիտետային մոտեցում, ինչը եւ տեղի է ունեցել։

Ուստի գիտակցելով, որ հունիսի 16-ի որոշմամբ փորձ է արվում մեր երկրի հանդեպ ձեւավորել ճնշման համապատասխան դաշտ, հասկանալով նաեւ, որ նման նախադեպը չի կարող ուղղակիորեն ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա, բայց կարող է հանգեցնել նորանոր դատական վճիռների ընդունմանը՝ Հայաստանին ուղղված միլիոնավոր եվրոների պահանջագրերով հանդերձ, տեղի ունեցածի հանդեպ չպետք է ընտրել ուղղակի հակադրության կամ համակերպվելու կեցվածք։
Անիմաստ է նաեւ Լաչինի շրջանից հեռացած քրդերի հետ «բազարների» մեջ մտնել կոնկրետ գումարների շուրջ։ Այս բոլոր տարբերակները միայն ու միայն ամրացնելու են այն ծուղակը, որի մեջ փորձ է արվում ներքաշել մեր երկրին։

Մինչդեռ միջազգային իրավունքի տեսանկյունից գոյություն ունեն երկու հիմնական եւ անվիճելի իրողություններ, որոնց վրա էլ հարկ է կենտրոնանալ եւ սկսել հարցի բողոքարկման գործընթացը։ Առաջինը Հայաստանի պատասխանատվության ոչ ուղղակի բնույթն է, իսկ երկրորդը՝ ամբաստանողների քուրդ լինելու հանգամանքը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930