Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը նպատակաուղղված եւ գիտակցված գնում է մեկուսացման»

Հունիս 20,2015 15:00

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝
հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումների մասին

 

«Ադրբեջանի այս 25 տարիների քաղաքականությունը շատ հստակ էր՝ ուժեղացնել սուվերենության մակարդակը. շրջանցելով Ռուսաստանը՝ կառուցել նավթամուղներ, գազամուղներ: Այդ ռեսուրսը նրանք ունեին եւ ուզում էին ոչ միայն Ռուսաստանով դրանք տեղափոխել Եվրոպա կամ Աֆրիկա, այլ նաեւ սեփական ճանապարհով: Այստեղ պարզ երեւում էր, որ իրենք ժողովրդավարական երկիր չեն ուզում կառուցել, բայց ուզում են կառուցել մի երկիր, որը ցանկանում է իր սուվերենությունը պահել: Սակայն հիմա նկատում ենք, որ Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունը»,- «Առավոտի» հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի քաղաքականության վեկտորի փոփոխության՝ Ռուսաստանին սիրաշահել սկսելու մասին, ասում է քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա՝ պատճառներից մեկն անմիջական կապ ունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ. պարոն Գրիգորյանը մատնանշում է Ադրբեջանի եւ Թուրքիայի սերտ հարաբերությունները: Մեկ ազգ՝ երկու պետություն բանաձեւով հանդես եկող այդ երկրները միմյանց հետ ունեն ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, Թուրքիան Ադրբեջանին է պաշտպանում միջազգային հանրույթում, Ադրբեջանում Հայոց ցեղասպանությունն էլ ավելի ժխտողական է դառնում, քան հենց Թուրքիայում: «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը փոխեց շատ բան:

Տարելիցի հետ կապված վերջին գործընթացները՝ կարեւոր պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչումը, Հռոմի պապի պատարագը, Եվրամիության կողմից բանաձեւի ընդունումը, Գերմանիայի նախագահի ելույթը եւ այլն, ցույց տվեցին, որ ոչ մի դեսպանի հետկանչն էլ Թուրքիային չի օգնում: Ադրբեջանը հասկացավ, որ Թուրքիան այնքան ուժեղ չէ, որ կարողանա իրեն օգնել Լեռնային Ղարաբաղի հարցում: Ադրբեջանը սկսեց որոնման փորձ անել, օրինակ՝ սիրաշահելով Ռուսաստանին՝ փորձել Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն լուծել: Ալիեւի՝ Ռիգա չգնալն էլ դա է ցույց տալիս: Դա մեսիջ էր ոչ թե Եվրոպային ուղղված, այլ հենց Ռուսաստանին»,- ասում է պարոն Գրիգորյանը:
Նկատելի է, որ վերջին շրջանում Ալիեւի վարչակարգն առավել շատ սպառնալիքներ եւ մարտահրավերներ է նետում Արեւմուտքին՝ մեղադրելով նրան Ադրբեջանի ներքին քաղաքականությանը խառնվելու մեջ: Ալիեւի եւ իր ընտանիքի մասին կոռուպցիոն բացահայտումները բնավ զսպող դեր չեն ունենում, այլ պատճառ են դառնում նրա կողմից հրահանգվող հերթական ձերբակալությունների եւ ճնշումների: Այս մասին քաղաքագետն ասում է. «Ադրբեջանը նպատակաուղղված եւ գիտակցված գնում է մեկուսացման»:

Պարոն Գրիգորյանը կարծում է, որ այսպես էլ Ադրբեջանը գնում է դեպի Ռոսաստան: «Երբ այսօր կոշտ ավտորիտար պետություն ես ձեւավորում, ակնհայտ է, որ քո դիրքերը Եվրոպայում թուլանում են, ակնհայտ է, որ քո քաղբանտարկյալների պարագայում Եվրոպան քեզ կքննադատի: Ադրբեջանն իր հերթին կոշտ պատասխաններ է տալիս միջազգային կառույցներին, սակայն արդեն Եվրոպան նրան չի ներում. եթե նախկինում օգնում էին, փողը, նավթը, խավիարը, հիմա արդեն դրանք չեն օգնում: Իրենց քննադատությունը՝ ուղղված ԱՄՆ-ին, Եվրոպային, ավելի է բարդացնում իրենց վիճակը: Սրանից, իհարկե, Ռուսաստանը կօգտվի. իհարկե՝ նա Ադրբեջանին Ղարաբաղ չի տա, բայց այսպես կուժեղացնի իր ազդեցությունն Ադրբեջանում»:

Ադրբեջանում տիրող բռնաճնշումները, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրները, ըստ պարոն Գրիգորյանի, հասարակության շրջանում դժգոհություն կառաջացնեն, չի բացառում, որ գուցե ցույցեր լինեն. «Բայց քանի որ իրենց մոտ կառավարությունը շատ փող ունի, ռեպրեսիվ ապարատը շատ ուժեղ է, Ալիեւը կպահի իր իշխանությունը: Նրանք ինչքան էլ բողոքեն, չբողոքեն՝ մեծ ալիքի չի բերի, բայց Ադրբեջանն ունի այլ վտանգ. երբ որ դու քաղաքական ընդդիմությանը ճնշում ես, քո բոլոր ընդդիմադիրներին ձերբակալում ես, ի վերջո քո դեմ դուրս են գալիս ծայրահեղ ուժեր, դրանք կարող են լինել նաեւ կրոնական կազմակերպություններից ուժեր, որոնք կրթություն են ստացել Մերձավոր Արեւելքում եւ վերադարձել հայրենիք: Իրենց դուր չի գալիս, որ այդ երկիրը, այո՛, կոռումպացված է, բայց միեւնույն ժամանակ աշխարհիկ է,- ասում է պարոն Գրիգորյանը եւ նշում:- Պետք չէ մոռանալ կրոնական կազմակերպություններից ահաբեկիչների մասին, որոնք չեն սիրում հարցեր պարզել, միանգամից կրակում են: Նրանք այսօր վտանգ են ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ տարածաշրջանի համար: Ալիեւի վարչակարգը վատն է, այո, մենք քննադատում ենք, վատ է, որ մարդու իրավունքներն են խախտվում, բայց նրանք աշխարհիկ ղեկավարներ են, մի այլ վտանգ է, որ ուժեղանում են կրոնական հիմք ունեցող խմբերը… Եթե հինգ տարի առաջ նման սցենարները մարգինալ էին թվում, հիմա դրանք արդեն շոփափելի են դառնում»:

Պարոն Գրիգորյանի հետ խոսեցինք նաեւ ՄԻԵԴ-ի՝ «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վճիռների մասին, ըստ որոնց՝ պետք է վերականգնվեն երկու ընտանիքների՝ նախկին ունեցվածքի նկատմամբ եղած իրավունքները, որոնք խախտվել էին 1992-1994թթ. պատերազմի արդյունքում: «Այս խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեքստում չի կարելի դիտարկել: Ես չեմ պատկերացնում դրա լուծումը: ԼՂՀ խնդիրը լուրջ քաղաքական՝ ինքնորոշման խնդիր է աշխարհի համար, իսկ այստեղ կոնկրետ մարդկանց խնդիր է. թող կառավարությունները որոշեն, թե ինչպես են պատրաստվում դրանք լուծել»,- ասում է պարոն Գրիգորյանը:

Լեռնային Ղարաբաղի կարգավորումը քաղաքագետը տեսնում է միայն Ադրբեջանի քաղաքականության փոփոխության պարագայում: «Մինչեւ մթնոլորտը չփոխվի, մինչեւ Ադրբեջանը իր միակողմանի դիրքորոշումը չփոխի, իրավիճակը չի փոխվի, որովհետեւ ինքը հստակ քաղաքական քարոզչություն է անում»,- ասում է պարոն Գրիգորյանը եւ նշում, որ առկա վիճակը ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին ձեռնտու չէ. «Ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն հարցը լուծել, բայց դրա գինը շատ թանկ է: Ֆորմալ տեսանկյունից մենք ենք վերահսկում Ղարաբաղը, այստեղի հայերն ինքնորոշվեցին, բայց դե յուրե չի ֆիքսվում, հարցը չի լուծվում: Բացի այդ, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ռեսուրս են ծախսում բանակ պահելով եւ անտեսելով երկրի սոցիալական վիճակը, այդպես իրար մաշեցնում են, դա էլ վերջում կբերի նրան, որ երկու պետություններն են կհայտնվեն Ռուսաստանի ազդեցության գոտում, ինչը մենք Հայաստանի դեպքում արդեն տեսնում էինք, հիմա էլ արդեն Ադրբեջանի մոտ է նկատելի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Թե մենք թե ադրբեջանը անկախ գոյատեւման ու պետականության որեւէ լուրջ փորձ չունենք, դրա համար էլ դիլետանտորեն կողմնորոշվում ենք մեծի մասամբ սուբյեկտիվ զգայական գործոններով: Հզոր ու փորձառու մրցակիցների համար մինչդեռ մենք անդաստիարակ ու քմահաճ տհասներ ենք, որոնցից հարկավոր է կորզել ինչ հնարավոր է, իրենց էլ ենթարկել ու ծառայեցնել:
    Քիչ թե շատ խելոք (այսինքն պրագմատիկ ու փորձառու) ազգերը սակայն մեր պարագայում հավանաբար կարող էին դատել, ասենք, հետեւյալ կերպ՝ – Այո, կռվել ու կոտորել ենք միմյանց հայտնի առիթներով ու արդյունքներով: Հիմա ինչ անենք՝շարունակենք նույն ոգով ու նպատակներով, միանգամայն պարզ կանխատեսելի արդյունքներով? Թե մի կողմ դնենք մեղադրանքներն ու երկարատեւ հայհոյանքները, նստենք ու մարդու լեզվով խոսենք վերջապես, որպիսզի կարողանանք պայմանավորվել (ամենակարեւորը՝ առանց “անշահ ու բարի” միջնորդ բաբաների!) թե հետագայում ոնց ապրենք կողք կողքի, փոխանակ բորենիներին կեր դառնալու? Այստեղ է որ տհասներն ու խելամիտները պիտի տարբերվեն իրարից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930