Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե էներգետիկ խորհրդատուն էլ գա, Նազարյանը հանրության վստահությունը չի ստանա

Օգոստոս 08,2015 13:55

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավեր-առաջարկը տնտեսագետ Արտակ Մանուկյանն անիմաստ է համարում: Օրերս հանձնաժողովը որոշում է կայացրել  էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայություն մատուցող 5 միջազգային ընկերությունների հրավեր ուղարկել, այս ընկերություններից որեւէ մեկը եթե ընդունի հրավերը, ապա, ինչպես որ հանձնաժողովն է վստահեցնում, պիտի որ պարզվի՝ որքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, եւ սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում Հայաստանի էներգետիկ համակարգին:

Արտակ Մանուկյանն անիմաստ է համարում այս խորհրդատվությունը ծախսային առումով: Ըստ տնտեսագետի՝ ի՞նչ կարիք կա մի առանձին աուդիտ հրավիրել, որը խոստացել էր նախագահ Սերժ Սարգսյանը, եւ մի հատ էլ խորհրդատվական ընկերություն հրավիրել: Այս երկու ծառայություններն, ըստ տնտեսագետի, շքեղություն են առանց այն էլ օր օրի նվազող մեր պետական բյուջեի համար:

Մանուկյանը գտնում է, որ թե ծախսային եւ թե ժամանակային առումով ավելի շահեկան կլիներ, եթե իրոք իշխանությունը նպատակ ունի թափանցիկ ուսումնասիրություն կազմակերպել էներգետիկ ոլորտում, այդ թվում նաեւ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերում, ոչ թե զուտ դասական աուդիտ արվի, որը ֆինանսական հաշվետվություն է պարզապես, նաեւ տեխնիկական առաջադրանքն էլ գումարվի:

Բացի այս, այդ ուսումնասիրությունները, ըստ Մանուկյանի, պիտի պարզի ոչ թե այն, թե արդյոք հոսանքի 6.93 դրամի թանկացո՞ւմն է արդարացված, այլ ամբողջ 48 դրամը. «Ծախսային տեսանկյունց ավելի ձեռնտու կլիներ, եթե, իրոք, նպատակը ոչ թե ֆինանսական աուդիտն էր, այլ այն աուդիտը, որի մասին հանրությունն է խոսում, այսինքն՝ բացահայտել խարդախություններն ու չարաշահումները, որը կպատասխաներ այն հարցին՝ արդյոք 48 դրամ սակագնում կա՞ կոռուպցիա կամ չարաշահումներ: Ոչինչ չի խանգարի, որ այս 2 ուսումնասիրությունը միասին անեն, որը կլիներ ռացիոնալ տարբերակ: Ինձ համար, որպես տնտեսագետի, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք մենք արհեստականորեն բաժանում այս 2 գործառույթները եւ փորձում 2 տարբեր  մրցութային  ընթացակարգեր կազմակերպել, որը ծախսային տեսանկյունից խիստ քննադատելի է: Ընդհանրապես, միջազգային պրակտիկաում արգելվում է նման կարգի արհեստական բաժանումը»:

Մանուկյանի խոսքերով՝ այս 2 ծառայությունները պատվիրելու մեկ հասկանալի մոտեցում կարող է լինել՝ կա պոտենցիալ ներդրող, որը գալիս է եւ փորձում հասկանալ՝ ի՞նչ է ինքը ձեռք բերում, եւ միայն ձեռք բերման արդյունքում է աուդիտ ասածը սահմանափակվում ֆինանսական աուդիտով. «ՀԷՑ-ն ամեն տարի էլ պատվիրել է այդ տեսակի աուդիտ, եւ կարծես թե հայտարարությունների տեսքով՝ ամեն ինչ սահուն, օբյեկտիվ ու նորմալ է եղել, որեւէ խնդիր չի եղել: Կարծում եմ՝ այդ խորհրդատվական ծառայությունն էլ ուզում են անել, որ ինչ-որ բան ցույց տան նոր ներդրողին: Այլ բացատրություն չեմ գտնում»:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը այս միջազգային խորհրդատուին հրավիրելը պայմանավորել է նաեւ նրանով, որ այն նպատակ ունի բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էներգետիկ համակարգում այս տարի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները: Այսինքն՝ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պետբյուջեի ու մեր՝ հարկատուների հաշվին փորձում է իր նկատմամբ հանրության վստահություն ձեռք բերել՝ այդ խորհրդատուին հրավիրելով: Այս առնչությամբ Մանուկյանն ասաց, որ եթե հասարակության մասնակցութունը չկա այդ տեխնիկական առաջադրանքին, ի՞նչ աշխատանք էլ որ այդ աուդիտորն անի, կամ այդ խորհրդատվական ընկերությունն անի, ոչ մի ձեւով հասարակության վստահությունը չի բարձրացնի. «Առավել եւս, եթե այդ 2 ծառայությունները չեն բացահայտելու՝ այս տարիների ընթացքում ոլորտում կոռուպցիա, չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ:  Մնացած ամեն ինչը խաբկանք է: Կարեւոր է նաեւ իրավական դաշտն ուսումնասիրել, սա պոտենցիալ ներդրողի համար կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինքը ինչպիսի բիզնես-միջավայր է ձեռք բերում, հետո նոր սրան կարող է հետեւել դասական աուդիտը»: Մանուկյանը վստահ է, որ եթե անգամ այդ խորհրդատուն գա, ապա Նազարյանի սրտով եզրակացություն է տալու, ու միեւնույն է՝ Նազարյանը հանրության վստահությունը չի ստանալու:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31