Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ասոյան. «Երեխային կապտած էին բերել հիվանդանոց»

Օգոստոս 10,2015 18:45

Մահացած փոքրիկի հարազատները պնդում են՝ բժիշկներն անփույթ են եղել, Ասոյանն էլ ասում է՝ պայքարել են երեխայի կյանքի համար

«Նորքի Ինֆեկցիոն» հիվանդանոցում 6 ամսական երեխա է մահացել. Հարազատները հատուկ քննչական կոմիտեին հաղորդում են տվել, ըստ որի նրանք պնդում են, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետեւանքով:

«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցի ղեկավար, հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ ներկա է եղել, երբ երեխային շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց, փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում է եղել. «Մի քանի հիվանդ էին բերել, նրանց մեջ էր նաեւ այդ երեխան, տեսա՝ կապտած էր, բուժքրոջն հրահանգեցի՝ անմիջապես տեղափոխեն ռեանիամացիա: Տարանք ու միացրեցինք արհեստական շնչառական ապարատին: 12 օր մենք երեխայի կյանքի համար կռիվ ենք տվել: Հենց ապարատն անջատում էինք ՝ անմիջապես թթվածինը արյան մեջ կտրուկ ընկնում էր ու նորից միացնում էինք:

Մի անգամ անջատեցինք ու երեխային արագ, վազելով  տարանք ռենտգեն, ու տեսանք, որ ծանր թոքաբորբ է տանում, ռենտգենը ցույց տվեց, որ սրտի սահմանների մեծացում կար: Սա խոսում է այն մասին, որ երեխայի մոտ ինֆեկցիոն տոկսիկ շոկ էր, նա մեկ օրվա հիվանդ չէր, մի օրում սրտի սահմաններն այդքան չէին մեծանա: Ձախ  փորոքն  այնքան էր մեծացել, որ աջը չէր երեւում: Մենք հրավիրել ենք մասնագետներ Բաբլոյանի հիվանդանոցից, նաեւ գլխավոր մանկական նեւրապաթոլոգին ենք հրավիրել, իրենք էլ  հաստատեցին այն, ինչ մենք ասում էինք: Տվել ենք ամենաթանկ անտիբիոտիկները, 3 անգամ արյան թարմ պլազմա ենք արել, բայց ցավոք, ուրբաթ օրը երեխան մահացավ»:

Մեր դիտարկմանը, որ հարազատներն ասում են՝ երեխան մահացել է բժիշկների  անփութության հետեւանքով, Ասոյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, նշելով, որ հասկանում է երեխա կորցրած հարազատների վիշտը:

Ասոյանի ներկայացմամբ՝ փոքրիկի հարազատները նրան սկզբում տարել են Աբովյան քաղաքի հիվանդանոց. «Այնտեղ ինչ-որ բան են կաթիլայինով ներարկել, մենք չգիտենք՝ ինչ, թուղթ չեն տվել: Հետո ասել են՝ տարեք Նորքի ինֆեկցիոն: Շատ ծանր էր վիճակը, երբ բերեցին, երեխան տարել է թոքաբորբ, վարակ,  եղել է սրտամկանի բորբոքում, ածանցյալ է, երկրորդային: Մենք թքից հայտնաբերել ենք թարախածին միկրոբ»:

Գլխավոր ինֆեկցիոնիստը վստահեցրեց, որ Երեխայի դին հերձվել է դատաբժշկական բյուրոյում, որտեղից Ասոյանին վստահեցրել են՝ չկա տարաձայնություն հիվանդանոցի ախտորոշման հետ:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, մաս 2-րդ՝ «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31