Ասում է Թբիլիսիի հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը
Գյումրու դրամատիկական թատրոնը հոբելյանական ՝ 150-րդ, թատերաշրջանը կսկսի «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ, որի բեմադրիչը Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է: Ներկայացման գլխավոր հերոսին կմարմնավորի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը:
Սերգո Սաֆարյանն ավարտել է Թբիլիսիի հայկական թատրոնին կից թատերական ստուդիան: Մոտ 10 տարի է, ինչ աշխատում է թատրոնում է և հասցրել է 10-15 ներկայացումներում խաղալ նշանակալի դերեր: «Գամարջոբա մամա» ներկայացման գլխավոր հերոսի մարմնավորման առաջարկը Սաֆարյանը ստացել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի և թատրոնի պրոդյուսեր ՝ Տիգրան Վիրաբյանի կողմից:
Aravot.am –ը զրուցեց դերասանի հետ , ով պատմեց մեզ իր առաջիկա ծրագրերի մասին. «Այդ պիեսը ինձ ծանոթ էր, և նման կերպար ես երբևէ չեմ խաղացել, ցանկացա փորձել ինձ այդ կերպարում: Կարծում եմ, որ հանդիսատեսին պիտի դուր գա»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ ներկայացումը մի հետաքրքիր կատակերգություն է, «որը դերասաններին հնարավորություն է ընձեռում յուրովի ներկայանալ»:
Կարդացեք նաև


Հայաստանյան թատրոններից երիտասարդ դերասանին բախտ է վիճակվել համագործակցել միայն Գյումրու դրամատիկական թատրոնի հետ. « Իմ տեսակետից շատ պրոֆեսիոնալ և բարձր ստեղծագործական պոտենցիալ ունեցող թատրոն է, ինչի համար ուզում եմ ամբողջ աշխատակազմին շնորհակալություն հայտնել,- ասում է մեր զրուցակիցը, ապա հավելում. Միշտ երազել եմ «Համլետ» խաղալ կամ «Օթելլո», հուսով եմ, որ մոտ ապագայում այդպիսի առաջարկ կստանամ, որն էլ սիրով կընդունեմ»:
Սեպտեմբերի 25 –ին սպասվող «Գամարջոբա մամա» ներկայացման փակագծերը չբացելով՝ դերասանը միայն ասաց, որ հանդիսատեսին կներկայանա նոր կերպարով :
Ստելլա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































