Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից ու կրկին ու մեկ անգամ եւս թատրոնի մասին

Ապրիլ 13,2024 12:30

Կամ՝ թատրոն ունես` երկիր ես, թատրոն չունես` երկիր չես

Ժամանակ առ ժամանակ թատրոնի թեման հանրության քննարկումներում հանկարծ առաջին պլան է դուրս գալիս` իր ամբողջ  պերճանքով եւ…: Միանգամից հնչում են թատրոնի,  թատերական գործի եւ թատրոնական գործունեության բոլոր տեսակի կարծիքները` գերագնահատության եւ թերագնահատության, քիչ հիացմունքի եւ շատ քննադատության, ստեղծագործական եւ կազմակերպական խառնափնթորության, տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի առաջնության կամ առաջնորդության, հինը գնահատելու եւ նորը փնովելու ավանդաբար փոխանցվող անխախտ սովորության, թատրոնի ընտանեկան շահագործման կամ ժառանգորեն միշտ առկա փոխանցման եւ հնչում են բազմաթիվ ու անսահման իրարամերժ թունդ կարծիքներ` հաստատելով շեքսպիրյան այն միտքը, թե թատրոնը ժամանակի խտացումն ու համառոտ տարեգրությունն է (Շեքսպիր «Համլետ»): Այս տարակարծիք թոհուբոհի կամ բազմակարծիք խառնաշփոթի մեջ, գրեթե միշտ, հատկապես հետխորհրդային երկրներում, վիճահարույց սուր վիճաբանությունների առաջին պլան է դուրս գալիս  թատրոնի պետակա՞ն, թե՞ մասնավոր լինելու հանգամանքը:  Շուկայական տնտեսությանը բնորոշ սեփականության գերիշխող իրավունքի ջատագովները պնդում են, որ թատրոնը պիտի մասնավոր եւ ինքնաբավ լինի, կամ, ինչպես նոր ժամանակներում են ասում, լինի «ինքնածախսածածկող», այսինքն  այնպես, ինչպես հիմնականում  եղել  են  թատրոնական կառույցները պատմության ընթացքում, իսկ պետական գերիշխող իրավունքի ջատագովները պնդում են, որ թատրոնն իր բազմաբնույթ ժանրերով ու թատրոնական շենքերը` իրենց տարաչափ կառույցներով պետք է միշտ գտնվեն պետական հոգածության եւ ֆինանսական հովանավորության ներքո, քանի որ գրեթե անհնար է սեփական միջոցներով պահել մշտապես զարգացման պահանջ ունեցող թատերական կառույցները, ինչպես պատմության ընթացքում եղել են «պալատական» կամ արքայական թատրոնները:

Հիմա գանք մեր օրերը: Ինչ խոսք, պետությունը եւ վերջին հարյուր տարիների  բոլոր ժամանակների  պետական մարդիկ շատ լավ հասկանում են, որ եթե իրենց ձեռքը քաշեն թատրոնների վրայից, ապա թատրոնը, հատկապես Հայաստանում, շատ արագ կդադարի գոյություն ունենալուց, եւ երբ ստեղծագործական հակասության պահ է առաջանում թատրոնի եւ պետության միջեւ, ապա անմիջապես պետական կողմը սպառնում է ստեղծագործական կողմին, որ թատրոնին անտեր կթողնի եւ խորհուրդ է տալիս, որ եթե ուզում են ազատ լինել, ապա թատրոնը թող դառնա մասնավոր կառույց եւ ինչպես ուզում է, թող ինքն իրեն պահի: Այս ամենը բարձրաձայնվում է այն դեպքում, երբ երկուստեք հրաշալի հասկանում են, որ մեզանում ոչ մի թատրոն չի կարող ինքնաբավ լինել եւ այդկերպ պետությունը թատրոնը կուղղորդի կործանման, իսկ թատրոնները շատ արագ կբռնեն կործանման կամ ինքնակործանման ճանապարհը` կուսական անմեղության մեջ թողնելով պետական պաշտոնյաներին, որոնք իրենց հերթին  հանցագործ կերպով շատ լավ հասկանալով` թատրոնին ուղարկում են գրողի ծոցը: Թատրոնի մասնավոր եւ պետական լինելու հարցերը շատ բարդ են եւ շատ ավելի բարդ ճանապարհ են անցել՝ դրանք մեկ հոդվածի մեջ տեղավորելու համար, սակայն մի քանի գլխավոր կետերի կարող ենք անդրադառնալ` տարաբնույթ եզրակացությունները թողնելով  սույն հոդվածը ընթերցողին: Բանն այն է, որ ծիսական բնույթի արարողություններից անցնելով հրապարակային քաղաքական բնույթի հավաքներին, շուկայական տոնախմբություններում գործող եւ թափառական թատերախմբերից անցնելով պալատական խմբերի, ապա հասնելով ինքնուրույն թատերական  տարաչափ շենքեր ունենալու աստիճանին, թատերարվեստը  ժամանակի ընթացքում անցել է բարդագույն ճանապարհ, որը ուղիղ համեմատական է տվյալ հասարակության ամենասուր հետաքրքրություններին եւ շուկայական ու ոչ շուկայական հարաբերությունների ամենատեսանելի, նրբագույն եւ բազմաբնույթ ցուցիչն է: Ըստ տարբեր իրավիճակների, թատրոնները եղել են, կան եւ լինելու են իրարից խիստ տարբեր եւ երբեւէ հնարավոր չի լինի ունենալ թատրոնի մեկ տեսակ,  ամեն ինչ իր մեջ ներառող թատրոն կամ թատերական կառույց: Մեր ժամանակներում այն ուղիղ կապված է շուկայի հետ, իսկ ներկայիս Հայաստանի դեպքում, փակ շուկայի եւ լեզվական սահմանափակ տարածքի պայմաններում հնարավոր է միայն պետական թատրոնների գոյություն: Որքան էլ առանձին փորձեր կան եւ միշտ լինելու են` մասնավոր թատրոններ պահելու, մեր պայմաններում նրանք դատապարտված են շատ կարճ կյանք ունենալու, սա այն դեպքում, երբ մի ուրիշ երկրում, որտեղ շատ մեծ ու ազատ շուկա է, որեւէ մասնավոր թատրոն կարող է  ինքն իր համար լրիվ ինքնուրույն կյանք ապահովել` ապավինելով մեծ շուկայի առկայությանը: Հենց այժմ էլ արեւմտյան աշխարհի բազում թատրոններ իրենց բնույթով մասնավոր են եւ պետական հոգածության կարիք բոլորովին չունեն, բայց դա չի կարելի ասել հայկական, առավել եւս հայաստանյան  թատրոնների մասին, որտեղ խիստ սահմանափակ շուկա է  եւ սահմանափակ լեզվական շուկա է, եւ առանց պետական հովանավորության՝ գործնականում թատերական որեւէ ժանր չի կարող գոյատեւել: Առանձին ներկայացումներ միշտ էլ կլինեն, իհարկե, բայց մշտական գործող թատրոնի կառույց` իր շենքով եւ որեւէ ժանրով չի կարող փոքրիշատե տեսանելի ժամանակ գոյատեւել: Պետք չի նայել, թե աշխարհում ինչ կա, պետք է նայել, թե մենք ինչ հնարավորություն ունենք: Ի վերջո գրեթե բոլորի համար է հասկանալի, որ իմաստ չունի տանձի ծառից խնձորի պտուղ ուզել:  Մյուս, թյուր կարծիքն  այն է, որ եթե թատրոնը չի կարողանում իրեն պահել, թող փակվի. այս միտքը հավասարազոր է այն մտքին, որ պարտադիր չի, որ մարդը բարձրագույն կրթություն ստանա` ճղճիմ  կամ չարչի կարծիքներին:

Թատրոնը տվյալ հասարակության զարգացվածության աստիճանի ցուցիչն է, անկախ այն հանգամանքից, թե այդ պահին որքան է նա կենսունակ: Թատրոնը տվյալ հանրության բարձրագույն կրթության ցուցիչն է: Ինչ վիճակ էլ լինի, մենք ամեն ինչ անում ենք մեր երեխաներին բարձրագույն կրթություն տալու համար: Ինչ վիճակ էլ լինի, պետությունը պետք է ամեն ինչ անի թատերական կյանքը հնարավոր ամենաբարձր աստիճանի վրա պահելու համար: Ցավալի է փաստելը, բայց Հայաստանում դեռեւս  շատ երկար ժամանակ դա կարող է անել միայն պետությունը:

Ահա եւս մի պարզ միտք: Եթե որեւէ երկիր օպերային շենք չունի` այդ երկիրը չի համարվում զարգացած երկիր: Մնացած բոլոր կարծիքները չորացած ծառի տերեւների արժեք ունեն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930