Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ մասնագիտությունների գծով մասնագետների հերթեր են գոյանում, որոշների դեպքում էլ մասնագետ չի գտնվում»

Օգոստոս 22,2015 17:44

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ ոչ թե պետք է աշխատել աշակերտի, ուսանողի հիշողության վրա, այլ պետք է զարգացնել նրա մեթոդական-որոնողական ունակությունները:

«Աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոխվում, և պարզվում է, որ այն, ինչ անցել ես դպրոցում ու բուհում, գործնականում քեզ պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց սոցիոլոգը՝ նկատելով, որ զարգացած երկրներում «Պատմություն» առարկան, օրինակ, չեն սովորեցնում միայն նրա համար, որ մարդիկ իմանան՝ այս թվին այսինչ բանն է եղել, այն թվին՝ այնինչ բանը: Ադիբեկյանի պնդմամբ՝ նրանք կարողանում են պատմական գիտելիքն օգտագործել գործնականում:

«Ես մեր կրթության և գիտության բոլոր նախարարներին ասել եմ, որ ուշադրություն դարձնեն IQ-ին, սակայն նրանք բոլորը ձևացնում են, թե գործ են անում, իսկ իրականում ոչինչ չեն անում»,- ասում է Ադիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանում անգամ հինգ տարեկան երեխաների համար պետք է անցկացնել IQ թեսթեր և պարզել, թե որ երեխան ինչ ընդունակություններ ունի և որ ուղղությամբ. «Մարդկանց հիմնական մասը մասնագիտություն ընտրում է ոչ թե հաշվի առնելով իր ընդունակությունները, այլ այն, թե որն է այդ ժամանակաշրջանում ավելի եկամտաբեր համարվում։ Արդյունքում շատերը ձախողում են: Դրա համար էլ ուսուցիչը հենց սկզբից պետք է իմանա յուրաքանչյուր աշակերտի կարողությունը և յուրաքանչյուրի հետ աշխատի դրանց զարգացման ուղղությամբ»,- նշեց Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը կորցնում է իր ուղեղների մի մասը, քանի որ չի ստուգում IQ-ն ու չի ուղղորդում, թե ով ինչ ուղղությամբ շարունակի, որ լավ մասնագետներ ունենանք։

Սոցիոլոգը շեշտեց, որ այս պահին ՀՀ կրթական շուկան կարգավորված չէ, չկա կենտրոն, որը կուսումնասիրի պահանջարկ ունեցող և չունեցող մասնագիտությունները: Որոշ մասնագիտությունների գծով մասնագետների հերթեր են գոյանում, իսկ որոշների դեպքում մասնագետ չի գտնվում: «Մեզ պետք են միջազգային մակարդակի իրավաբաններ, մենեջերներ, արտաքին հարաբերությունների մասնագետներ… Արտերկրում սովորածները վերադառնում են այստեղ, տեսնում՝ որքան աշխատավարձ են ստանում մարդիկ, ստիպված նորից հետ են գնում»։

Ա. Ադիբեկյանը գտնում է, որ առաջին հերթին պետք է վերակառուցել դպրոցը, վերանայել բուհական ծրագրերը, ուսումնասիրել աշխատաշուկան: Նրա դիտարկմամբ՝ պետպատվերով տեղեր պետք է հատկացվեն դեֆիցիտ մասնագիտությունների համար, որպեսզի կարողանանք դառնալ ինտելեկտուալ ուժ արտահանող երկիր:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31