Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանակի օգտագործմանը շատերը չեն տիրապետում

Սեպտեմբեր 05,2015 12:30

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ առիթով զրուցեցինք Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:

– Ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում Ձեզ:

– Սեքսապաթոլոգը մարդու սեռական առողջության պաշտպանն է: Մեզ դիմում են բոլոր այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Տղամարդիկ առավել հաճախ դիմում են էրեկցիայի խանգարման կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիայի, վաղաժամ եւ ուշացած սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման կամ բացակայության, անպտղության, սեքսուալ խանգարումների` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նեւրոզի եւ այլ հարցերով, իսկ կանայք՝ աններդաշնակության հարցերով, այսինքն՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն եւ այլն:

sex
– Վերջին մեկ տարում կարծես թե ավելի շատ է խոսվում սեռական առողջության մասին, ավելացե՞լ են դիմողները:

– Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեռական խանգարումները: Մասնագիտական փորձը վկայում է, որ երիտասարդ զույգերը սկսել են մինչ ամուսնանալն ավելի հաճախ մեզ դիմել: Սեռական կյանքի հարցերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է նրան, որ մարդիկ սկսել են ավելի քննադատորեն մոտենալ իրենց սեռական կյանքի այս կամ այն դրսեւորմանը: Անչափ կարեւոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ եւ ներդաշնակ դարձնել իրենց ինտիմ կյանքը: Կանայք, ովքեր, օրինակ՝ չգիտեին` ինչ է սեռական բավարարվածության զգացումը, այժմ, ունենալով համապատասխան գիտելիքներ սեքսուալ ոլորտի վերաբերյալ, սկսել են վերաիմաստավորել եւ կարեւորել անձնական սեռական կյանքը: Թե չէ երկար տարիներ ձեւացնելով, որ իբր սեռական հաճույք է ստանում, կինն, ի վերջո, հոգնում է խաբեությունից եւ որոշում է դիմել սեքսապաթոլոգի օգնությանը:

– Որքանո՞վ է այսօր սեռադաստիարակված հայ դեռահասն ու երիտասարդությունը:

– Պետք է փաստել, որ գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին (օրինակ` պահպանակի օգտագործմանը) մեր երիտասարդները չեն տիրապետում: Բացի բուժական գործունեություն ծավալելուց, մենք, իհարկե, նաեւ բացատրական աշխատանք ենք տանում մեր այցելուների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ եւ համակարգված աշխատանք: Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառն այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում» է նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, նրանք կարդում են կասկածելի եւ անհավաստի տվյալներ պարունակող գրականություն, ինտերնետային կայքեր…

– Իսկ շա՞տ են տարածված սեռավարակները:

– Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարակներով պայմանավորված՝ սեռական խնդիրներ ունեցող հիվանդների թիվը գնալով աճում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Ի դեպ, առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական ֆունկցիայի վրա: Մաղթում եմ, որ բոլոր ընտանիքներում տիրի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ներդաշնակություն ու սեռական կյանքում երբեք ամպամած եղանակ չլինի: Իսկ եթե ինչ-որ խնդիր կա, անպայման դիմեն սեքսապաթոլոգի օգնությանը:

Զրուցեց ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930