Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ». սեքսոպաթոլոգ

Սեպտեմբեր 06,2023 12:30

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն էր: Հայ ընտանիքի սեռական խնդիրների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ։

– Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Որքանո՞վ են հայերը հետեւում իրենց սեռական առողջությանը: Ավելացե՞լ է, արդյոք, սեքսոպաթոլոգին դիմողների թիվը:

– Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում եւ կանխարգելում է սեռական խանգարումները:

Դիմելիությունը սեքսոպաթոլոգին այսօր բավականին պրոգրես է ապրում համեմատած նախորդ տարիներին, որը ողջունելի է: Այսինքն՝ այն պատնեշը, որը կար բժիշկ-հիվանդ հարաբերություններում` շնորհիվ ինտենսիվ եւ ակտիվ գործունեության ծավալման, հանրամատչելի հոդվածների, էլեկտրոնային նամակագրությունների, հասցվել է փոքրագույնի:

Տեղեկատվական նման հարթակները թույլ են տալիս, ինչու չէ՝ նաեւ օգնում են մարդկանց ազատ եւ անկաշկանդ բարձրաձայնել իրենց սեռական առողջությանը վերաբերող հարցերը: Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատացել են եւ լռության մատնվել. լռել են ընտանիքներում, լռել են զույգերի միջանձնային հարաբերություններում` կարծրանալով, հասցրել տրամաբանական հանգուցալուծմանը` ընտանեկան աններդաշնակությունների, ամուսնալուծությունների, սեռական ցանկության նվազման կամ իսպառ բացակայության, պոտենցիայի խանգարման, ցավերով եւ վախով ուղեկցվող սեռական հարաբերությունների, կանանց մոտ ավելի շատ` հեշտանքի խանգարումների եւ, ի վերջո, անպտղության։ Որպես կանոն, սեռականին վերաբերող հարցերը չենք դիտում իբրեւ մեկ անձի խնդիր, դրանք համարվում են զույգային խնդիրներ:

– Հաճախ համացանցում գովազդվում են զանազան սեռախթանիչ դեղամիջոցներ եւ բուսական հավելումներ։ Ձեր կարծիքը։

– Չեմ ողջունում։ Առավել եւս՝ խելամիտ չէ առանց սեքսոպաթոլոգի հետ խորհրդակցելու ինքնագլուխ բուժումներ ստանալ, սեռախթանիչ դեղեր ընդունել եւ այլն։ Ցանկացած դեղամիջոց, այդ թվում՝ բուսական, պետք է նշանակի սեքսոպաթոլոգը՝ հաշվի առնելով պացիենտի սեռական գանգատի բնույթը եւ պատճառը։

Շատ հաճախ զանգահարում են կամ գրում ասելով` խնդրում ենք մի դեղի անուն ասել, որը կօգնի լուծել սեռական խնդիրները: Այս դեպքում պետք է չափազանց զգույշ եւ ուշադիր լինել եւ բացատրել մարդկանց, որ մինչ ինչ-որ դեղ նշանակելը հարկավոր է իմանալ խնդրի առաջացման պատճառները, քանի որ սեռական խնդիրների պատճառները տարաբնույթ են եւ բազմազան։ Այս դեպքում իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն: Ճիշտ եւ գրագետ խորհրդատվության արդյունքները համարվում են խնդրի լուծման կեսը: Մանրամասն խորհրդատվությունից հետո, եթե հարկ է լինում, բժշկի ցուցումով կատարվում են հավելյալ հետազոտություններ։

– Ինչպիսի պատկեր է դիմելու առումով։

– Դիմելիության պատկերը այժմ փոխվել է՝ ավելի շատ են դիմում: Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ մեզ դիմել: Ինչ խոսք, նախաամուսնական խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հետազոտությունը ողջունելի են, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել եւ բուժել:

Մեր կլինիկա դիմող այցելուների պատկերը մոտավորապես հետեւյալն է. 50 տոկոս տղամարդիկ, 25 տոկոս՝ կանայք եւ 25 տոկոս ամուսնական զույգեր:

– Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է դիմում սեքսոպաթոլոգի եւ ի՞նչ խնդիրներով:

– Մեզ այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչները: Դիմում են այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը հիրավի համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետեւյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ եւ ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նեւրոզով եւ այլն, սեռական աններդաշնակության հարցեր եւ այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն եւ այլն:

– Ամուսնալուծությունների թիվը ավելացե՞լ է։

– Ցավոք, այո։ Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ. վիճակագրության համաձայն՝ 2022 թ.-ին 2021 թ. համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3,7 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 10,6 տոկոսով:

Վիճակագրության համաձայն` առավել հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները, քանի որ ամուսնական հարաբերություններում ճգնաժամ եւ տարաձայնություններ են սկսվում ամուսնության երկրորդ-երրորդ տարում։ Որպես կանոն` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասումներն ու իրականությունը չեն համընկնում, ինչպես նաեւ ի հայտ են գալիս կենցաղային խնդիրներ, որոնց շատերը պատրաստ չեն լինում։

Մի տհաճ երեւույթ էլ է նկատվում։ Վերջերս սկսել են շատ դիմել սեռական աններդաշնակության խնդիրներով ամուսնական զույգեր, որոնց կոնֆլիկտների մեխը, որքան էլ որ տարօրինակ թվա, քաղաքական սուր տարաձայնություններն են։ Մեր հանրությունը, ցավոք, արհեստականորեն շատ է քաղաքականացվել, մարդկանց անմտորեն բաժանել են նախկինների եւ ներկաների, լավերի ու վատերի, ինչի արդյունքում ընտանիքներում սկսել է աճել կոնֆլիկտայնությունը՝ հաճախ հանգեցնելով ընտանեկան-սեռական աններդաշնակությունների։ Սա մերժելի երեւույթ է, որը պետք է անպայման կասեցնել։ Կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել եւ մնում է մարդկային արժեքների եւ մշակույթի պահապան, կայունության եւ զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում եւ զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը: Ամուր պահեք ընտանիքը։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930