Լրահոս
Օրվա լրահոսը

Ամալֆիտանա՝ Իտալիայի հրաշքներից մեկը

Սեպտեմբեր 07,2015 14:00

-Չեմ հավատում, սա անհնարին բան է, սա պիտի որ կատակ լինի,- շունչը գրեթե փչելով հեւում էր դեպի ծովափ տանող ճանապարհին մեր դիմաց հայտնված անգլիացին՝ ճամպրուկը ուսին: Նրան ուղեկցող իտալուհին ժպտում էր նույն՝ «դե, հիմա սա է՝ ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք» ժպիտով, որով մեկ շաբաթ առաջ մեզ ուղեկցող Ստելլան էր պատասխանում իմ հարցերին: «Իսկ եթե որեւէ մեկը սրտի տագնապ ունենա՞, կամ ինչ-որ մեկը ծննդաբերի, կամ ինչ-որ մեկը կոտրվածք ստանա, ի՞նչ եք անելու, ինչպե՞ս պիտի շտապօգնությունը տեղ հասնի»,- այս հարցերիս ի պատասխան՝ Ատրանիում մեզ դիմավորած Ստելլան միայն ժպտում էր՝ «մենք այստեղ սովոր ենք այսպես ապրել, սա է մեր կյանքը»:

Ատրանին իր 913 բնակիչներով (2010թ. տվյալներով) եւ 0,12 քառակուսի կիլոմետր մակերեսով Իտալիայի ամենափոքր համայնքն է եւ գտնվում է Իտալիայի ամենագեղեցիկ հատվածներից մեկում՝ զբոսաշրջիկների ու հենց իտալացի հանգստացողների կողմից չափազանց սիրված Ամալֆիտանայում՝ Կամպանիա մարզի Սալերնոյի շրջանում, Տիրինեյան ծովի ափին:

Italia-4

Ատրանին Ամալֆիի ափի կենտրոնը հանդիսացող Ամալֆի քաղաքից ընդամենը 200 մ է հեռու, սակայն ունի իր քաղաքապետարանը, իր գերբը եւ իր յուրահատկությունը՝ աստիճանները, որ փողոցի դեր են կատարում:
Ամալֆիի ափի շատ քաղաքներ ունեն բարձրադիր դասավորություն, նրանք սկսվում են ափից եւ բարձրանում դեպի ժայռեր, բայց Ատրանին կարծես խտացնում է այդ ինքնատիպ կառուցվածքը՝ այս քաղաքում բացի գլխավոր հրապարակից եւ գլխավոր փողոցից, մնացած բոլոր փողոցներն իրենցից ներկայացնում են աստիճաններ՝ տները կառուցված են իրար գլխի, եւ քաղաքի մի կողմից մյուսը գնալու համար միայն աստիճաններ է պետք հաղթահարել, անգամ քարանձավերում կացարաններ կան:

Italia
Այս քաղաք տրանսպորտային ոչ մի միջոց չի մտնում, թերեւս միայն մոտոցիկլետները, որոնք երթեւեկում են միայն գլխավոր փողոցով, ու պստլիկ «Ֆիատներն» ու «Սմարթերը», այն էլ միայն տեղի բնակիչներինը: Այստեղ ապրելու համար դու պետք է որեւէ հենաշարժողական խնդիր չունենաս, այլապես դատապարտված կլինես տանից դուրս չգալու՝ սայլակների հնարավորություն պարզապես չկա:

Italia-5
Երբ մենք տեղավորվեցինք մեր վարձած տանը՝ Ատրանիի բարձրադիր շենքերից մեկում, ամեն օր 200 աստիճան իջնում էինք դեպի ծով եւ նույնքան էլ բարձրանում: Քաղաքի կենտրոն իջնելու համար հաղթահարում էինք 189 աստիճան: Այդ ընթացքում պետք է բարեւել աստիճան-փողոցի վրա հանդիպող անխտիր բոլոր հարեւաններին: Գրեթե բոլորի տան դռները բաց են, մարդիկ ներսուդուրս են անում իրենց «փողոցում»: Մի տեղ մի տատիկ պաստա է պատրաստում, մեկ այլ տեղ մի բալիկ շան հետ է խաղում, տասը աստիճան ներքեւ երիտասարդ կինը լվացք է փռում… Եվ ամեն կողմից տարածվում է լոլիկի եւ սխտորի զգլխիչ բույրը, որից դատելով՝ գրեթե բոլորն այստեղ ամեն օր, օրը մի քանի անգամ ուտում են լոլիկի սոուսով սպագետի:

Աստիճաններից կառուցված փողոցներից մեկով կարող էիր միանգամից մտնել հարեւան Ամալֆի քաղաք:

Italia-3
Ատրանիից ճանապարհ կար նաեւ լեռան գագաթին գտնվող չքնաղ Ռավելո քաղաք, բայց այդ ճանապարհը կտրելու համարձակություն եւ շնչառություն չունեինք, թեեւ քանիցս տեսանք երիտասարդ զբոսաշրջիկների, որ բռնել էին դեպի Ռավելո ճանապարհը: Դասական երաժշտության փառատոներով հայտնի Ռավելոն Ամալֆիից ընդամենը 6 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն այդ ճանապարհը ավտոբուսներն անցնում են 35 րոպեում՝ լավագույն դեպքում: Ճանապարհն իրենից ներկայացնում է սարերի արանքով ձգվող օձագալար ուղի՝ նախատեսված երկու պստլիկ մեքենայի համար, որոնք իրար գրեթե քսվելով միայն կարող են միաժամանակ անցնել:

Ավտոբուսի դեպքում՝ հատկապես ոլորանների վրա, դիմացից եկող մեքենաները պետք է կանգնեին, հետ-հետ գնային, որպեսզի միջքաղաքային ավտոբուսը անցներ: Ամեն ոլորանից առաջ ավտոբուսները ազդանշան էին տալիս, որպեսզի դիմացից եկողները սկսեին կանգնել, չլսողները ստիպված էին լինում ահագին հետ գնալ:

Ի դեպ, տրանսպորտի մասին: Բոլոր ճամփորդական ուղեցույցներում այստեղ մեկնողներին կտրականապես խորհուրդ չեն տալիս գալ ավտոմեքենաներով՝ նշելով, որ ճանապարհը բավականին բարդ է, խցանումները շատ են, եւ հասարակական տրանսպորտի ցանցը զարգացած է այնքան, որ ձեզ հասցնի ձեր ուզած տեղը:
Ամբողջ Ամալֆիի ափն իրար հետ կապող SITA ավտոբուսային ցանցն աշխատում էր բավականին լավ, սակայն՝ ոչ գերմանական ճշտապահությամբ: Ասենք, մի անգամ Պոզիտանոյից վերադառնալու համար սպասեցինք ավելի քան 1,5 ժամ, այն դեպքում, երբ ավտոբուսներն այդ ժամին 50 րոպե պարբերականությամբ պիտի շարժվեին: Սորենտոյից վերադառնալիս ժամը 15-ին նախատեսված մեկնումը չեղարկել էին, եւ 15:30–ի ավտոբուսը խցկված էր աննկարագրելի աստիճան: Մեզ համար այս ամենը առանձնապես տպավորիչ չէր, սակայն պետք էր տեսնել այս անճշտապահության հանդեպ գերմանացի, անգլիացի եւ անգամ սերբ զբոսաշրջիկների զայրույթը: Իսկ Ամալֆիից դեպի մյուս քաղաքներ ավտոբուսները մեկնում էին այնքան գերբեռնված, որ հիշում էի մեր 1990-ականները:

Italia-7
Ընդհանրապես, Իտալիայում որքան հյուսիս, այնքան ավելի ճշտապահ, կարգապահ եւ զարգացած է հասարակությունը, իսկ հարավցիները հայտնի են իրենց անկարգապահությամբ, աղմուկով, «ոչ եվրոպական» վարվելակերպով:
Մարդիկ խոսում են բարձր ձայնով, ձեռքերի ուժեղ ժեստիկուլյացիայով, վարորդները տեղի-անտեղի ազդանշան են տալիս, իրար վրա գոռում են, ավտոբուսը կարող է ճանապարհից մի թեթեւ շեղվել՝ ծանոթին տեղ հասցնելու համար եւ այլն:
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք ընդհանրապես «թքած ունեն»՝ իրենց հյուրընկալած գերմանացիներին, անգլիացիներին, ամերիկացիներին դո՞ւր են գալիս իրենց նեղլիկ ճանապարհները, իրենց աստիճան-փողոցները, իրենց 12-ից մինչեւ 18-ը փակ խանութները եւ հիմնարկները, իրենց անպարտաճանաչ ավտոբուսներն ու նավերը, եւ այլն, եւ այլն… Դա ամենեւին չի նշանակում, որ զբոսաշրջիկների հանդեպ վատ վերաբերմունք կա, ճիշտ հակառակը՝ շատ ջերմ, շատ սիրալիր են, հատկապես, եթե փորձես մեկ-երկու բառ գոնե իրենց լեզվով խոսել: Ինչպես նաեւ չի նշանակում, որ որեւէ օտարերկրացի այս կենցաղային խնդիրների պատճառով հիասթափվում է Ամալֆիից:

Italia-8

Տեսնել եւ լսել է պետք, թե ինչ ձայնարկություններ ու բացականչություններ են տարածվում ողջ ավտոբուսով մեկ, երբ տեսադաշտում հայտնվում են հերթական ոլորանը, ծովի հերթական պատառիկը, սպիտակ առագաստանավերը կամ ժայռի ծերպերին հիմնված կիտրոնի (ի դեպ, Ամալֆիի կիտրոնները մի առանձին պատմություն են՝ չափազանց խոշոր եւ չափազանց քաղցրահամ), նարնջի, թզի եւ խաղողի այգիները: O~ my God, O my Godness` լսվում է այս ու այն կողմից ողջ ճանապարհին, իսկ երբ ավտոբուսը ամենազառիվայր կեռմանի վրա թեքվում է, եւ թվում է, թե դեպի անդունդ գահավիժումն անխուսափելի է, ողջ ավտոբուսը մահվան տեսիլքի սարսափի հետ փրկության բերկրանքի համը բերանում այնպիսի հոգոց է հանում, որ վարորդը քմծիծաղով աչքով է անում դիմային հայելու միջից:
…Երբ Հռոմում տարբեր մարդիկ հետաքրքրվում էին, թե ո՞ւր ենք մեկնելու, եւ լսում էին՝ Ամալֆի, նրանց աչքերը փայլում էին: Այս յուրօրինակ վայրը բնության եւ Աստծո կողմից երես տված իտալացիների համար էլ է լավագույններից մեկը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930