Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ պետությունը Հայոց ցեղասպանության զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենաառարկայական միջոցն է․ Ծովինար Համբարձումյան

Ապրիլ 26,2024 21:24

Դեսպան Ծովինար Համբարձումյանի ելույթը Հռոմի «Հայոց Ցեղասպանության» այգում Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

109 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային ողբերգության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը։ Տերմինը, սակայն, սահմանվել է երեք տասնամյակ անց հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից՝ նկարագրելու այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրությունում, որը կազմակերպել և իրականացրել է մեկուկես միլիոն հայերի համակարգային կոտորածը կայսրության ողջ տարածքում։ Հարյուր հազարավոր հայեր գաղթել են աշխարհի տարբեր ծայրեր, մնացածները հարկադրված են եղել կրոնափոխ լինել։ Հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը կրել է անդառնալի կորուստներ, ոչնչացվել են հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ ու վանքեր, մեր ինքնության կարևոր խորհրդանիշները։

Հավերժ երախտապարտ ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ եղբայրական Իտալիային, որը ապաստան դարձավ ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար և նրանց հնարավորություն տվեց ոչ միայն գոյատևելու, այլև ապրելու, ստեղծագործելու և լիարժեք ինտեգրվելու իտալական հասարակությունում:

Այդ մարդիկ, ովքեր այսօր այստեղ մեզ հետ են, իրենց հերթին արել են հնարավորը իրենց երկրորդ հայրենիքը դարձած Իտալիայի բարգավաճմանն ու բարօրությանը նպաստելու համար։

Չնայած անմարդկային վայրագություններին, մեր ժողովուրդը միասնականության, տքնաջան աշխատանքի և մեր բարեկամների աջակցության շնորհիվ կարողացավ ոտքի կանգնել, պահպանել իր ինքնությունն ու մշակույթը, վերականգնել անկախ պետությունը։
Շնորհակալություն բոլորին, ով այսօր մեզ հետ է։

Սիրելի բարեկամներ,
Պատմական փաստերի, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումն ու խեղաթյուրումը, ճշմարտությանն առերեսվելու ձախողումը, միջազգային հանրության կողմից ոչ հասցեական դատապարտումները պարարտ հող են ստեղծում նոր վայրագությունների և հանցագործությունների համար, որոնց ականատեսն ենք այսօր էլ աշխարհի տարբեր վայրերում` ներառյալ մեր տարածաշրջանում։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր, գրեթե մեկ տարվա պաշարումից և դրան հաջորդած ռազմական ագրեսիայից հետո, ստիպված եղան լքել հազարավոր տարիներ իրենց նախնիներով բնակեցված երկիրը՝ թողնելով ամեն ինչ՝ իրենց տները, նրանց ունեցվածքը, մշակութային ժառանգությունը և իրենց հետ տանելով միայն հիշողությունը:

Սիրելի հայրենակիցներ,
Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է, և դա մեզ համար առիթ է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու մեր անմեղ նահատակների հիշատակին, այլև մտածելու մեր պատմության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պետք է ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը:

Դրա ամենաարդյունավետ արտահայտությունը անկախ պետությունն է՝ կայացած ինստիտուտներով։ Այս գիտակցությունը մեզ ստիպել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մեր ժողովրդի և մեր տարածաշրջանի խաղաղ զարգացման համար, քանի որ սեփական անվտանգության երաշխավորման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետություն և խաղաղություն ստեղծելն է։

Մենք պետք է անընդհատ համայն հայության ջանքերը, մեր ողջ ներուժը ուղղենք հենց այս նպատակին։ Անկախ պետությունը Հայոց ցեղասպանության զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենաառարկայական միջոցն է, և այն պետք է դառնա հայ ժողովրդի ապրելու աննկուն կամքի խորհրդանիշն ու ապացույցը։

Հարգելի ներկաներ,
Ինչպես ասել է Էրիխ Մարիա Ռեմարկը. «Խավարի մեջ լավ մարդիկ ավելի լավ են երևում»: Մենք, ավելի քան որևէ մեկը, գիտենք այս խոսքերի ճշմարտացիությունը։ Եվ, հետևաբար, թույլ տվեք հատուկ շնորհակալություն հայտնել Նախարարների խորհրդի փոխնախագահ, սենատոր Մատեո Սալվինիին, Իտալիայի խորհրդարանի բոլոր հարգարժան անդամներին, սենատորներին, դեսպաններին, հոգևոր դասին, լրագրողներին, ովքեր այսօր մեզ հետ են և միշտ մեր ժողովրդի կողքին:

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930