Լրահոս
Օրվա լրահոսը

Թվերից այն կողմ

Սեպտեմբեր 09,2015 10:40

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստում «Մայրական հիվանդացության ու մահացության նվազեցման նպատակով ԱՀԿ-ի «Մազից կախված` կրիտիկական դեպքերի» աուդիտի ներդրման մասին հարցը քննարկվեց խորհրդի թարմացված կազմով։

Մինչ օրակարգին անցնելը փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մանկաբարձության և գինեկոլոգիայի 19 անդամից կազմված նոր խորհուրդը, ինչպես նաև խորհրդի կանոնադրությունը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ խորհրդում ընդգրկվել են ավելի մեծ թվով առաջատար մասնագետներ, որպեսզի առավել խոր քննարկումներ իրականացվեն։ «Բավական ներկայացուցչական և հեղինակավոր մարմին է ձևավորվել, որի կայացրած որոշումները խիստ մասնագիտական կլինեն և կնպաստեն ծննդօգնության որակի բարելավմանը»,-հավելեց նախարարը։

Այնուհետև ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Անվտանգ մայրության նպատակով մայրական մահացության դեպքերի և բարդությունների ուսումնասիրության ընդհանուր սկզբունքները և ՀՀ ԱՆ կողմից ընտրված «մազից կախված դեպքերի» մեթոդի ներդրման» մասին։

Այս հրամանը հնարավորություն կտա «մազից կախված» կրիտիկական դեպքերի վարումը գնահատել ԱՀԿ երաշխավորությունների և չափորոշիչների հիման վրա։
Նախարարն առաջարկեց հանրապետության ծննդօգնության բոլոր բժշկական կազմակերպություններում նախատեսվող ուսումնասիրություններին զուգընթաց կազմակերպել դասընթացներ` բուժաշխատողներին ծանոթացնելով այդ ուղեցույցներին և բուժօգնության որակի գնահատման չափանիշներին։

«Այսպիսով մենք կունենանք չափելի որակ, որի ապահովման նկատմամբ չափազանց խիստ հսկողություն կիրականացվի»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով կրիտիկական դեպքերի մասին բուժհիմնարկների կողմից նախարարությանը և ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին ժամանակին տեղեկացնելը։

Մազից կախված դեպքերի այս նոր մեթոդի ներդրումը բուժհաստատություններին հնարավորություն կտա բացահայտել կրիտիկական դեպքերի առաջացման պատճառները, վարման հետ կապված խոչընդոտները, բացթողումները և այլն։ Նման դեպքերի վերլուծությունն իրականացվում է դասեր քաղելու և առաջիկայում դրանք հնարավորինս կանխարգելու կամ առավել արդյունավետ, ապացույցների վրա հիմնված միջոցառումներ կիրառելու նպատակով։

«Մայրական մահացության ցուցանիշը ոչ միայն առողջապահական, այլև ցանկացած երկրի զարգացվածության կարևորագույն ցուցանիշ է»,-ասաց Արմեն Մուրադյանը` տալով հանձնարարականներ դեպքերի մասին տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության և համապատասխան միջոցառումների ձեռնարկման ուղղությամբ։ Նա նշեց, որ բոլոր այս միջոցառումները միտված են երկրում մայրական և պերինատալ հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930