Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նշվեց XX դարի նշանավոր ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակը:
Այդ երեկո «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, ի թիվս այլ երկերի, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և հանրահայտ ու սպասված երաժիշտներ, ջութակահարներ՝ գերմանաբնակ Սերգեյ Խաչատրյանն ու ամերիկաբնակ Հայկ Հովսեփյանը, բարձրարվեստ կատարումներով հնչեցրին մեր ժամանակներում հազվադեպ կատարվող Գրիգոր Հախինյանի «Պոեմը»՝ սայաթնովյան թեմայով, «Ախթամար» բալետից Ադաջոն և Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիա» ստեղծագործությունները:
Հանդիսատեսի համար անակնկալ էր Անահիտ Ցիցիկյանի անվան ջութակահարների անսամբլի ելույթը, որը հնչեցրեց Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»:
Կարդացեք նաև
Ցուցադրվեց Անահիտ Ցիցիկյան-ջութակահարին ներկայացնող՝ նրա թոռան՝ ռեժիսոր Միքայել Մելիք-Շահնազարովի «Անավարտ օրագիր» փաստագրական ֆիլմը: Այս համառոտ տեղեկատվությունից հետո վստահ ենք՝ կհետաքրքրեն մեծանուն ջութակահարի բուռն ստեղծագործական ու մանկավարժական գործունեությանը վերաբերող մեկ-երկու փաստ:
Անահիտ Ցիցիկյանը ծնվել է Լենինգրադում, ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից՝ ուսանելով այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք էին Լերմանը, Գրիգորի Գինսբուրգը, հետագայում՝ Լև Ցեյտլինը:
1941 թ. Հայրենական պատերազմի սկսվելու պատճառով Ցիցիկյան ընտանիքը տեղափոխվում է Երևան: Նա ուսանում է նաև Երևանի կոնսերվատորիայում, գերազանց առաջադիմության համար ստանում է Ստալինյան կրթաթոշակ: Ավարտելուց հետո՝ 1954 թ., մեկնում է Մոսկվա, տեղի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում շարունակում է ուսումը մեկ այլ հսկայի՝ Կոնստանտին Մոստրասի ղեկավարությամբ:
Ջութակահարի համերգային գործունեությանը վերաբերող արժանահիշատակ փաստերից է 1950 թվականին նրա հիմնադրած՝ հայաստանյան առաջին կանանց քառյակը: Անահիտ Ցիցիկյանը հանդես է եկել ավելի քան 1000 համերգներով՝ Խորհրդային Միության շուրջ 100 և աշխարհի 27 երկրների առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ, ներառյալ Կոնստանդին Սարաջևը, Կուրտ Զանդերլինգը, Օհան Դուրյանը, Շոստակովիչը: Արվեստագետի նվագացանկում մշտական տեղ են գրավել եվրոպացի, ռուս և հայ դասականների երկերը, ընդ որում՝ ջութակահարը ձգտել է բացահայտել սկսնակ, քիչ հայտնի հեղինակների երկեր, բացահայտել նոր անսամբլներ կամ վերջիններիս համար գրված ստեղծագործություններ, օրինակ՝ ջութակ և երգեհոն, ջութակ և կիթառ: Նա հատկապես շեշտը դրել է երիտասարդ հայ ստեղծագործողների երաժշտության վրա, հաճախ խմբագրել ու ներկայացրել պրեմիերաներ:
Ի դեպ, երաժշտի առաջին ձայնասկավառակը հայկական ջութակի երաժշտության մեջ առաջինն էր, որ ձայնագրվեց Մոսկվայում՝ «Մելոդիա» ստուդիայում: Հանրային ռադիոյի ֆոնդում իրականացրել է 60 ձայնագրություն, որից պահպանվել է 43-ը: Ի միջի այլոց, Ցիցիկյանը 300-ից ավելի հոդվածների հեղինակ է, երաժշտության ու գործիքավորման պատմության հետազոտող և երաժշտական հնագիտության հիմնադիրը Հայաստանում:
1950 թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, որտեղ հիմնադրել է 3 նոր դասընթաց՝ «Աղեղնավոր լարերի պատմություն և տեսություն», «Հայ կատարողականության պատմություն», «Դասավանդման փորձ»:
1960 թ. նա զեկույց է ներկայացնում Դվինում հայտնաբերված X դարի ջութակի ամենահին պատկերի վերաբերյալ, որն աշխարհում աննախադեպ հայտնագործություն է համարվում:
Անվանի երաժիշտն ու պրոֆեսորը 27 տարի է, ինչ ապրում է երկնային կյանքով: Անահիտ Ցիցիկյան անունով գործում են երաժշտական դպրոց, մշակութային հիմնադրամ: Հրատարակվել են նրա ժառանգությամբ 4 CD, կենսագրական-մատենագիտական ժողովածու:
Սամվել Դանիելյան
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Ցիցիկյանի անվան մշակութային հիմնադրամը
























































