Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ

Սեպտեմբեր 11,2015 10:16 Share

Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները եւ Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին, ինչպես նաեւ սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսաապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին:

Պաշտոնական վիճակագրական վերջին տվյալների համաձայն, առևտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4%-ով, գործազրկությունը հասել է 20%-ի, բնակչության 32%-ը համարվում է աղքատ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40%-ով, շարունակվում է ՀՆԱ-ի կառուցվածքում կուտակման բաժնի զգալի կրճատումը (ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա կդրսեւորվի առաջիկա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում): Ամբողջ Հայաստանում փակվում են բիզնեսներ, աճում են արտագաղթի տեմպերը:

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության այս վիճակը եւ նրա խոցելիությունը միջազգային տնտեսական միտումների հանդեպ առաջին հերթին հենց իշխող ռեժիմի կառավարման արդյունք են. տասնյակ տարիների ընթացքում միտումնավոր ջախջախվել է միջին խավի մասնավոր նախաձեռնությունը եւ տնտեսական մրցակցությունը եւ Հայաստանում ստեղծվել է բացառապես իշխող վարչախմբի շահերը սպասարկող մենաշնորհային թալանի համակարգ: Ներկա ճգնաժամային իրավիճակը բոլոր պետություններից պահանջում է սեփական տնտեսության, արտադրողների եւ արտահանողների շահերի պաշտպանության նպատակով անհետաձգելի քայլեր, ներառյալ սեփական արժույթի համաչափ արժեզրկումը: Հենց դրան են ուղղված մի քանի պետությունների արձագանքող քայլերը վերջին շաբաթներին /Չինաստան, Ղազախստան, Վրաստան , Ադրբեջան եւ այլն/:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների տնտեսական եւ ֆինանսա-վարկային քաղաքականությունը այս առումով հայտնվել է լիակատար փակուղու մեջ: Մի կողմից, ռուբլու արժեզրկման պայմաններում Հայաստանի արտահանողների եւ արտադրողների, եւ ընդհանրապես տնտեսության զարգացման շահերը պահանջում են դրամի վերահսկելի արժեզրկում և հակաճգնաժամային անհետաձգելի միջոցառումների իրականացում:  Մյուս կողմից ակնհայտ է, որ իրենց հենց կողմից ստեղծված փակ մենաշնորհային համակարգի պայմաններում դրամի արժեզրկմանն ուղված քայլերը կառաջացնեն անվերահսկելի խուճապային գնաճ եւ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, ինչը հղի է սոցիալական պայթյունով:

Դրանից խուսափելու միակ միջոցը տնտեսության ապամենաշնորհացումն ու արդար մրցակցային միջավայրի հաստատումն է, մի բան, ինչն այս ռեժիմը չի անի, քանի որ երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Իրավիճակն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները: Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, նրանք զերծ են մնալու տնտեսության աջակցության որեւէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը, էլ ավելի ծանրացնելով տնտեսվարողների առանց այդ էլ կործանարար վիճակը: Ըստ վարչախմբի ծրագրերի, սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի անկումը այլեւս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին: Փույթ չէ, որ մի քանի ամիս ժամանակ կորցնելու և արտաքին պահուստները էապես նվազեցնելու հետևանքով դրամի արժեզրկումը ձեռք կբերի անվերահսկելի բնույթ, իսկ Հայաստանի բնակչությունն ու ամբողջ տնտեսությունը կկրեն հավելյալ միլիարդավոր կորուստներ:

Եւ այսպես, պարզ է, որ իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ, այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահամանդրափոփոխությունը: Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը, այսպիսով, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի եւ երկրի տնտեսության վրա, առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ եւ արտագաղթի նոր ալիք: Ուստի, հանցավոր այս ծրագրին «Ոչ» ասելը վերածվում է նաեւ «Ոչ»- ի ամբողջ այս ռեժիմին եւ նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930