Արարատում նշվեց Խաչվերաց տոնը
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Արարատ քաղաքի եւ շրջակա բնակավայրերի բնակիչները միասին նշեցին եկեղեցական տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Տոնի խորհուրդը՝ խաչի քարոզչություն իրականացնելու եւ առաքելական եկեղեցու հետեւորդներին համախմբելու գաղափարը Արարատի սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանին էր: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմում է՝ միջոցառման գաղափարը անցած երեքշաբթի է հասունացել. «Անգամ կիրակի պատարագին, կարծես Աստված սուրբ հոգու միջոցով ինձ այդ գաղափարը փոխանցեց. քարոզի ժամանակ միտք եկավ, որ ես պետք է խաչի քարոզչություն իրականացնեմ: Երեքշաբթի օրը ես եկեղեցում խոկում ունեի, եւ արդեն այդ օրը ինձ համար հստակ էր, որ ես պետք է քարոզչություն իրականացնեմ: Չորեքշաբթի օրվանից լծված եմ այս գործին»:
Եւ արդեն երեկ՝ շաբաթ երեկոյան, իր նախատեսածի համաձայն՝ տեր Դավիթը համախմբել էր տեղի բնակիչներին Արարատ քաղաքում նոր կառուցվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում, որտեղից էլ մեկնարկեց խաչով երթ՝ դեպի Արարատի սուրբ Հակոբ եկեղեցի՝ մոտ հինգ կիլոմետր ճանապարհ:
Երթին մասնակցեցին Արարատ քաղաքի քաղաքապետարանը եւ Արարատ գյուղի գյուղապետարանը՝ ղեկավար անձնակազմերով, տեղի զորամասը, հիվանդանոցը, մի շարք դպրոցներ, Արարատ քաղաքի մշակույթի տունը եւ այլն: Խաչի թափորին միացել էր առաքելական եկեղեցու մոտ հազար հետեւորդ:
Կարդացեք նաև
«Ցանկանում էի խաչի քարոզչություն իրականացնել, որպես ժողովրդին իրազեկում: Գիտենք, որ այսօր Արարատ քաղաքը լցված է աղանդավորներով. այստեղ Եհովաների վկաների մի «թագավորություն» կա, մի աղանդավորական կառույց կա այգու մեջ, մեկը՝ քաղաքապետարանի դիմաց, շատ մեծ քարոզչություն են իրականացնում: Գիտեմ, խաբելով ծնողներին՝ երեխաներին տանում են ճամբարներ: Ես լավ գիտեմ, ծնողները զանգել, ինձ տեղեկացրել են, ասել են, թե ինչեր են այնտեղ անում: Ես էլ ասել եմ՝ թույլ մի տվեք, որ ձեր երեխաներին տանեն, եթե զանգում, բողոքում եք: Այդ պատճառով հատկապես աղանդավորների դեմ փորձեցի խաչի քարոզչություն իրականացնել»,- ասում է տեր Դավիթ քահանա Սահակյանը:


Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































