Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ չէ, որ Բաքուն այդչափ զենք է գնում ՌԴ-ից, բայց ի՞նչ է դա տալիս Ադրբեջանին»

Սեպտեմբեր 15,2015 11:00

Ըստ ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի` Հայաստանի դիրքերը ԼՂ հարցում  այսօր ամուր են, Ադրբեջանը չի կարողանում իր զայրույթը հասցնել ՌԴ-ին:

– Պարոն Մինասյան, անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնեց: Նախ` ինչպե՞ս կմեկնաբանեք փաստը, որ Ռուսաստանի նախագահն իր խոսքում չանդրադարձավ սահմանային լարվածությանը, եւ առհասարակ, Ձեր կարծիքով, այսօր հայ-ռուսական հարաբերություններում ո՞ր հարցերն են անպատասխան մնացել:

– Կարծում եմ՝ մի քանի ամիս է, ինչ նոր իրավիճակ է ստեղծվել: Ռուսաստանը ժամանակավորապես հանդարտվել է` գիտակցելով, որ Հայաստանի հարցում ամեն ինչ չէ, որ կարող է անցկացնել պատկերացրած ձեւով, մասնավորապես` Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում: Հայաստանյան մամուլի վերլուծությունների, գնահատականների համեմատությամբ ես հակառակ կարծիքի եմ: Իմ տպավորությամբ՝ Լավրովի այցը Բաքու այնքան էլ արդյունավետ չի եղել Ադրբեջանի համար:

– Ի՞նչ հիմքեր կան նման տպավորություն ունենալու համար:

– Ադրբեջանը չկարողանալով իր զայրույթը հասցնել Ռուսաստանին՝ այդ իսկ պատճառով իր դժգոհությունն արտահայտում էր Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ սադրանքներ իրականացնելով:

– Ի՞նչը չի գոհացնում այսօր պաշտոնական Բաքվին: Ռուսաստանը 4-5 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, ռուս-ադրբեջանական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են…

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը

– Միայն զենքի վաճառքով չարժե գնահատել: Անշուշտ, լավ չէ, որ այդչափ զենք է Ադրբեջանը գնում Ռուսաստանից, բայց ի՞նչ է տալիս այդ զենքն Ադրբեջանին: Ոչինչ, միեւնույն է՝ գիտեն, որ իրենց պատկերացրած ձեւով այդ զենքը չեն կարող գործադրել Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքի նկատմամբ: Ադրբեջանն այլ սպասելիքներ ունի Ռուսաստանից, չի կարողանում ստանալ եւ դժգոհ է դրանից:

Հակառակ իմ հայաստանցի գործընկերների մեկնաբանությունների` Հայաստանի նախագահի այցը Մոսկվա վատ տպավորություն չթողեց ինձ վրա, ճիշտ հակառակը՝ այն հաջողված էր՝ ըստ իս: Եվ, թերեւս, Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր ամուր են, Հայաստանը վստահելի կողմ է: Դրական էր, որ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցվեց այն մասին, որ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ներկայացվելու է սահմաններում տիրող վերջին շրջանի իրավիճակը: Չեմ կարծում, որ այսօր Ադրբեջանը լավ դիրքերում է, եւ վստահ եմ, որ Հայաստանի դիրքերն են ավելի ամուր: Ավելին՝ Ադրբեջանի նկատմամբ հիմա նոր ճնշումներ են գործադրվում, մասնավորապես` Եվրախորհրդարանում ընդդեմ Ադրբեջանի բանաձեւ ընդունվեց: Միացյալ Նահանգներն է բավական դժգոհ Ադրբեջանից` այդ երկրում իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների պատճառով: Ակնհայտ է, որ Ադրբեջանում առաջիկայում կայանալիք ընտրություններից առաջ այդ երկրում բարենպաստ իրավիճակ չէ:

ETM
– Դուք կարեւորեցիք ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի սահմանների լարվածության վերաբերյալ խնդրի բարձրացումը, բայց ընդամենը մի քանի օր առաջ Աստանայում թյուրքախոս պետությունների ղեկավարների 5-րդ գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ներկայությամբ Ադրբեջանի նախագահը խոսում էր Զանգեզուրը վերադարձնելու մասին՝ նշելով, թե «ոչ միայն ԼՂ-ն, այլեւ Զանգեզուրը հին թյուրքական երկրամաս է, եւ 20-րդ դարի սկզբին Զանգեզուրն անջատելով Ադրբեջանից ու այն փոխանցելով Հայաստանին՝ ըստ էության խախտվեց ողջ թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը»: Դուք կարծում եք՝ ՀԱՊԿ-ից իրավիճակին համարժեք արձագանք կարո՞ղ է հնչել, Ալիեւի սադրիչ կեցվածքը սահմաններում կարո՞ղ է դատապարտվել:

– Ալիեւն իր սովորական կերպարի մեջ է, հետեւողականորեն հակահայկական արշավ է տանում, նման հայտարարություններով է հանդես գալիս արդեն տարիներ շարունակ` հիշատակելով Զանգեզուրի եւ Երեւանի մասին: Ալիեւի այդ կեցվածքը, ինչպես արդեն նշեցի, իր մոտ եղած դժգոհության արդյունք է: Նա, թերեւս, արդեն մտավախություն ունի, որ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայկական կողմի շահերը պաշտպանող հայտարարություն ընդունվի, եւ փորձում է իր հայտարարություններով կանխել նման ելքը, որպեսզի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Ադրբեջանի շահերը պաշտպանեն:

– Օրերս BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բնական էր համարել` որպես զենք արտադրող երկիր, հիմնավորելով, որ դա բիզնես է, Արեւմուտք-Ռուսաստան պատժամիջոցների կապակցությամբ նշել էր, որ հարցեր չեն լուծվում, իսկ Եվրամիության հետ Հայաստանը հարաբերությունները կզարգացնի այնքանով, որքանով թույլ կտան Եվրասիական տնտեսական միությունում ստանձնած պարտավորությունները։ Որքանո՞վ եք արդարացված համարում ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով նման հայտարարությունները, դրանք բխո՞ւմ են Հայաստանի եւ ԼՂ-ի շահերից:

– Նախ առաջինը` Նալբանդյանի շուրթերից նման հայտարարություններ լսելը բոլորովին զարմանալի չէ, բոլորն էլ գիտեն, որ նա ռուսամետ գործիչ է: Խորհրդային Հայաստանում արտգործնախարար կար` Ջոն Կիրակոսյանը, եթե հիշում եք, հիմա Էդվարդ Նալբանդյանը նոր Ջոն Կիրակոսյան է: Երկրորդը` իմանալով, որ Ադրբեջանը ջղաձիգ է, հավանաբար, Նալբանդյանը չի ցանկացել ընդդեմ Ռուսաստանի հայտարարություններ անել՝ գիտենալով, որ այս փուլում Ադրբեջանն է գտնվում ճնշումների տակ: Եվ երրորդը` Ռուսաստանի կողմից բիզնեսի մասին նշելով, այնուամենայնիվ՝ արտգործնախարարի կողմից նույնպես արձանագրվեց, որ Հայաստանի համար, իհարկե, մտահոգիչ է զենքի վաճառքը Ադրբեջանին:

Հավելեմ նաեւ, որ 1991-ից սկսած՝ Ռուսաստանը ինչ նախաձեռնությամբ հանդես է եկել, դրանք չեն կայացել, դա փաստ է` ՌԴ-ն իր ստեղծած անվտանգության կազմակերպության պայմանագրերը չի հարգում, ինչպե՞ս է ցանկանում, որ դրանք ուրիշները հարգեն: Եվ այս առումով լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը Դուշամբեում ՀԱՊԿ գագաթնաժողովում բարձրացնի այդ հարցը. ՀԱՊԿ-ը անվտանգության ի՞նչ կազմակերպություն է, ինչպիսի՞ դաշնակիցներ են այդ կառույցում, երբ անդամ պետություններից մեկի սահմանների նկատմամբ ագրեսիա է իրականացվում, բայց ՀԱՊԿ-ից ոչ մի արձագանք չկա: Եթե համեմատենք, օրինակ, ՆԱՏՕ-ի հետ, ապա եթե այս կառույցին անդամակցող որեւէ երկրի սահմանների նկատմամբ ագրեսիա իրականացվի` ՆԱՏՕ-ն կդատապարտի դա: Հետեւաբար այս հարցը ոչ միայն պետք է բարձրացվի ՀԱՊԿ-ում, այլեւ առհասարակ՝ Ռուսաստանի պատասխանատու լինելու հարցը նույնպես պետք է քննարկել, եւ ոչ միայն փակ հանդիպումներում, այլեւ հրապարակային: Բացի այդ, այստեղ այլ մտահոգություն էլ կա՝ արդյոք նման իրավիճակը առիթ չի՞ հանդիսանա, որպեսզի Ռուսաստանը տարածաշրջան զորքեր մտցնելու հայտարարությամբ հանդես գա: Հայաստանի իշխանությունների կողմից ճիշտ քաղաքականություն է վարվում, համաձայն որի` նրանք դեմ են օտար խաղաղապահների տեղակայմանը:

– Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպմանը Հայաստանի վարչապետը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկեց հրաժարվել դոլարիզացիայից եւ միմյանց միջեւ առեւտուրն իրականացնել ազգային արժույթներով: Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահն էլ նաեւ օրենքի նախագիծ էր մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկվում է ԱՊՀ-ում հրաժարվել ԱՄՆ դոլարից: Հայաստանի եվրասիական ապագան ՌԴ-ում տիրող ֆինանսատնտեսական բավական անբարենպաստ իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում:

– Դժբախտաբար, Հայաստանը կարող է բախվել Ռուսաստանում տիրող ֆինանսատնտեսական իրավիճակից առաջացած հետեւանքներին: Հայաստանը կարող էր դիմակայել այս իրավիճակին, եթե փոխվեր Հայաստանի տնտեսական համակարգը, չլիներ օլիգարխիկ համակարգ, արմատախիլ արվեր կոռուպցիան. դա պարզ է բոլորին: Հայաստանում այսօր տիրող իրավիճակն է պետության առաջին թշնամին, գործող համակարգն է աշխատում ընդդեմ պետության: Այդ իսկ պատճառով Հայաստանում քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների ակցիաներին մասնակցությամբ հասարակությունը ցույց է տալիս, որ ձգտում են պաշտպանել պետության շահը, որը բացառում է նման համակարգի գոյությունը: Իշխանության մաս կազմող, խորհրդային մտածելակերպ ունեցող գործիչներն են աշխատում ընդդեմ պետության: Մինչդեռ եթե հանուն պետության աշխատեին, չէր լինի այսօրվա գործող համակարգը, հետեւաբար պետք չէ զարմանալ, որ Հայաստանի տնտեսությունն այսօր այս վիճակում է: Սահմանադրության փոփոխությունն էլ որեւէ հարց չի լուծելու, եթե իրական փոփոխություններ չիրականացվեն համակարգում:

– «Ոչ»-ի ճակատ է ստեղծվել, փորձ է արվում ընդդեմ Սահմանադրության փոփոխության պայքարն առաջնորդելով` իշխանության փոփոխության հարց բարձրացնել, իսկ որոշ գործիչներ չեն թաքցնում այդ գործընթացում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կողմից մասնակցության անհրաժեշտությունը: Ձեր կարծիքով՝ Սարգսյան-Քոչարյան հակադրություն կա՞, նման առճակատումը կարո՞ղ է մոտ ապագայում ավելի ցցուն դառնալ:

– Քոչարյանը, կարծես, ծովի առջեւ է կանգնած, չգիտի՝ ջուրը սա՞ռն է, թե՞ տաք, մտնի՞, թե՞ չմտնի: Կամ սպասում է հասարակության արձագանքին, կամ իշխանության արձագանքին, կամ` որ քաղաքական ուժերն իրեն դիմեն աջակցության համար: Քոչարյանի այդ կեցվածքն անընդունելի է. կամ հայտարարում ես վերադարձի մասին, կամ փակում ես այդ թեման մեկընդմիշտ: Հայտնի է, իհարկե, որ նա լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, բայց Քոչարյանը չի կարող հավերժ խաղալ, պետք է ավելի հստակ կեցվածք ունենա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930