Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական աշխարհի» կանոնները

Սեպտեմբեր 16,2015 10:00

1988 թվականին կային պայծառ ՀՀՇ-ականներ եւ սրիկա կոմունիստներ, 90-ականների առաջին կեսին կային պայծառ դաշնակցականներ ու ԱԺՄ-ականներ եւ սրիկա ՀՀՇ-ականներ, 2000-ականների սկզբին կային պայծառ գեղամյանականներ եւ դեմիրճյանականներ ու սրիկա քոչարյանականներ: Հիմա կան պայծառ ՀԱԿ-ականներ (կամ «ոչ-ի ճակատայիններ») եւ սրիկա սերժականներ: Սրիկաների կողքին մշտապես կային «ծախված մտավորականներ», հաճախ նաեւ՝ «գրպանային կուսակցություններ»: Այս պարագայում պայծառ մարդիկ «ոչ» են ասում Սահմանադրության փոփոխություններին, իսկ սրիկաները՝ «այո»:

Չգիտեմ, գուցե այդպիսին է քաղաքական պայքարի տրամաբանությունը, որ ամեն պահի պետք են հստակեցումներ՝ յուրայիններ-օտարներ, մերոնք-ձերոնք, սեւ-սպիտակ: Ընդ որում, սպիտակը «ժողովուդն է», որի երկրային «էմանացիան» պայծառ կուսակցականներն են, իսկ բոլոր մնացածները չարիքի մարմնավորում են: Այդ «ճակատային» հոգեբանությունը կրողների կողքին, հավանաբար, պետք է լինեն «ոչ քաղաքական» մարդիկ, որոնք կփորձեն չտեղավորվել նման պարզունակ սխեմայի մեջ եւ բացի «բարու եւ չարի» այս անվերջանալի պայքարը տեսնելուց՝ կփնտրեն նաեւ այլ երանգներ:

Անձամբ ինձ թվում է, որ նախ՝ այդպիսի կոնֆլիկտի է ձգտում մեր մանր «էգոն», որին պետք է «ես»-«ոչ ես» հակադրությունը, որտեղ անհրաժեշտ է հաղթել, զգետնել, սեփական «ճիշտը» ապացուցել: Այնուհետեւ, կարծում եմ, չի կարելի մարդկանց «բոխչաների» մեջ կապել եւ արհամարհել նրանց անձնական տարբերությունները: Հիշո՞ւմ եք, «Կին-ձա-ձա» ֆիլմում անհայտ մոլորակի բնակիչներն ունեին մի փոքրիկ վահանակ, որի միջոցով պարզում էին մարդու «գույնը» եւ հետեւաբար՝ նրա տեղը հասարակության մեջ:
Վերջապես մարդկանց ճակատների բաժանելն ու ճակատներով իրար զարկելն ունի նաեւ գործնական բացասական հետեւանքներ: Եթե դուք շպրտում եք մարդու երեսին, որ նա ծախված է, ռեժիմի սպասարկու է, մի խոսքով՝ սրիկաների ճամբարից է, ապա, շատ հնարավոր է, նա վիրավորվի, չուզենա ձեզ հետ երբեւէ գործ ունենալ, եւ երբ անհրաժեշտություն լինի որեւէ համատեղ նախագիծ իրականացնել, չի ցանկանա դա անել: Առճակատման մոդելից համագործակցության մոդելի անցնելն այս պարագայում բավականին դժվար է:

…Վլադիմիր Նաբոկովն իր վեպերից մեկում այսպես է նկարագրում մի մարդու, որը դատողություններ էր անում համաշխարհային քաղաքականության մասին. «Նրա ստեղծած աշխարհը դառնում էր մի տեսակ սահմանափակ, հումորից զուրկ, անդեմ, վերացական կռվարարների մի հավաքածու: Եվ որքան շատ էր նա իրենց փոխադարձ գործողություններում տեսնում խելք, խորամանկություն, հաշվենկատություն, այդքան տվյալ աշխարհը դառնում էր ավելի հիմար, ավելի գռեհիկ եւ ավելի պարզամիտ»:
Դա քաղաքական գործիչների ստեղծած աշխարհն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    «Քաղաքական լրատվության» կանոնները
    Եթե ուզում ես քաղաքական որևէ, ասենք՝ ընդդիմադիր ճամբար ջլատել ու մի լավ պառակտել, ապա անմիջապես ընդունիր նրանց կարգախոսը, օրինակ՝ ասա ՛՛Ո՛չ՛՛, ու պարդադիր էլ չի, որ հիմնավորես, թե ինչու, կարևորը՝ որ հետզհետե նոսրացող ընթերցողների մի հսկայական զանգված զարմացած բացականչի.
    -Յա՜, տես է՞…
    ԵՎ իրոք նրանք շուտով կտեսնեն, թե ինչպես է ասենք՝ ՛՛Ոչ՛՛ ճամբարը ՛՛յուրայինի՛՛ կողմից քլնգվում: Ճիշտ է, ՛՛Այո՛՛ ճամբարի երեսին էլ մի քանի ճանճասպանային հարվածներ բաժին կհասնեն, բայց դե բոլորին է հայտնի, թե նրանց դեմքի դաբաղած կաշին ինչ որակի է, և քանի բալ ուժգնության ապտակների կարող է դիմանալ, բացի այդ՝ չէ՞ որ հենց այդպիսի հարվածների շնորհիվ է հնարավոր լինում հակառակորդի ճամբարում կտեր ցանել:
    Ու՝ տենց…, կյանքն ընթանում է իր բնականոն հունով, երկիրը՝ դատարկվում, իսկ դեռևս մնացածներն էլ աղքատանում են՝ շալակն առնելով օրեցօր ավելի ու ավելի ծանրացող պետական պարտքը:
    Վերջաբանի փոխարեն.
    ՛՛Պտտվիր, պտտվիր կարուսել
    Ես քո երգը վաղուց եմ լսել…՛՛

  2. Հրանտ Պապիկյան says:

    Որպես կանոն՝ ամենաստորը հենց նրանք են լինում, ովքեր իրենց ՛՛պայծառ՛՛ են հռչակում…
    Մեծ քաղաքականությունում էլ է այդպես՝ կա ՄՇՏԱՊԵՍ պայծառ Ամերիկան, որին ի դեպ միշտ հավանում են մեր տեղական ՛՛պայծառիկները՛՛: Կար ստոր Յանուկովիչը, որը համարձակվեց մի քանի ցուցարարի ծեծ տալ, և կային պայծառ մայդանականները: Նրանք եկան իշխանության, և հիմա սեփական քաղաքացիներին հազարներով կոտորել են արդեն, բայց դեռ չգիտես ինչու ՛՛պայծառ՛՛ են համարվում… Կա նաև օրինակ ՛՛ստոր՛՛ Ասադը՛՛, ու կար ՛՛պայծառ՛՛ հակաասադական ՛՛չափավոր ընդիմությունը՛՛, որին զինում էր պայծառ և պայծառասեր Ամերիկան: Ժամանակի ընթացքում նրանք վերածվեցին ՍՏՈՐԱԳՈՒՅՆ իսլամական պետության մարդասպանների, բայց Ամերիկայի պայծառությունը դրանից չխամրեց, քանի որ բոլորը անմիջապես մոռացան, որ հենց նա է ստեղծել այս հերթական մոնստրին: Ասադը հիմա էլ կա և համարյա միայնակ պատերազմում է այդ չարիքի դեմ, բայց մեկ է ՛՛ստորի՛՛ մեկն է… իսկ դուք ասում եք պայծառ ՀԱԿ… ավելի բեթար բաներ ենք տեսնում ու չենք զարմանում …

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930