Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությանը: Բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը:

Կենտրոնն իր հարկի տակ կհյուրընկալի նաև ՀԲԸՄ-ի ամենամյա ամառային ծրագրերի մասնակից ու տարբեր երկրներից ժամանող հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների և դպրոցական խմբերի:
Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին ու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև կենտրոնի առաջին մասնաշենքում տեղակայված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ գրասենյակ, որն աջակցություն է ցուցաբերում գրասենյակ դիմող սիրիահայերին:
Կարդացեք նաև
Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ավարտվել են կենտրոնի 3-րդ մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքները, որտեղ ևս իրականացվելու են ՀԲԸՄ երիտասարդական ու մշակութային ծրագրեր:
Կենտրոնի բացման արարողության շրջանակներում ՀԲԸՄ-ի կողմից Վահե Կարապետյանին շնորհվել է Միության բարերար անդամի կոչում: Բարերարը պարգևատրվել է նաև ՀԲԸՄ ոսկե մեդալով:
ՀՀ նախագահի աշխատակազմ


















































