«Հայ ազգը մանկուց իմ սրտի խորքում է, հայ դասընկերներ եմ ունեցել, որոնց միջոցով ծանոթացել եմ հայկական մշակույթի եւ երգարվեստի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նա ավելի վաղ համերգով հանդես է եկել «Տաղարան» համույթի հետ:
Շտեհնը ծնվել է Ստամբուլում, մեծացել Գերմանիայում՝ այդտեղ էլ ծանոթացել Հայկական հարցի հանդեպ հայրենի երկրի դիրքորոշմանը: Պոլիսում կրթություն ստանալու տարիներին երգչուհին մշտապես բախումների մեջ է եղել թուրքական գաղափարախոսություն քարոզող դասախոսների հետ: Այդ ընթացքում է իմացել, որ Թուրքիայում նախկինում հայեր են ապրել. «Օրինակ` Գերմանիայի դպրոցներում պատմությունը անաչառ են ներկայացնում, ասենք` Հիտլերին դատապարտում են: Նա ասել է՝ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին: Այդ արտահայտությունը խոցում է մարդու սիրտը»,-ասաց երգչուհին:
Ժամանակին Կոստանդնուպոլսում նա շփվել հայ գործիչների հետ եւ շատ բան իմացել Հայաստանի մասին: Հիշելով Հրանտ Դինքին՝ Շտեհնը հուզմունքով ասաց. «Սիրելի եղբորս՝ Հրանտ Դինքին կորցրեցինք… Այդ դեպքից հետո վերադարձա Գերմանիա եւ սկսեցի նրա սիրելի երգը՝ «Սարի աղջիկը» տարբեր բեմերում երգել հայերենով»:
Լեման Շտեհնը համոզված է՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով. «Ինչպես կարելի է խուսափել «ցեղասպանություն» եզրույթից, ես չեմ կարող հրաժարվել դրանից»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ 2 տարի առաջ եւս թուրք երգչուհին այցելել է Հայաստան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներողություն խնդրել հայերից՝ Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության համար: Առաջիկայում ՝ «Կոմիտաս» փառատոնի շրջանակում նա եւս 2 համերգ կունենա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ