Լրահոս
Օրվա լրահոսը

Գիսանե Պալյան. «Ամեն ոլորտում է ճգնաժամային վիճակ, ինչը չի կարող չանդրադառնալ երգարվեստի վրա». «168 ժամ»

Հոկտեմբեր 08,2015 11:58

EMPYRAY ռոք խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչ վիճակում է Հայաստանում ռոք երաժշտությունը, ու ինչ անելիքներ ունի EMPYRAY-ն առաջիկայում:

– Գիսանե, ռոքի համար ի՞նչ շրջան է։ Առաջին հայացքից՝ կարծես ճգնաժամային վիճակ լինի երգարվեստում։ Համերգները պակասել են։ Ինչի՞ հետևանք է դա՝ հիասթափությա՞ն, պահանջարկի բացակայությա՞ն, ունկնդրի պակասի՞։

– Մենք միշտ աշխատել ենք չհիասթափեցնել մեր հանդիսատեսին, չգնալ կոմերցիայի հետևից, արել ենք մեր գործը՝ անկախ նրանից՝ դա կոմերցիո՞ն կլինի, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հիասթափությանը, Հայաստանում ամեն ոլորտում է ճգնաժամային վիճակ, ինչը չի կարող չանդրադառնալ երգարվեստի վրա։ Ընդհանուր հիասթափություն կա, մարդիկ չեն գնում համերգների, իսկ ռոք համերգ շատ բարդ է կազմակերպելը։ Ռոք համերգի դեպքում, երբ ամեն ինչ կատարվում է կենդանի հնչողությամբ, այդ ամենը պահանջում է տեխնիկական լավ սպասարկում, մեծ գումարներ։

Մեր խումբը վաղուց է ունեցել մենահամերգ, հիմա էլ մտածում ենք համերգների մասին, սակայն շատ բարդ է իրականացնելը, այդ պատճառով էլ հանդես ենք գալիս փառատոնների ժամանակ։

Մեզանում ավելի շատ ակումբային երաժշտությունն է սկսել զարգանալ, ինչը, կարծում եմ՝ այդքան էլ լավ չէ։ Չէ՞ որ երաժիշտի ամենամեծ բավարարվածությունը համերգներն են, ու բոլոր արտիստները սիրում են բեմը։ Եթե նախկինում հավաքական համերգներ էին կազմակերպվում նույն փոփ երաժշտության բնագավառում, հիմա արդեն դրանք էլ կարծես չկան։

– Շատ երաժիշտներ են հեռանում՝ կարծես թուլացնելով երաժշտական ոլորտը։ Նույնը կատարվեց ձեր խմբի հետ։ EMPYRAY-ի վոկալիստ Սարգիս Մանուկյանը հեռացավ ԱՄՆ։

– Ես չեմ մեղադրում գնացողներին։ Մարդն իրավունք ունի գնալ այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում, մարդ է զգում, հարգված է ու սիրված։ Այն մարդիկ, ովքեր արտագաղթում են, նրանց 90 տոկոսը պարտադրված է գնում։ Ես վստահ եմ՝ այստեղ եթե ամեն ինչ լավ լիներ, եթե երաժիշտներն այստեղ

կարողանային զբաղվել իրենց գործով ու վաստակել գումար, երբեք չէին հեռանա։ Այստեղ ոչ մի պայման չկա ստեղծված, որ երաժիշտն իր մասնագիտությամբ կարողանա գումար վաստակել, ապրել ու ստեղծագործել։ Բոլոր ոճերի երգիչներն աշխատում են այստեղից գնալ, որովհետև չեն գտնում իրենց աշխատանքի համար բավարար պայմաններ։

– Մշակույթի նախարարության աջակցություն երբևէ եղե՞լ է ռոքին։

– Հիմա կդժվարանամ հիշել։ Հիշում եմ՝ մի քանի ռոք խմբով հանդիպեցինք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ով ռոքի սիրահար է։ Մի կառույց խնդրեցինք տրամադրել ռոք երաժիշտներին փորձերի համար։ Մի փոքր խնդրանք էր։ Վարչապետը խոստացավ, սակայն ոչինչ էլ տեղի չունեցավ։ Իսկ հիմա ոչ մի պաշտոնյա հետաքրքրված չէ ռոքով։ Ոչ մի զարգացում չկա, խեղդված վիճակ է, իսկ իրականում այնքան լավ խմբեր կան, լավ երաժիշտներ:

Կարմեն ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031