Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջազը համամարդկային ձեռքբերում է, արժեք»

Հոկտեմբեր 10,2015 13:00

Ասում է հայաստանյան «ջազային ընտանիքի» երիտասարդ անդամ, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը

Հայաստանում ջազով սկսել են հետաքրքրվել 1920-ական թվականներից, 1930-ականներին արդեն հայտնվել են տարբեր կազմերով ջազ անսամբլներ, որոնցից ամենահայտնին համարվել է Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը: Իսկ պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը 1938թ. հիմնադրված՝ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ջազային նվագախումբն է: 1950-60թթ. մեզանում ջազը լայն տարածում ստացավ: Այդ ժամանակաշրջանում է, որ ճանաչվեցին այսօր հայտնի անուններ ու խմբեր, այդ թվում՝ Լեւոն Մալխասյանի ջազ քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրահամյանը եւ Ալեքսանդր Զախարյանը, 1970-ականներին էլ ասպարեզ եկան նոր տաղանդավոր ջազմեններ՝ Դավիթ Ազարյանը, Արտաշես Քարթալյանը, Բորիս Անդրեասյանը, Միքայել Զաքարյանը եւ այլն: 1970-ականներին Հայաստանի պետական ջազային նվագախումբը ճանաչում ձեռք բերեց Խորհրդային Միությունում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, եւ ԽՍՀՄ առաջին կոլեկտիվն էր, որ մեկնեց ջազի հայրենիք ԱՄՆ, որտեղ տարբեր քաղաքներում հանդես եկավ 25 համերգով: Սա հայկական ջազի հակիրճ նկարագիրն է: Այսօր էլ հայերիս շրջանում ջազային երաժշտությունը մեծ ընդունելություն ունի: Հաճախակի կազմակերպված հայաստանյան եւ միջազգային տարբեր միջոցառումները հավաքում են լեփ-լեցուն դահլիճներ եւ, որ ամենակարեւորն է, մեր հանդիսատեսի աչքի առջեւ կատարվում է «ջազային սերնդափոխություն»:

David_Melqonyan_

Վերջերս առաջին անգամ անցկացվեց «Երեւանֆեստ» ջազային միջազգային փառատոնը, որ հյուրընկալել էր երաժիշտներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Վրաստանից, ինչպես նաեւ ամերիկացի աշխարհահռչակ բաս կիթառահար եւ ջազ վոկալիստ Ռիչարդ Բոնային, Բեյրութից մեր հայրենակից Արթուր Սարգսյանին, ջազ վոկալիստ Հուբերտ Թաբսին… Փառատոնային օրերին «Առավոտի» ուշադրությունը գրավեց սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, որը դեռեւս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտ է (պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարան): Այս երաժշտին քանիցս հանդիպել ենք Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ, Արմեն Հյուսնունցի ջազ նվագախմբերի կազմերում, Արմեն Թութունջյանի կվինտետում, Վահագն Հայրապետյանի «Կատուներում», Կարեն Մամիկոնյանի բենդում, Միքայել Ոսկանյանի FUSION-ում…

David_Melqonyan_3

Դավիթ Մելքոնյանի մասին խոսելիս, մասնագետները, բացի նրա տաղանդից, նշում են ոչ միայն երիտասարդի դասական, կոնսերվատորիական կրթությունը (սաքսոֆոնահարը մասնակցել է 8-9 մրցույթների, այդ թվում՝ միջազգային) եւ 2-3 տարի առաջ Ռուսաստանում՝ Ռոստովում կայացած ջազային երիտասարդ կատարողների 8-րդ միջազգային մրցույթում գլխավոր մրցանակի արժանանալու փաստը, այլեւ ընտանիքը, որտեղ նաեւ բարձրարվեստ երաժշտության ուղղությամբ է դաստիարակվել երիտասարդը: Նրա պապը ճանաչված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանն է, մայրը՝ տավղահարուհի Զառա Հարությունյանը, հայրը՝ կոնտրաբասահար Հրանտ Մելքոնյանը: Մեզ հետ զրույցում երաժիշտն ասում է, որ իր արվեստի հանդեպ ամենախստապահանջ հանդիսատեսը եղել եւ մնում է ընտանիքը եւ հավելում. «Կային ժամանակներ, որ նրանք ինձ ուղղություն էին տալիս, քաջալերում էին, քննադատում, իսկ հիմա վերաբերվում են ինչպես կայացած երաժշտի»:

David_Melqonyan_1

Թե ինչպես սաքսոֆոնահարը «խարիսխ» գցեց ջազային ոլորտում, Դավիթ Մելքոնյանը նախ հիշեց, որ ընտանիքն իրեն «տեսնում» էր իբրեւ դաշնակահար. «Լացուկոծով, ծնողներիս, պապիս հորդորով էի հաճախում դաշնամուրի դասերի… Այս պահին չեմ մտաբերում, բայց մի օր ինձ համար հայտնաբերեցի սաքսոֆոնը… Այսօր շնորհակալ եմ, որ թեկուզ ստիպողաբար են ինձ «ուղեկցել» դաշնամուրի դասերի: Երաժշտարվեստի դասական ոլորտն այսօր էլ ինձ ձգում է, որից բացարձակ չեմ հեռացել: Ի վերջո, ամեն ինչի հիմքը դասականն է, ակադեմիականը: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին եմ կատարել առաջին ջազային «քայլերս» Գուրգեն եւ Մովսես Էբեջյանների, Արմեն Պեշտմալջյանի եւ մյուս ընկերներիս հետ… Այդ ժամանակ է, որ ստեղծագործական ծանոթություն, մտերմություն հաստատեցի ճանաչված ջազմենների՝ Վահագն Հայրապետյանի, Արմեն Թութունջյանի, Սիմոն Դոլմազյանի, Արթուր Գրիգորյանի, Տիգրան Սուչյանի, Կարեն Մամիկոնյանի եւ մյուսների հետ»:

David_Melqonyan_4

Դանիել Մելքոնյանը՝ ձախից, «Շչելկունչիկի» պարգեւատրման ժամանակ:

Դավիթ Մելքոնյանը ներկայացրեց իր «հյուրախաղային» գրաֆիկը, կատակով փաստելով, թե այս տարի միայն մարտ ամսին է, որ չի բացակայել Հայաստանից: Շուրջ 10 տարի լինելով պրոֆեսիոնալ բեմում, համագործակցելով տարբեր խմբերի հետ, երաժիշտը վերջիններիս կազմում հանդես է եկել ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Ռուսաստանում եւ այլուր: Խոսելով ընդհանրապես իր արդեն նախընտրած ու կյանքի ուղեկից ջազային երաժշտության մասին՝ մեր զրուցակիցը հետեւյալ միտքն արտահայտեց. «Ինչպես դասական երաժշտությունն է հատուկ յուրաքանչյուր ազգի, այնպես էլ ջազը: Սա համամարդկային ձեռքբերում կամ արժեք է»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք Դավիթ Մելքոնյանի կրտսեր եղբորը՝ Դանիելին: Շեփորահարը, որը դեռեւս ուսանում է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Գուրգեն Սարգսյանի դասարանում, 2014թ. ՌԴ-ում անցկացված «Շչելկունչիկ» միջազգային մրցույթում արժանացավ «Բրոնզե Շչելկունչիկի»: Դավիթը հայտնեց, որ եղբայրն էլ է հետաքրքրված ջազով, լսում է տրադիցիոն ջազից մինչեւ Տիգրան Համասյան:

Ըստ մեր տեղեկությունների, թե Մելքոնյան-Հարությունյան երաժշտական ընտանիքը համալրվել է մեկ երաժշտով եւս, կոնկրետ՝ Դավիթի կինը երգչուհի է, հաստատեց մեր զրուցակիցը, մանրամասնելով, որ մասնագիտությամբ քաղաքագետ, ջազային երգչուհի Աննա Կոստանյանին՝ կնոջը, ինքը հանդիպել է աշխատանքի բերումով, կոնկրետ՝ ակումբներում ջազային երաժշտության երեկոներին:

ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031