Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազը միշտ «աջակցում է» ինձ. «Ջազային վիրուսն աշխարհով մեկ տարածող» Դանիլ Կրամեր

Հոկտեմբեր 09,2023 12:00

«Առավոտի» զրուցակիցն է հանրահայտ ջազմեն, ՌԴ ժողովրդական արտիստ Դանիլ Կրամերը

Ջազը միշտ աջակցում է ինձ

Խորը հիասթափության, ինչ-որ ձախողման վիճակում, մանավանդ ներկա անհասկանալի աշխարհում, ես այլ բան չեմ կարող լսել, քան լիրիկական ժամանակակից ջազը, ասենք՝ Կեյկո Մացուիի կատարմամբ, ինչը ժամանակակից ջազի եւ դասական երաժշտության մի տեսակ խառնուրդ է։

Այնպես չէ, որ այս երաժշտությունն ապտակում է ինձ ու կարծես ասում՝ թափ տուր քեզ, ամեն ինչ լավ է։ Այս երաժշտությունը պարզապես աջակցում է։ Նույնիսկ կասեի՝ կլանում է շատ բացասական հույսեր ու ապրումներ։


Ջազն ուժեղացնում է կյանքի հաճելի զգացողությունները

Այո, ուժեղացնում է՝ հատկապես սիրահարվածության կամ իգական սեռի հանդեպ սիրո զգացման վիճակում։ Այդժամ դուք ցանկանում եք նորից ու նորից լսել, ասենք՝ կոմպոզիտոր Անրի Մանչինիի երաժշտությունը, որը կարելի է անվանել դյուրամարս (ի դեպ, Մանչինին է գրել հանրահայտ «Վարդագույն պանտերա» մուլտֆիլմի սաունդթրեքը- Ս. Դ.)։ Երբ տրամադրությունս բարձր է, գերազանց, ապա իրավիճակի լավագույն լրացումը Էսիդ-ջազ ռեժիսուրան է։ Հավանաբար գիտեք, որ դա ժամանակակից երաժշտություն է, բայց ջազային ռիթմով։ Ավելի շուտ դա ջազի, էսիդ-ջազի, էլեկտրոնային երաժշտության եւ ռեգգիի համադրություն է։ Բայց մի բան հաստատ է. սա բոլորովին անսովոր երաժշտություն է, շատ գույների երաժշտություն, ուրախ փառատոների երաժշտություն։

Ջազ լսելիս իսկապես կարող ես հանգստանալ

Հոգնածության պահին օգնության է հասնում, ինչպես ասում են՝ Smooth Jazz-ը։ Հանգստությունը գալիս է ակնթարթորեն, հենց այս մեղեդային ու սահուն երաժշտության առաջին վայրկյաններից։

Լավ երաժիշտները ջազ են նվագում եւ վարպետորեն են նվագում

Կարծում եմ՝ ընդհանրապես պետք չէ որեւէ բան ապացուցել կամ ցույց տալ։ Իսկ հիմա կփորձեմ վեր հանել այն որակները, որոնց համար մարդիկ սիրում են ջազը։

Այսպես՝
1.ջազը տարբեր է եւ շատ ենթաոճեր ու ուղղություններ կան,
2.ջազը կաջակցի ձեզ դժվար պահերին,
3.ջազը կարող է ուժեղացնել կյանքի հաճելի զգացողությունները,
4.ջազ լսելիս իսկապես կարող ես հանգստանալ,
5.իսկապես լավ երաժիշտները ջազ են նվագում եւ դա պարզապես հիանալի են անում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Ջազի սերունդ» խորագրով երեկոն (գաղափարի հեղինակ՝ Շմավոն Գրիգորյան, նախագծի ղեկավար՝ Լուսինե Խաչատրյան)՝ մասնակցությամբ Դանիլ Կրամերի, լեգենդ Լեւոն Մալխասյանի, ջազի վառ ներկայացուցիչ Վահագն Հայրապետյանի, թավջութակահար, կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանի եւ թմբկահար Արման Մնացականյանի։

«Առավոտ» օրաթերթ
07.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031