Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոնական հանդուրժողականություն եւ աշխարհիկ պրագմատիզմ»

Հոկտեմբեր 16,2015 14:20

«Ղազախստանն անկախության ձեռքբերումից հետո, բավական հավասարակշռված քաղաքականություն է վարում»,- այսօր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Ղազախական խանության 550 ամյակը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Կարեն Նահապետյանը: Նա կարծում է, որ Ղազախստանի աշխարհագրական դիրքը բավական մեծ նշանակություն ունի այդ երկրի աշխարհաքաղաքական կարեւորությունն ընդգծելու իմաստով: Ղազախստանը Եվրասիական գերտերություն է, որի 90. 000 քառակուսի կիլոմետրն աշխարհագրորեն Եվրոպայում է գտնվում:

Կարեն Նահապետյանի համոզմամբ, նախագահ Նորսուլթան Նազարբաեւի իշխանության տարիներին Ղազախստանը կարողացավ դառնալ տարածաշրջանային լիդեր`բարեկամական հարաբերություններ զարգացնելով տարածաշրջանի երկրների հետ: Միջազգայնագետի կարծիքով, 1995-ին միջուկային զենքից հրաժարվելով, Ղազախստանը կարողացավ միջազգային հանրության վստահությունը ձեռք բերել: «Դա բացառիկ դեպք եւ իրադարձություն էր`ունենալով հսկայական բազա: Դա փաստում է Ղազախստանի խաղաղարար նպատակները»,- ասաց նա`հավելելով, որ Ղազախստանի քաղաքականությունը բազմավեկտոր է եւ այդ երկիրը զարմանալիորեն կարողանում է լավ հարաբերություններ պահել թե ԵՄ-ի, թե ՌԴ-ի, Չինաստանի եւ աշխարհաքաղաքական մյուս խաղացողների, հարեւան երկրների հետ: Նա կարծում է, որ Ղազախստանը կարողացավ օգտագործելով իր աշխարհագրական դիրքը խաղաղարար կամուրջ հանդիսանալ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ինչը, մասնագետի համոզմամբ, ոչ միայն քաղաքական նշանակություն ու հետեւանքներ ունի, այլ նաեւ ռազմական, քանզի աշխարհում շատ քիչ օրինակներ կան, երբ առանց պատերազմների, հնարավոր է լինում տարածքային հարցեր կարգավորել:

Կարեն Նահապետյանը ոչ պակաս կարեւոր է համարում Ղազախստանի տնտեսական ինտեգրումը. «Ղազախստանը Կենտրոնական Ասիայում նաեւ կարեւոր տնտեսական խաղացող է, որը նաեւ քաղաքական հետեւանքներ է բերում: Վերջին տասը տարիներին Ղազախստանն, ի դեմս Նազարբաեւի, մի քանի տասնյակ նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք հիմնականում դրական արձագանք են գտել`Շանհայի կազմակերպության համագործակցությունը, ԵԱՏՄ-ն եւ այլն: Դա նշանակում է, որ Ղազախստանը նաեւ ակտիվ միջազգային խաղացող է»: Կարեն Նահապետյանի կարծիքով, կրոնական հանդուրժողականությունն էլ է Ղազախստանին թույլ տվել տարածաշրջանային լիդերի դերը ստանձնել: Ընդհանուր առմամբ, Կարեն Նահապետյանի կարծիքով, Ղազախստանի հաջողության բանաձեւն է. «Կրոնական հանդուրժողականություն եւ աշխարհիկ պրագմատիզմ»:

Stepan_Grigoryan_2

Այս ամենով հանդերձ, բանախոսի կարծիքով, ԵԱՏՄ-ի շրջանակներում պետք է առավել ուրվագծվեր Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացումը, բայց, ցավոք, դրանք դեռ բավական մշուշոտ են: Հայ-ղազախական հարաբերությունների ցավոտ կետերից մեկն էլ նա համարում է Ղազախստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցում: Այնուհանդերձ, հավելում է, որ որպես մեծ թյուրքական պետություն, հասկանալի է Ղազախստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցում, բայց դրական է, որ այդ հարցը երբեք հայ-ղազախական հարաբերությունների հիմք չի եղել: Ավելին, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանն է Ղազախստանի գործընկերը, ոչ թե Ադրբեջանը:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ հավելեց, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանը նախագահության շրջանում բավական հավասարակշռված քաղաքականություն վարեց այդ հարցում, ի հեճուկս նույնիսկ եվրոպական տարբեր երկրների, որոնք մեծամեծ հարցեր էին առաջ քաշում`կոնֆլիկտի կարգավորման առումով: Ղազախստանի նախագահության շրջանում առաջ քաշվեց երկու հարց`փոխվստահության մեծացումն ու դիպուկահարների հեռացումը շփման գծից:

Քննարկման ժամանակ, հայ-ղազախական գիտակրթական կապերի մասին, մասնավորաբար, ԵՊՀ-ի եւ Աստանայում գտնվող Լեւ Գումելյովի անվան եվրասիական համալսարանների համագործակցության, խոսեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն էլ նկատեց, որ հարաբերությունները եւ դրանց զարգացումը կապված չեն գազի, նավթի, ոսկու գներից, այլ՝ միմյանց մշակույթի եւ պատմության նկատմամբ վերաբերմունքից: «Մեր տնտեսական, հոգեւոր, նաեւ ռազմական կապերն ավելի խորն արմատներ ունեն`դեռ ղազախական խանության ձեւավորումից հարյուրամյակներ առաջ»,- ասաց նա`նաեւ պատմական օրինակներ բերեց:

Ի տարբերություն Կարեն Նահապետյանի, Ալեքսանդր Սաֆարյանը գտնում է, որ ԵԱՏՄ-ն բավական արդյունավետ կլինի, նույնիսկ առավել քան ԵՄ-ն, քանի որ հոգեւոր, ազգային կապերն այստեղ ավելի խորն են: Նաեւ` միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն է ավելին, քան Եվրոպայում: Հայ-ղազախական հետագա համագործակցության առումով էլ թուրքոլոգը կարեւոր է համարում ղազախական գրականության թարգմանությունը եւ ներկայացումը մեր երկրում: Ղազախստանում, օրինակ, ըստ Սաֆարյանի, թարգմանել են ժամանակակից հայ գրող Հենրիկ Էդոյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031