Դիլիջանում այսօր տեղի ունեցավ քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը եւ հայտարարվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկի մասին:
Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով: Ծրագրի դոնորներն են բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, ինչպես նաեւ Մաքսիմ Աթայանցն ու Արմեն Կարապետյանը:

Հողի օրհնության արարողությունը կատարվեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ:
Կարդացեք նաև
Նոր եկեղեցին կառուցվելու է Աղստեւ գետի աջ ափին, Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարող տարածքում: Եկեղեցու նախագծի հեղինակը պետերբուրգցի հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է:

Եկեղեցին լինելու է կենտրոնագմբեթ՝ երկու զանգակատունով, վերջիններս տեղադրվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա։ Եկեղեցին տեղադրված է լինելու 4,5 մ բարձրությամբ պատվանդանի վրա, որի ներսում կգործեն հասարակական օգտագործման տարածքներ՝ կամարակապ սրահի միջով բացվելով դեպի գետափնյա փողոցը: Եկեղեցու ընդհանուր մակերեսը լինելու է 550 քմ:
Ներկայումս ընթացքում են նախագծային-նախահաշվային աշխատանքները, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ․ ապրիլից:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին


















































