Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության»

Նոյեմբեր 20,2015 10:10

«Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

– Պարոն նախարար, ՌԴ արտգործնախարարի երեւանյան այցից հետո չեն դադարում հրապարակումները, թե այն կապված էր ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումների հետ: Մասնավորապես, ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրը, տեղեկացնում է, որ այցի հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց դրան: Կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյոք ԼՂ կարգավորումը քննարկվե՞լ է Լավրովի այցի ժամանակ, եւ եթե այո, ապա ի՞նչ համատեքստում:

– Ես նախընտրում եմ խուսափել ասեկոսեների մակարդակով հնչող եւ իրականության հետ կապ չունեցող լուրեր մեկնաբանելուց: Այդպիսի տեղեկություններ տարածողները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ լսել են զանգի ձայնը, բայց չգիտեն, թե որտեղից է:
Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ մենք թվարկեցինք այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել մեր միջեւ՝ դրանց թվում նշելով նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, եւ մենք բարձր ենք գնահատում նրա եւ մյուս համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Սերգեյ Լավրովի հետ մենք տարեկան շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ենք ունենում՝ թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, ինչը բնական է՝ հաշվի առնելով մեր երկու երկրների միջեւ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները: Այդ հանդիպումներից յուրաքանչյուրի համար մամուլը կարող է տեղեկատվություն տարածել, թե քննարկվել են ԼՂ հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցեր, եւ պետք է նշեմ, որ հիմնականում շատ սխալված չի լինի: Որոշ բացառություններով հանդերձ, իհարկե, հարցը մշտապես գտնվում է մեր քննարկումների օրակարգում: Դա բնական է:
Այլ հարց է, երբ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտացածին տարրեր: Երբ մամուլը վկայակոչում է իր, այսպես կոչված, բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, ես հալած յուղի տեղ չէի ընդունի դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել՝ նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով եւ նեղ ձեւաչափով:

Ընդհանրապես ես խորհուրդ կտայի նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Նրանք ներկայացրել են մեկ ամբողջություն, կընդգծեի՝ մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ եւ տարրեր, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Հիմա, ինչպե՞ս եք կարծում՝ ո՞րն է առավել վստահություն ներշնչում, այն, ինչը հրապարակվել է համանախագահ երկրների նախագահների անունի՞ց, թե՞ մամուլում տեղ գտած ասեկոսեները: Կարծում եմ՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Կցանկանայի հավելել նաեւ, որ Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության:

– Պարոն նախարար, Հայաստանում շարունակում է քննարկվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի կողմից բրիտանացի պատգամավոր Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հաստատումը, որը քննարկվելու է լիագումար նիստում: Իրականում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցի ընդունումը։

– Ես բազմաթիվ առիթներով խոսել եմ այս մասին։ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ չպետք է որեւէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, եւ, որը, հատկապես, կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում:

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ։ Սակայն միակ ձեւաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն է:

Զեկուցողի անձը եւս խնդրահարույց է անաչառության տեսանկյունից։ Նա տարիներ շարունակ բրիտանական խորհրդարանում, այսպես կոչված, Ադրբեջանի բարեկամների խմբի կարկառուն անդամներից է եղել, իսկ այդ խումբը, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, լայնորեն օգտվել է Բաքվի ֆինանսավորումից։ Եվ միգուցե հենց այս կարգի հանգամանքով է պայմանավորված, որ Ուոլթերը ԵԽԽՎ անդամի իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ աճապարել է ներկայացնել այդ շինծու զեկույցը: Թե որն էր նրա շահագրգռվածության դրդապատճառը՝ թողնենք ձեր դատին։

Կցանկանայի նաեւ հիշեցնել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ այս կապակցությամբ ասվում է, որ բանակցությունների ձեւաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցային գործընթացը եւ խոչընդոտել հանգուցալուծմանն ուղղված առաջընթացը: Այս զգուշացումը ԵԽԽՎ անդամները պետք է լրջորեն հաշվի առնեն։

Նույն կարծիքը հայտնեց Ռուսաստանի արտգործնախարարը Երեւան իր վերջին այցելության ընթացքում, ով ասաց, որ համանախագահները կտրականապես դեմ են, որ հետեւողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն՝ փորձ արվի տեղափոխելու այդ խնդիրը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

– Պարոն նախարար, Ուոլթերի տխրահռչակ զեկույցից հետո մեկ այլ զեկույց էլ է պատրաստվում այդ նույն կառույցում՝ ԵԽԽՎ-ում: Այն վերաբերում է Սարսանգի ջրամբարին, եւ զեկույցի վերնագրից իսկ կարելի է ենթադրել, որ հակահայկական ուղղվածություն է ունենալու: Այն վերնագրված է «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից»: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:

– Դեռ 2013թ.-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որտեղ բողոքում էր, թե Ադրբեջանը զրկվում է Սարսանգի ջրերն օգտագործելու հնարավորությունից: ԵԽԽՎ նախագահն այն ժամանակ մերժեց ընթացք տալ այդ բանաձեւին։ Հետագայում ինչ-ինչ պատճառներով ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց զեկուցող նշանակել եւ ուսումնասիրել խնդիրը:

Իհարկե, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի կարող անաչառ եւ անկողմնակալ համարվել, եթե զեկուցողն այնտեղ այց չի իրականացրել` տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է զեկուցողը կարծիք կազմելու մի ջրամբարի մասին, որը չի էլ տեսել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ: ԵԽԽՎ զեկուցողը կարող էր նաեւ հնարավորություն ունենալ Արցախ իր այցելության ընթացքում այդ առաջարկի իրականացման տեխնիկական կողմերը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Այս առումով հատկանշական է, որ զեկուցողն արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միայն ընդամենը երեք-չորս օր առաջ են ԵԽԽՎ քարտուղարությունից նամակ ստացել` զեկուցողին ընդունելու առաջարկությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը դեռեւս օգոստոսի 3-ին ԵԽԽՎ քարտուղարությանն ուղղված իր նամակում պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունելու ԵԽԽՎ զեկուցողին:

Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ԵԽԽՎ Սոցիալական հարցերի հանձնաժողովում: Այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ այս զեկույցը չի կրելու քաղաքական բնույթ, այլ ունենալու է տեխնիկական ուղղվածություն: Հայկական կողմը բազմիցս կոչ է արել զեկուցողին, որը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր է, մնալ այս տրամաբանության շրջանակներում եւ չքաղաքականացնել հարցը: Այնուամենայնիվ, մինչ այժմ զեկուցողի կողմից հապճեպ պատրաստած նախագծերում տեղ են գտել աղավաղումներ, որոնք հակասում են Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձեւակերպումներին: Այս զեկույցից Վոլթերի զեկույցի հոտն է գալիս։

Քանի որ Ադրբեջանի լոբբիստական ջանքերը այլ եվրոպական կառույցներում ձախողվում են, Բաքուն այստեղ իր նախաձեռնություններով փորձում է փրփուրներից կառչել։

– Պարոն նախարար, վերջին ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահը դրանք օգտագործեց Հայաստանին հերթական մեղադրանքներ ներկայացնելու համար…

– Ադրբեջանի ղեկավարն իր ներքաղաքական շահերն առաջ մղելու համար չի խորշում շահարկել անգամ ահաբեկչությունների զոհ դարձած մարդկանց ողբերգությունները։
Այդ անհեռանկարային փորձերը կատարվում են նաեւ կոծկելու համար Ադրբեջանի երկարատեւ սերտ կապերը տխրահռչակ տեռորիստական կազմակերպությունների հետ, եւ այն փաստերը, որ ԴԱԻՇ-ի եւ այլ ահաբեկչական կառույցների վայրենի գաղափարախոսությունը այսօր լայն աջակցություն է գտնում Ադրբեջանում, որի հարյուրավոր քաղաքացիներ համալրում են այդ կառույցների շարքերը։ Հենց սա է միջազգային հանրության լուրջ մտահոգության առարկան, ոչ թե Ադրբեջանի նախագահի շինծու պնդումները։

– Պարոն նախարար, այսօր Երեւանում կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, իսկ երկու օր առաջ տեղի ունեցավ Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը։ Ինչո՞վ կարելի է բացատրել հայ-ամերիկյան հարաբերություններում այս աշխուժությունը:

– Իրոք, բավական աշխույժ շաբաթ է ստացվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության տեսանկյունից: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ աշխուժությունը վերաբերում է ոչ միայն այս շաբաթվան, այլեւ մեր հարաբերություններին ընդհանրապես, որոնք այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: 2015թ.-ը այս առումով շատ նպաստավոր էր, ես կասեի՝ ինչ-որ առումով նաեւ առանձնահատուկ` հաշվի առնելով այն ձեռքբերումները, որոնք գրանցվեցին տարվա ընթացքում:

Նախ՝ կյանքի կոչվեցին պետքարտուղար Քերիի հետ դեռեւս 2013թ.-ին ձեռք բերված պայմանավորվածությունները` հունվար ամսից ուժի մեջ մտավ նոր, դյուրացված վիզային ռեժիմը, իսկ մայիսին Վաշինգտոնում Հանրապետության նախագահի ներկայությամբ ստորագրվեց Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը:
Այդ համաձայնագրի դրույթներից մեկի համաձայն էլ՝ հենց Երեւանում գումարվել է Ձեր նշած` Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը: Սա նոր որակ է հաղորդում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը: Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը ու Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը տարվա տրամաբանական ամփոփումն են:
Նիստերին մասնակցում էին Միացյալ Նահանգներից ժամանած տարբեր գերատեսչությունները ներկայացնող պաշտոնյաներ՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, ԱՄՆ առեւտրի գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ: Նիստերին քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր:

– Պարոն նախարար, հոկտեմբեր ամիսը նշանավորվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր մեկնարկով: Չնայած արդեն հանդես եք եկել հայտարարությամբ այդ հարցի շուրջ, կարո՞ղ եք մանրամասնել՝ ի՞նչ ժամանակացույցի մասին է գնում խոսքը:

– Հայաստանը եւ Եվրոպական միությունը մշտապես հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ շարունակելու զարգացնել եւ ամրապնդելու կողմերի միջեւ համապարփակ համագործակցությունը համատեղ կարեւորության բոլոր ոլորտներում:

Վիլնյուսի եւ Ռիգայի գագաթնաժողովների ժամանակ վերահաստատվեց Հայաստանի եւ ԵՄ միջեւ փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը։ Հոկտեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին մանդատ տվեց ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ժամանակացույցին, երկկողմ ակնկալիք կա, որ բանակցությունները կմեկնարկեն մինչեւ այս տարվա ավարտը։ Կարծում եմ, որ հիմնվելով Եվրամիության հետ ունեցած բանակցային մեր փորձի վրա՝ ունենք լավ նախադրյալներ այս բանակցությունները բավականին արագ քայլերով առաջ մղելու համար:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30