Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուրջ 1000 անհայտ կորածների դեպքերի կեսից ավելին վերաբերում է 90-ականներին․ որևէ դեպքի շուրջ որևէ առաջընթաց չկա»․ Դաֆնե Մարե

Նոյեմբեր 19,2026 17:28 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անհայտ կորածների խնդիրը լայն է, բազմաշերտ և բարդ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ որպես այս հարցով տարբեր տեղերում և երկարատև զբաղվող կազմակերպության, ուշադրության կենտրոնում այս հարցի մարդասիրական կողմն է»,- «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։

«Մենք աշխատում ենք երկու ուղղություններով այս հարցի շուրջ։ Եվ խոսելով առաջին հարցի՝ ընտանիքների, անհայտ կորածների հարազատների մասին, այստեղ առաջ են գալիս նրանց հետ կապված տարբեր խնդիրները և մարտահրավերները, երբ որ խոսքը գնում է տարբեր ուղղությունների մասին, որոնցով մենք փորձում ենք իրենց խորհրդակցության կամ աջակցության տեսքով օգտակար լինել։ Սրանք հոգեսոցիալական, տնտեսական, առողջական, իրավական հարցերն են, որոնց այդ մարդիկ բախվում են, և մենք նրանց կողքին ենք՝ այս հարցերում որոշակի թեթևություն ապահովելու համար։ Եվ, իհարկե, այն հարցերն են, որոնք վերաբերում են պետական իշխանությունների հետ համագործակցությանը և մեզ՝ որպես չեզոք միջնորդի և հարցով մասնագիտորեն զբաղվող կազմակերպության։ Այստեղ պետք է նշենք, օրինակ, այն կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են ներպետական օրենսդրությանը, այստեղ պետք է շեշտադրեմ վերջերս ընդունված անհայտ կորածների վերաբերյալ օրենքը, բայց նաև դատաբժշկական, իրավական համակարգի ամրապնդումը, որտեղ նույնպես մենք ունենք որոշակի աջակցություն»,- ասաց նա։

Նա նշեց, որ 1990-ականներից ի վեր սկսել են աշխատել ընտանիքների հետ, որոնք այն ժամանակ բախվել են այս խնդրի հետ, և օգնել են հավաքագրել տվյալները, քանի դեռ դրանք համեմատաբար թարմ են և կարող են պետք գալ հետագա փուլերում։

«Եվ եթե խոսքը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության համատեքստին, ապա պետք է նշեմ, որ այստեղ նույնպես մենք 1990-ականներից ի վեր արդեն մի քանի տասնամյակ ներկա ենք, ներկա ենք եղել երկար տարիների ընթացքում նաև ֆիզիկապես ամբողջ տարածաշրջանում՝ խոսքը գնում է Երևանում, Բաքվում և Լեռնային Ղարաբաղում մեր գրասենյակների մասին։ Այս տվյալների հավաքագրումը մենք կատարել ենք անմիջապես այն ժամանակվանից ի վեր»,- ասաց նա։

Անդրադառնալով թվերին՝ Դաֆնե Մարեն նշեց, որ հայկական ազգանունով անհայտ կորած անձանց թիվը մոտ 1000 է, մինչդեռ ադրբեջանական կողմում գրանցված է շուրջ 4000 անհայտ կորած անձ՝ 1990-ականներից։

«Ես ուզում եմ շեշտել, որ այս տվյալները հավաքագրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ աշխատելով անմիջապես ընտանիքների հետ։ Այսինքն՝ մենք ընտանիքներից ստացել ենք որոնման հայտեր, գրանցել դրանք, և այդ թվերը, որոնք ես նշում եմ, հավաստի տվյալներ են, որոնք հավաքագրել ենք Ադրբեջանում կոնկրետ ընտանիքներից ՝ մեր գրասենյակի միջոցով»,- նշեց նա։

Հարցին, թե բռնի անհետացածների հարցով ի՞նչ աշխատանք է տանում ԿԽՄԿ-ն, քանի որ անհայտ կորածների հարազատներից ոմանք նաև պնդում են, որ տեսանյութեր են տեսել, որ իրենց հարազատը գերության մեջ է, բայց Ադրբեջանը չի հաստատում այդ տեղեկությունները, Դաֆնե Մարեն պատասխանեց․ «Առաջին հերթին ես ուզում էի նորից շեշտել՝ քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բացառապես մարդասիրական կազմակերպություն է, ուստի ցանկացած դեպք, որը վերաբերում է անհայտ կորածների դեպքին, գրանցվում է մեր կազմակերպության կողմից։ Տվյալ պարագայում մենք չենք գրանցում, այսինքն՝ մենք գրանցում ենք բոլոր տեսակի հանգամանքները՝ կապված անձի անհետացման հետ, սակայն մեր համար բոլոր այդ անձինք հավասարաչափ անհայտ կորածներ են համարվում։ Եվ, բնականաբար, մենք բոլոր այդ դեպքերին անդրադառնում ենք հավասարապես»։

«Ինչ վերաբերում է 1990-ականների դեպքերի հետ կապված հանգամանքներին, պետք է ասեմ, որ առ այսօր որևէ հստակություն որևէ դեպքի հետ կապված չկա։ Գրանցված շուրջ 1000 դեպքերի կեսից ավելին վերաբերում է 90-ականների անհետ կորածներին, որևէ առաջընթաց չկա որևէ դեպքի շուրջ։ Այս ընթացքում, երբ սկսվում է գործընթացն այս պարզաբանման ուղղությամբ, մենք հույս ունենք, որ այսուհետ կունենանք որոշակի քայլեր, որոնք ի վերջո կհանգեցնեն պարզաբանման»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30