Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան կարճամիտ կլինի, որ կներքաշվի Թուրքիայի այս խաղի մեջ»

Դեկտեմբեր 07,2015 15:00

Թուրքագետը կարծում է, որ ռուս-թուրքական
հարաբերությունները չեն ազդի Ադրբեջանի քաղաքականության վրա

«Թուրքիան միշտ էլ ասում է, որ ինքը Ադրբեջանի կողքն է կանգնած. պատերազմի ժամանակ էլ ինքը Ադրբեջանին ռեալ օգնություն ցուցաբերեց: Այժմ պարզապես հայտարարություններն են սուր դարձել, փորձում են դիվանագիտություն խաղալ: Սկզբունքային առումով ոչինչ չի փոխվել: Սա ցուցադրական նշանակություն ունի. Ռուսաստանին են ցույց տալիս, փորձում են Ռուսաստանին դաշնակից Հայաստանին վախեցնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա հետ խոսել ենք ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից, այդ համատեքստում նաեւ Ղարաբաղյան հակամարտության շահարկումից. մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերադարձնի Ադրբեջանի տարածքները: «Մինչեւ ադրբեջանական հողերի վերջնական ազատագրումը Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին»,- ասել էր նա:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան կարճամիտ կլինի, որ կներքաշվի Թուրքիայի այս խաղի մեջ, կկատարի Թուրքիայից եկած հրամանները: Ադրբեջանի ղեկավարությունն ավելի լավ է պատկերացնում տարածաշրջանում իրավիճակը: Պետք է հասկանա, որ եթե ինքը ներքաշվի Թուրքիայի խաղի մեջ եւ ավելի ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա նա դրա համար շատ ծանր գին կվճարի»,- մեզ հետ զրույցում ասում է պարոն Սաֆրաստյանը:

Նա ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի վերջին դիվերսիան չի կապում ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ: «Սա Ադրբեջանի դիրքորոշման, ագրեսիվ նկրտումների արտահայտումն է: Կարող ենք ասել, որ վերջին շրջանում Ադրբեջանը իրեն ավելի զուսպ էր պահում: Ամեն դեպքում, Ադրբեջանի ընդհանուր ստրատեգիական մոտեցումը դա է. ակնհայտ է, որ ագրեսիվ նկրտումներով, հարձակումներով սահմանի վրա փորձում է ճնշումներ գործադրել համանախագահների վրա եւ այդպես, իր հաշվարկներով, փորձում է կորզել առավելություններ բանակցային գործընթացում,- ասում է պարոն Սաֆրաստյանը եւ նշում, որ իր համար ակնհայտ է, որ այդ քաղաքական դիրքորոշումը հիմնված է ագրեսիայի վրա, ապագա չունի:- Նա ամեն անգամ ստանում է շատ հստակ հակահարված հայկական ուժերի կողմից: Եթե նա ամեն անգամ ստանալով հակահարված՝ շարունակում է, դաս չի լինում իր համար, ավելի ուժեղ հարվածի դեպքում կստանա ավելի ուժեղ հակահարված»:

Ռուբեն Սաֆրաստյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, ըստ որոնց՝ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին. «Թուրքիան շատ խայտառակ սադրանք կազմակերպեց, որին ի պատասխան՝ Ռուսաստանը որոշեց ավելի վճռական ներկայացնել Թուրքիայի ներգրավվածությունը «Իսլամական պետությանը» աջակցություն ցույց տալու մեջ: Այնպես չէ, որ մեկը մի բան ասաց, մյուսը պատասխանեց»:

Սիրիական ճգնաժամի մեջ խորանալը, Ռուսաստանի դեմ սադրանքներ կազմակերպելը Ռուբեն Սաֆրաստյանը շարունակում է Թուրքիայի կողմից իրականացվող արկածախնդրական քաղաքականություն համարել: «Դրանով իսկ ցանկանում է հասնել նրան, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ճնշման տակ թուլացնի իր ազդեցությունն այս սիրիական ճգնաժամում, բայց հաշվարկը սխալ դուրս եկավ»,- ասում է թուրքագետը:
Այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի, Հայաստանի կողմից չեզոքություն պահելու մասին խոսք չի կարող լինել. «Որովհետեւ մենք ունենք պայմանագրեր, Ռուսաստանի հետ դաշնակից ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք: Դա է իրականությունը: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հարձակվենք Թուրքիայի վրա: Այո, մենք Թուրքիայի հետ ունենք մեր պատմական խնդիրները, որոնք, ցավոք սրտի, չենք կարող լուծել մենակ մեր ուժերով: Դրա համար պետք է լինի համապատասխան աշխարհաքաղաքական իրադրություն: Այս պահին մեր դաշնակիցը Ռուսաստանն է, ես չեմ բացառում, որ իրադրությունը փոխվի, մենք այլ դաշնակիցներ ունենանք. քաղաքականության մեջ չի կարելի բացառել ոչ մի բան: Օրինակ՝ երբ որ Սեւրի պայմանագիրը ստորագրվում էր, մեր դաշնակիցը արեւմտյան մի քանի երկրներ էին, իսկ բոլշեւիկյան ղեկավարությունը դրան դեմ էր»:

Այն դիտարկումներին, ըստ որոնց՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից միշտ տուժում են հայերը, պարոն Սաֆրաստյանը հիշատակում է պատմական անցյալը, երբ բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան «դաշինք» կնքեցին իմպերիալիստական Արեւմուտքի դեմ. առաջին Հանրապետությունը կործանվեց:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031