Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական գալա համերգ՝ օպերայում

Դեկտեմբեր 12,2015 13:30

Բեմարվեստում, մասնավորապես՝ օպերային, ավանդույթներից մեկը, ինչը սիրով է ընդունում հանդիսատեսը, հավաքական  համերգներն են՝ տարբեր ներկայացումներից ընտրված հատվածներով, որոնք հանդես են գալիս բենեֆիսների կամ գալա համերգների բեմաձեւով:  Այս ձեւաչափը ոչ միայն հարմար է առանձին սիրված հատվածներ ներկայացնելու առումով, այլեւ հնարավորություն է տալիս հատվածաբար ծանոթացնելու նաեւ թատրոնի խաղացանկում դեռեւս չհանգրվանած ստեղծագործություններին եւ միաժամանակ մի քանի տարբեր ժանրերի կատարողների շնորհները վայելելու մեկ երեկոյի ընթացքում:

Ջանլուկա Մարչիանո

Ջանլուկա Մարչիանո

Սովորաբար վոկալ բեմական ձեւերն ավելի շատ են մասնակցում նման համերգներին, քանի որ երաժշտությանը հարակից գրական տեքստը հասանելի ու հասկանալի է դարձնում ներկայացվող թեման: Իսկ, օրինակ, պարային բեմաձեւերի առանձին հատվածներն ավելի դժվար ընկալելի են, քանի որ հատվածն ավելի ընկալելի է ամբողջական ներկայացման մեջ՝ որպես առանձին դրվագ: Համենայնդեպս, պարային ձեւերի քիչ մասնակցության փաստը ժամանակին «Առավոտին» այսպես մեկնաբանեց համաշխարհային բալետի աստղերից Բորիս Էֆմանը:

6-2

Սոֆյա Թումանյան

Օրերս Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը երիտասարդ արտիստների մասնակցությամբ ներկայացրեց իսկապես շքեղ գալա համերգ: Ընտրված էին հատվածներ համաշխարհային օպերային եւ բալետային արվեստի գրականությունից: Ողջ երեկոն թատրոնի նվագախմբի հետ վարեց մեր հանդիսատեսին արդեն քաջածանոթ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու, օրինակ, արիաներ այնպիսի օպերաներից, որոնք հազվադեպ կամ ընդհանրապես ինչ-ինչ պատճառներով տեղ չեն գտնում հեղինակավոր օպերային թատրոններում, օրինակ՝ Ժերարի արիան Ջորդանոյի «Անդրե Շենյե», Արքայադստեր արիան Չիլեայի «Անդրիեննա Լեկուվրեր» օպերաներից եւ այլն:

Երեկոյի սկզբում, կրտսեր գործընկերներին հավանաբար ոգեւորելու նպատակով, Օթելլոյի մահվան տեսարանը Վերդիի համանուն օպերայից ներկայացրեց Գեղամ Գրիգորյանը: Եթե ասենք սա հենց ոգեւորող քայլ էր անվանի տենորի կողմից, ապա միանշանակ պետք է փաստենք, որ այն ծառայեց իր նպատակին: Մեներգիչներ  Տաթեւիկ Աշուրյանը, Սիրանուշ Գասպարյանը, Դիանա Հարությունյանը, Գոշ Սարգսյանը եւ մյուսները ապացուցեցին վերջին շրջանում տարածված այն կարծիքը, որ այսօր  ունենք հիանալի օպերային երիտասարդ  ձայներ:

Գեւորգ Ասոյան ու Մերի Հովհաննիսյան

Գեւորգ Ասոյան ու Մերի Հովհաննիսյան

Առանձնահատուկ նշենք ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի ներկայացրած Ժերարի (Ջորդանո՝ «Անդրե Շենյե») եւ Սկարպիայի (Պուչինի՝ «Տոսկա») արիաները: Հայաստանում եւ  արտասահմանում ճանաչված ու սպասված բարիտոնն այս ելույթով, պետք է ասել, որ գերազանցեց ինքն իրեն: Տպավորիչ էր սոպրանոներ Սոֆյա Թումանյանի մեկնաբանմամբ Արքայադստեր արիան (Չիլեա՝ «Ադրիեննա Լեկուվրեր») օպերայից եւ Դիանա Հարությունյանի՝ թատրոնի երգչախմբի  ընկերակցությամբ  ներկայացված տեսարանը Բելինիի «Նորմա» օպերայից: Տենոր Լիպարիտ Ավետիսյանն էլ էր հրաշալի Կոմսի կերպարում (Վերդի՝ «Ռիգոլետո»):

Չայկովսկու «Կարապի լիճը» (բալետմայստեր՝ Գ. Բալանչի) եւ Բուբենչիկի «Փակուղի»  (Արսեն Մեհրաբյան) բալետներից հատվածներ ներկայացրին առաջատար արտիստներ Գեւորգ Ասոյանը, Մերի Հովհաննիսյանը եւ Վահագն Մարգարյանը:

Նշենք  նաեւ երգչախմբի ու նվագախմբի բարձրարվեստ կատարումները, հատկապես առանձնացնենք նվագախմբի փողային խումբը, որը, ինչպես ընդունված է ասել՝ ոչ մի կիքս չարեց:  Ի դեպ,  յուրաքանչյուր համարից հետո հանդիսատեսի բրավոների ու օվացիաների տարափ էր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031