Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ- ձոն` Մարիա Կալլասին. Վարդուհի Խաչատրյանն ու Անջելա Գեորգիուն երգեցին Victoria Hall-ում

Մայիս 20,2022 16:46

Մայիսի 12-ին Ժնեւի  հանրահայտ Victoria Hall-ում կայացավ շքեղ գալա-համերգ` նվիրված 20-րդ դարի օպերային  ամենանշանավոր երգչուհիներից մեկին` Մարիա Կալլասին: Ինչպես  Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ճանաչված շվեյցարաբնակ օպերային երգչուհի,  սոպրանո,  Ժնեւի «Ավետիս» մշակութային  կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Վարդուհի Խաչատրյանը, այդ համերգին  իր հետ միասին հանդես է եկել օպերային դիվա Անջելա Գեորգիուն: Համերգն անցել է լեփլեցուն դահլիճում, եղել են տեւական հոտնկայս ծափահարություններ:

Վարդուհի Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2023թ.  աշխարհը նշելու է Կալլասի ծննդյան 100-ամյակը, եւ այս համերգը եւս այդ համատեսքտում էր: Նախատեսված է նույն ծրագրով շրջել աշխարհի տարբեր երկրներում: Victoria Hall-ում կայացած բացառիկ համերգին հնչել են Մարիա Կալլասի երգացանկի լավագույն արիաները` գրված մեցցո, լիրիկական, դրամատիկ եւ կոլորատուրային սոպրանոների համար:

Երգչուհիները հանդես են եկել  իտալական  Festival Puccini Torre del Lago նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարում էր  իտալացի դիրիժոր Կորադո Վալվոն: Այս համերգի կազմակերպիչն էր Ժնեւի «Ավետիս» մշակութային կազմակերպությունը, որը համագործակցում է աշխարհահռչակ եւ մեծանուն այնպիսի  երաժիշտների հետ, որոնց թվում են` Մաքսիմ Վենգերովը, Միխայիլ Պլետնյովը, Խատիա Բունիաթիշվիլին, Էլինա Գարանչան, Մարթա Արգերիխը եւ այլք:

«Ավետիսը» Ժնեւում պարբերաբար ներկայացնում է նաեւ հայազգի ճանաչված երաժիշտների` Սերգեյ Խաչատրյան,  Նարեկ Հախնազարյան, Բարսեղ Թումանյան, Հովհաննես Այվազյան, Շուշան եւ Աստղիկ Սիրանոսյաններ, Ջուլիետա Գալստյան, դիրիժորներ Վագ Պապյան եւ Հարություն Արզումանյան:

Մարիա Կալլասին նվիրված համերգով «Ավետիսը» եզրափակեց 2021-2022թթ համերգաշրջանը, եւ այժմ պատրաստվում է 2022-2023թթ. համերգաշրջանին, որը նույնպես առատ կլինի բարձրարվեստ երաժշտական անակնկալներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վարդուհի Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031