Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ի նամակը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

Հունվար 09,2016 20:59

5-ը հունվարի, 2016թ.

ՀՀ գլխավոր դատախազ
պարոն Գևորգ Կոստանյանին
ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հարգելի պարոն Կոստանդյան,

Թույլ տվեք ողջունել Ձեզ Human Rights Watch-ի անունից: Սույն գրությամբ ցանկանում ենք բարձրաձայնել, Նոր Հայաստան Շարժում, քաղաքական խմբավորման անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված նախնական կալանքի վերաբերյալ, և կոչ անել Ձեր գրասենյակին քայլեր ձեռնարկել նրա իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Ինչպես գիտեք, Human Rights Watch-ը միջազգային, անկողմնակալ, հասարակական կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում ջատագովում է հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մենք աշխատել ենք մարդու իրավունքների հարցերի շուրջ Հայաստանում և ավելի քան երկու տասնամյակ, ՀՀ կառավարության հետ գտնվում ենք կանոնավոր երկխոսության մեջ:

Ոստիկանությունը Երևանում ձերբակալել է Սաֆարյանին 2016 թվականի հունվարի 1-ի ժամը 1:00-ի սահմաններում` Նոր Հայաստան Շարժման անդամների կողմից կազմակերպված հրապարակային միջոցառման ընթացքում: Կազմակերպիչները նախապես տեղեկացրել էին քաղաքային իշխանություններին Ազատության հրապարակում Ամանորյա տոնակատարություն անցկացնելու իրենց պլանների մասին: Չնայած նրան, որ հավաքվել էին ընդամենը մի քանի տասնյակ մասնակիցներ, հրապարակում առկա էր իրավապահ մարմինների լուրջ ներկայություն: Երբ մասնակիցները, ամանորյա հանդերձներով զգեստավորված, փորձել են հրապարակում տեղադրել փոքր տոնածառ, ոստիկանները միջամտել և առգրավվել են տոնածառը` ներկաներին ասելով, որ իրենց թույլ չէր տվել հրապարակ բերել այդպիսի ծառեր: Երբ Սաֆարյանը և մի քանի ուրիշներ հրապարակ են վերադարձել տոնածառի տպավորություն թողնող զգեստով մի մարդու հետ, քաշքշուկ է բռնկվել ոստիկանության և միջոցառման որոշ մասնակիցների միջև, ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարյանին և մի քանի ուրիշների:

Ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարյանին և մեղադրանք առաջադրել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով (Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), որը կարող է պատժվել մինչև հինգ տարվա ազատազրկմամբ: Ոստիկանությունն ազատ է արձակել մյուս ձերբակալվածներին: Հունվարի 3-ին դատարանը բավարարել է ոստիկանության քննիչի միջնորդությունը` երկու ամիս նախնական կալանքը որպես Սաֆարյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նույն օրը, Սաֆարյանը տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ, Երևան: Սաֆարյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:

Human Rights Watch- ը մտահոգված է, որ նախաքննության ընթացքում Սաֆարյանն ազատությունից զրկվել է երկու ամսով: Դատարանը նախնական կալանքի իր որոշումը հիմնավորել է Սաֆարյանի դեմ ընթացող առանձին քրեական վարույթի առկայությամբ: Սաֆարյանի նկատմամբ հետաքննություն էր սկսվել 2015թ.-ի ապրիլից, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով, և արդեն ազատ էր արձակվել նախնական կալանքից` տալով ստորագրություն չհեռանալու մասին: Առանց անդրադառնալու նոր մեղադրանքների էությանը, դատարանը հունվարի 3-ին հայտարարել է, որ Սաֆարյանը կարող է կրկնակի հանցագործություն կատարել, եթե ազատ արձակվի:

Ինչպես գիտեք, նախնական կալանքը պետք է դիտարկել որպես վերջին հանգրվան: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ), որին միացել է նաև Հայաստանը, Հոդված 9 (3)-ը նշում է, որ «Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, որը ներկայացնում է դրույթի հեղինակավոր մեկնաբանությունը, սահմանում է, որ գրավը պետք է կիրառվի, բացառությամբ այն դեպքերի, որտեղ կա հավանականություն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, ոչնչացնել ապացույցները կամ ազդեցություն գործել վկաների վրա: Հաշվի առնելով միջադեպի ոչ նշանակալի բնույթը, որը նշված է ձերբակալման հիմքում, մենք կարծում ենք, որ Սաֆարյանը պետք է ազատ արձակվի մինչև քննությունը:

Երկու ամսով ազատազրկումը լուրջ սահմանափակում է հանդիսանում Սաֆարյանի նկատմամբ, որն ամբողջությամբ չարդարացված է փաստերի կամ միջազգային չափանիշների տեսանկյունից և անհամաչափ` հաշվի առնելով նրա կողմից հետաքննությանը սպառնացող որևէ իրական ռիսկերի բացակայությունը: Human Rights Watch-ը մտահոգված է, որ իրականում իշխանությունները Սաֆարյանին որպես թիրախ են ընտրել ընդդիմադիր քաղաքական խմբում իր անդամակցության և նրա խաղաղ քաղաքական համոզմունքների համար, և որ սահմանված խափանման միջոցը միտված է միջամտելու նրա մտքի, խոսքի և հավաքների ազատության իրավունքին, որոնք պաշտպանվում են ՔՔԻՄԴ-ով:

Ինչպես վերը նշվեց, Սաֆարյանը նաև կանգնած է զանգվածային անկարգություն նախապատրաստելու մեղադրանքի առջև, ի հետևանք քաղաքական հանրահավաքի, որն ըստ նրա պլանավորման պետք է համընկներ 2015թ. ապրիլի 24-ի միջոցառումների հետ` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանությանը: 2015թ. ապրիլի 27-ին Ձեզ հասցեագրված նամակում, Human Rights Watch-ը մտահոգություն էր հայտնել, որ Սաֆարյանի և միջոցառման պլանավորման մեջ ներգրավված չորս այլ ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կարող են դիտարկվել որպես միջամտություն ակտիվիստների մտքի, խոսքի և հավաքների ազատության իրավունքներին: Մեր նամակում մենք խնդրել էինք, որ մեղադրանքները վերանայվեն և որ ակտիվիստներն ազատ արձակվեն` մինչև անհապաղ, անկողմնակալ և վստահելի հետաքննության ավարտը: Ակտիվիստներին նախնական կալանքից ազատ արձակելուց հետո, մենք մամլո հաղորդագրություն հրապարակեցինք` որակելով նրանց ազատ արձակելու որոշումը որպես «դրական քայլ»:

Մենք կոչ ենք անում Ձեզ ազատ արձակել Սաֆարյանին, մինչև 2016թ. հունվարի 1-ի միջադեպի մեղադրանքների անհապաղ, անաչառ, և վստահելի քննության ավարտը: Մենք նաև պահանջում ենք, որ Դուք առանձին ուսումնասիրություն առնեք ոստիկանությանը տրված հրահանգները միջոցառման ընթացքում իրավապահների ներկայացվածության չափի, ներգրավվածության ժամկետների, միջոցառման մասնակիցների նկատմամբ սահմանված որևէ սահմանափակումների կամ պայմանների, այդ թվում կապված զարդերի և հանդերձների վերաբերյալ, և արդյոք այդ պայմանները ողջամիտ էին ու նախապես հստակ ներկայացված:

Շնորհակալություն այս նամակի նկատմամբ Ձեր ուշադրության համար:

Հարգանքներով,
Հյու Ուիլիամսոն
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի
բաժնի ղեկավար
Human Rights Watch

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031