Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ափերից, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ գիտության ոլորտի ֆինանսավորման խնդրին:
«2018 թվականից գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, և ես չեմ հիշում դրա հետ կապված քննարկում Հայաստանում… Գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, ու ասենք՝ մամուլում այդ մասին ոչ մի բան, սոցիալական ցանցերում այդ մասին ոչ մի բան, ելույթներում՝ ոչ մի բան, հրապարակումներում ընդհանրապես չի եղել այդպիսի բան, չի եղել պարզապես։ Իհարկե, նախորդ անգամ, երբ կառավարության նիստում այս շեշտադրումն արեցի, շնորհակալ եմ՝ ԳԱԱ-ն գոնե քննարկում կազմակերպեց, ամփոփ ներկայացվեց՝ ինչ է տեղի ունեցել։
Երբ հանկարծ մի որևէ նախագծում 726 դրամ մի տողի ավել-պակաս լինի՝ նամակ, նամակ, նամակ, նամակ, հայտարարություն, ինտերվյու, նամակ, հայտարարություն, ելույթ, ցույց, բողոքի ակցիա…Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը զենքը պահել է մեզ վրա, ասել է՝ գիտե՞ք ինչ, գիտության ֆինանսավորումը ավելացրե՛ք, ավելացրե՛ք, և մենք՝ սպասեք, մի՛ կրակեք, կավելացնենք, մի՛ կրակեք, կավելացնենք վիճակում գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք: Հետո, երբ զենքը մի կողմ են թեքել, միանգամից զրոյացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Սա ընդհանրապես խելագարվելու ֆենոմեն է Հայաստանի Հանրապետությունում»,- բորբոքվեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
«Ես այդ նամակներին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնելու, մինչև բոլոր նամակների հեղինակները նույն տեմպով Հայաստանի Հանրապետությունում չպատմեն, թե գիտության ոլորտում ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին։ Կոպիտ եմ ասում, գիտեմ, որ հակազդեցություն է առաջանալու, բայց ինձ նամակներ մի՛ գրեք, այն մարդիկ, որ այս ֆինանսավորման եռապատկման ընթացքում մի տող չեն գրել, մի նամակ չեն գրել, մի բառ չեն ասել, այդ բոլոր նամակները իգնոր եմ անելու։ Չնայած հիմա այս օրերին տասնյակներով այդ թեմայով նամակներ եմ ստանում, սակայն չեմ կարդում ձեր նամակները, սիրելի նամակագիրներ, չեմ նկատում ձեր նամակները, վերնագիրը, թեման նայում եմ՝ միանգամից ջնջում եմ։
Այնպես որ, տեղյակ եղեք՝ գիտության ֆինանսավորումը մենք ենք ապահովել, մենք ենք գրել, թե ՀՆԱ-ում ինչքան պետք է լինի գիտությունը, և մենք ապահովելու ենք՝ անկախ նրանից՝ նամակ գրում են, չեն գրում։ Եվ մենք մեր բյուջետային մարտավարության մեջ այս 2.3 միլիարդը 2025 թվին, երբ որ Ազգային ժողովում պետական բյուջեն ընդունվել է, 2026 թվականի ոչ մի տողում, սպասեք, այս թիվը չի եղել, գոյություն չի ունեցել, բայց այսօր այս թիվը կա, և այսօր բազմաթիվ հիմնարկների համար ձեռք են բերվելու սարքեր, սարքավորումներ։ Այնպես որ, կոչ կանեմ մեր այն գործընկերներին, որոնք այս ընթացքում ռազմավարական լռություն են պաշտպանել, թող շարունակեն լուռ իրենց աշխատանքն անել։ Կառավարությունն իր ստանձնած, իր հայտարարած բոլոր նպատակետերին և նպատակներին հասնելու է, այդ թվում՝ գիտության ֆինանսավորման վերաբերյալ»,- ասաց նա։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանից։
«Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է եղել, որպեսզի գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելանա, սակայն բավարար չի ավելացել, ու պետք է համակարգ ձևավորվի, որպեսզի այդ ռեսուրսները լավագույնս ծառայեն Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդ հետազոտության համար 11 ամիս առաջ հենց վարչապետն է հանձնարարություն տվել՝ հետազոտել, կազմակերպել հետազոտություն՝ լավագույն համակարգն ընտրելու նպատակով։ Սակայն այդ հետազոտության, այդ համակարգի ուսումնասիրությունն անելու համար 11 ամիս է՝ նույնիսկ մրցույթ չի հայտարարվել։
Վարչապետի հետ հանդիպման ժամանակ հանձնարարություն է իջեցվել, դրանից հետո պետք է մրցույթ իրականացնեին, ընտրեին, թե ով պետք է աներ այդ հետազոտությունը, բայց 11 ամիս է՝ մրցույթ չեն անցկացրել։ Որպես այդպիսին՝ գոյություն ունի ռազմավարական ծրագիր, որտեղ նշված են հստակ ցուցանիշներ, իսկ այդ ցուցանիշներին հասնելու համար փոփոխություն է պետք, իսկ այս պահին մարդիկ խոսում են մյուս տարվա բյուջեի մասին, որտեղ բյուջեն համապատասխանաբար չի աճել, չի արտացոլում ռազմավարական ծրագիրը»։
Մեր դիտարկմանը, թե «Գիտուժը» հայտարարում է, որ կառավարության առաջարկած 2027 թ. պետբյուջեն հակասում է կառավարության գիտության ռազմավարական ծրագրին, Գևորգ Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ռազմավարական ծրագրում նշված է, որ ֆինանսավորումը պետք է հասնի ՀՆԱ-ի 0,75 տոկոսին, և 6000 գիտնականներ լինեն: Ես նպատակներից ընդամենը 2-ն եմ նշում, բայց կան այլ նպատակներ եւս: Հիմա, որպեսզի դրան հասնենք, բյուջեն պետք է կամաց-կամաց աճի: Եթե մոտավոր հաշվենք՝ կամաց-կամաց աճելով, ապա մինչև 20 մլրդ դրամի աճ պետք է լիներ, իսկ եթե դա չկա այս պահին, նշանակում է, որ քայլերը միտված չեն ռազմավարական ծրագրով շարժվելուն»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































