Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հայտարարեց՝ խաղաղության մրցանակին արժանի է նաև Ալիևը, բայց մոռացավ ասել՝ ագրեսիա հրահրած Ալիևը, ցեղասպանություն իրականացրած Ալիևը»․ Գևորգ Սաֆարյան

Հոկտեմբեր 15,2026 12:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք այսօր մեր հյուրերին չենք դիմավորում հպարտությամբ՝ որպես քաղաքակիրթ պետություն, որովհետև նմանատիպ միջազգային մեծ նշանակության համաժողով ընդունելիս պետություններն օգտվում են առիթից և բարձրացնում հարցերը, որոնք պետք է լուծվեն միջազգային հանրության միջոցով։ Այսօր այստեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են խոսում այն մասին, որ Արցախում Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ցեղասպանություն, որ Ադրբեջանն ապօրինաբար պահում է մեր գերիներին և պատանդ վերցված քաղաքացիներին»,-ՀՀ կառավարության շենքի դիմաց «Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» խորագրով բողոքի ցույցի ժամանակ  հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:

Ընդգծեց, որ Ադրբեջանում կան ոչ միայն ռազմագերիներ, այլ քաղաքացիական անձինք, որոնք գտնվում են պատանդառության մեջ․ «Այս հարցերը պետք է բարձրացնեին ՀՀ իշխանությունները, որոնք հանրության փողերով աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում։ Մենք այսօր միջազգային հանրության առաջ ամոթով ենք, որովհետև մեր՝ այսպես կոչված ներկայացուցիչները ոչ միայն չեն բարձրաձայնում, այլև ընդհանրապես կոծկում են թշնամու կատարած հանցագործությունները»։

Անդրադառնալով այն փաստին, որ Արցախի հայաթափման նախօրեին՝ Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիր ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»,  Գևորգ Սաֆարյանը հայտարարեց․ «Կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը մի մրցանակ է ստացել և այդ մրցանակը ստանալիս հայտարարեց, որ այս մրցանակին արժանի է նաև Ալիևը, սակայն մոռացավ բնութագրիչներն ասել՝ ագրեսիա հրահրած Ալիևը, ցեղասպանություն իրականացրած Ալիևը, հարյուր հազարավոր հայերին իրենց տներից դուրս հանած Ալիևը, հայ գերիներին և պատանդներին հետ չվերադարձնող Ալիևն արժանանում է մրցանակի ՀՀ իշխանության կողմից։ Մենք այսօր միջազգային հանրության առաջ ամոթով ենք, որ ունենք այսպիսի կառավարություն»։

Ամուլսարի հանքի բացման առիթով էլ ասաց․ «CՕP17-ի բացումից ընդամենը օրեր առաջ ՀՀ իշխանությունները բացում են Ամուլսարի հանքը, հանք, որը սպառնում է մեզ՝ բոլորիս, որի գործունեության հետևանքով ՀՀ-ն կարող է վերածվել տոքսիկ անապատի»։

ՀՀ կառավարության շենքի առաջ կազմակերպված ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031