Սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները մի մարդու պես պահանջում են, որ Վալերի Պերմյակովի գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը ինքնաբացարկ հայտնի:
«Դուք ակնհայտ կանխակալ կարծիք ունեք տուժող կողմի նկատմամբ»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց. «Ձեր պահվածքն ու կայացրած որոշումները հիմք են տալիս ենթադրելու, որ դուք այս գործով անկողմնակալ լինել չեք կարող: Դուք խախտում եք Քրեական դատավարական օրենսգիրքը, բայց դա նրանից չէ, որ չեք տիրապետում, այլ կաշկանդված եք: Դուք այս գործը չեք կարող քննել, ձեր կաշկանդվածությունն ակնհայտ է: Իսկ այս գործով դատական ակտը կարևոր է բոլորիս համար: Ձեր կաշկանդվածությունը թույլ չի տա օբյեկտիվ որոշում կայացնել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանն էլ ասաց. «Միանում եմ միջնորդությանն ու ցանկանում եմ շեշտել, որ դուք անկախ չեք, անկողմնակալ չեք, անկաշկանդ չեք, դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր վրա ազդեն քաղաքական շահեր, մինչդեռ նախորդ դատական նիստին Պերմյակովին հսկող ռուս զինծառայողներին դուրս չհրավիրելու, իսկ այս նիստին արդեն իսկ նրանց չլինելու հանգամանքն այդ մասին չի խոսում»:

Դատավորի միակ պաշտպանը դատախազն էր, որ գտնում էր, թե փաստաբանների միջնորդությունը զուրկ է հիմքից:






Նշենք, որ 102-րդ ռազամաբազայում կանգնած էին շտապօգնության երկու մեքենաներ:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց փաստաբանների միջնորդությունը: Քանի որ աշխատանքային օրվա ավարտ էր, դատական նիստն ավարտվեց. այն նշանակվեց ամսի 22-ին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































