Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. Տոնական օրերին վնասվածքի 730 դեպք է արձանագրվել

Հունվար 20,2016 13:59

«Ամանորը սպառողների համար սկսվեց գեղեցիկ, քանի որ եկավ ձյուն, սակայն հենց հունվարի 1-ին ունեցանք տեղափոխման հետ կապված խնդիրներ»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր այսպես սկսեց իր խոսքը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա խոսեց հետտոնական օրերին արձանագրված սպառողական իրավունքների ոտնահարման դեպքերի մասին ընդհանրապես, մասնավորապես անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից վատ իրականացված ձնամաքրման եւ աղբահանման աշխատանքներին:

«Պետական մարմինները դեկլարատիվ հայտարարություններ էին անում, օրինակ` քաղաքապետարանը հայտարարում էր, թե շատ լավ մաքրում են ճանապարհները, իսկ իրականությունը բոլորիս համար տեսանելի էր»,- ասաց նա՝ հավելելով, ոչ ձնամաքրման աշխատանքները սկսեցին հունվարի 3-ից միայն:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց տաք ցիկլոններին, որ գալով Հայաստան` օգնեցին արագացնել այդ աշխատանքները եւ հեշտացնել մեր քաղաքացիների կյանքը:

Ըստ բանախոսի, տոնական օրերին արձանագրվել է վնասվածքի 730 դեպք: Նա չի ընդունում պատկան մարմինների այն պարզաբանումները, որ տեղումները ցանկացած երկրում քաոսային վիճակ են առաջացնում. «Աշխարհի զարգացած երկրներում քաոսային իրավիճակներ են ստեղծվում, եթե տեղումներն անսպասելի են լինում, սակայն մեզ մոտ անսպասելի չէր»:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այդ դեպքերի մի մասը եղել է պայթուցիկ նյութերի կիրառման արդյունքում. «Նույնիսկ եղել են դեպքեր, որ մարդու աչքերն են վնասվել, մատներ են կտրվել և հնարավոր չի եղել վերականգնել, քանի որ ձյան մեջ կորել է»:

Այս ֆոնին, սպառողների իրավունքների պաշտպանը «ֆանտաստիկ» է որակում Էկոնոմիկայի նախարարության աշխատանքը. «Նախատոնական օրերին արդեն կողպեքով փակ էր Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, այն դեպքում, երբ տոնական օրերին վաճառքն ավելանում է»:

Անդրադառնալով հետտոնական օրերին ամենաարդիական խնդրին` H1N1 վիրուսին (խոզի գրիպ), բանախոսն ասաց, որ հասարակության հետ հաղորդակցումը եղել է ցածր մակարդակի վրա: Նա կարծում է, որ մարդկանց ոչ ճիշտ իրազեկման արդյունքում խուճապ առաջացավ, բայց նաեւ լուրջ վերահսկողություն չեղավ վարակը կանխարգելելու համար. «Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հիվանդ մարդը սննդի շուկայում առեւտուր էր անում»:

Պիպոյանը դժգոհեց նաեւ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատանքից, որը զուտ խախտումներ է արձանագրում, դրանք վերացնելու փոխարեն. «Դեկտեմբերի 28-29 –ին նոր հարկ համարեցին ասել, որ որոշել են շուկան վերահսկել և սպառողներին ասել, թե ինչից զգուշանան կամ ինչի վրա ուշադրություն դարձնեն: Խախտումներ կարող են արձանագրել լրագրողները, ՀԿ-ները, քաղաքացիները և այլն, տեսչության խնդիրը դրանք վերացնելն է: Շուկայում կան ապրանքներ` նախորդ տարվանից կամ պիտանելիության ժամկետները բացակայում էին: Այդ խախտումներն առ այսօր չեն վերացվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031