Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կարող էր սպասել մեկ տարի. «Հայոց աշխարհ»

Հունվար 22,2016 12:48

Հարցազրույց քաղաքագետ, ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ

  -Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Դաշնակցության որոշումը՝ վերադառնալու կոալիցիա, այն էլ՝ ընտրություններից մեկ տարի առաջ։ Որքանո՞վ դա արդարացված է քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից։

-Քաղաքական գործընթացը տրամաբանորեն ենթադրում է կոալիցիաների ձեւավորում ընտրություններից առաջ՝ դաշինքով հանդես գալու, կամ ընտրություններից հետո խորհրդարանում խմբակցություն ունենալով՝ կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակադրումով։ Եթե նման խնդիր դրվում է ընտրություններից մեկ տարի առաջ, նշանակում է՝ խոսքը ոչ թե ընտրություններին մասնակցելու նպատակով ստեղծվող կոալիցիայի մասին է, այլ մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կարելի է ենթադրել, որ կոալիցիա կազմելու շուրջ քաղաքական պայմանավորվածությունը տեղի է ունեցել սահմանադրական փոփոխություններից առաջ, եւ հավանաբար «կողմերը» պայմանավորվել են «Այո»-ի ճակատին մասնակցելու համար Դաշնակցությանը գործադիր իշխանությունում որոշակի պաշտոններ տալ։ Իհարկե, սա միայն ենթադրություն է։

Ներկա պահին կոալիցիայի մեջ մտնելու որոշումն ինչքանո՞վ ճիշտ է Դաշնակցության ղեկավարության կողմից։ Իմ կարծիքով, կարելի էր սպասել մեկ տարի, որովհետեւ կոալիցիոն կառավարմանը մասնակցելու մեկ տարին որեւէ էական բան չի տալու ո՛չ կուսակցության վարկանիշի, ո՛չ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացներում ներգրավվածության տեսանկյունից։ Ավելի շուտ՝ հակառակը. ընտրություններից առաջ մտնելով կոալիցիայի մեջ, Դաշնակցությունը կարող է իր վրա վերցնել այն բեռը, որ կրում է կառավարող ուժը երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության իմաստով։

  -Զուգահեռաբար խոսվում է «Բարգավաճ Հայաստանի»՝ այդ գործընթացին միանալու հնարավորության մասին, թեեւ ԲՀԿ նախագահը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ կուսակցությունը նման հարց չի քննարկում։ Այս մասի՞ն ինչ կարծիքի եք։

-Դաշնակցության մասին ասվածը նույնությամբ կարելի է պրոյեկտել «Բարգավաճ Հայաստանի» վրա։ Իսկապես, Հանրապետական մեծամասնությունը խորհրդարանում անտրամաբանական է դարձնում ներկա պահին կոալիցիայի ստեղծումը։

  -Լավ, իսկ ի՞նչ է շահում ՀՀԿ-ն՝ ընդառաջելով կոալիցիայի ձեւավորմանը։

-Որեւէ ազդեցիկ քաղաքական ուժի հետ կոալիցիայի գնալը կարելի է համարել բավական ճիշտ քայլ Հանրապետականի կողմից։ Այդպիսով իշխող կուսակցությունը մի կողմից՝ ընտրություններից առաջ ստեղծում է քաղաքական մեծ համաձայնության պատրանք, մյուս կողմից, ներկայանում է որպես տոլերանտ քաղաքական ուժ, որը պատրաստ է համագործակցել այլ ուժերի հետ՝ անգամ չունենալով դրա անհրաժեշտությունը։ Սա կարող է կառավարող ուժի իմիջի օգտին աշխատել։

Կարող են լինել քաղաքական այլ նկատառումներ, որոնք ՀՀԿ-ի տեսանկյունից արդարացված են, ինչը չի կարելի ասել մյուս կուսակցությունների մասին, որոնց առաջիկայում սպասվում է լուրջ քննություն՝ հաջողության հասնել պառլամենտական ընտրություններում, մտնել կոալիցիայի մեջ եւ մասնակցել պետական կառավարմանը՝ արդեն նոր, խորհրդարանական համակարգի պայմաններում։

 Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031