«Զարմանում եմ, որ պարոն Մանուկյանը, չգիտեմ, ում վրա է այստեղ մուննաթ գալիս կամ բողոքում, ասում է՝ ո՞ւր է ջրագծի քարտեզը։ Ով որ ջրագիծը սարքելու է, ժամանակին նա պիտի քարտեզը մեզ թողներ։ Դուք նախորդ քաղաքապետերին՝ Տարոն Մարգարյանին, Գագիկ Բեգլարյանին, Երվանդ Զախարյանին, ասած կա՞ք, որ այս ջրագիծը սարքել եք, կամ իրենցից առաջ, եթե եղել է, մի հատ եկեք քարտեզագրենք, թողնենք հաջորդ իշխանություններին։ Գործող իշխանությունը որտեղի՞ց կարող է իմանալ իր նախորդ ժամանակաշրջանում կառուցված ջրագծի տեղի մասին, եթե այդ քարտեզը չի ստացել։ Ո՞վ է մեղավոր։ Այ, եթե հիմա կառուցվածի քարտեզագրումը չլինի, այդ ժամանակ կասեք՝ ձեր սարքածի քարտեզը ինչի՞ չեք թողել»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին նախատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Մեսրոպ Մանուկյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահին հարց էր տալիս երևանյան խցանումների մասին, Արման Եղոյանին էլ հրավիրեց քննարկմանը մասնակցելու։ Նրա զարմանքին արձագանքեց․ «Հիմա ձեր գրագիտությունը, ուրեմն, այդ առումով թույլ է, դուք Դաշնակցության հետ կռիվ արեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մեսրոպ Մանուկյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահին հարց էր տվել նաև Գյումրիում բնակարանաշինության մասին՝ օգտագործելով «աղետի գոտի» արտահայտությունը։
Այդ մասով էլ Արման Եղոյանն այսպես արձագանքեց․ «Մեկ էլ «աղետի գոտի» արտահայտությունը այստեղ հնչեց։ Ես պարոն Մանուկյանի հետ համարյա հասակակից ենք, 98 թվականին «աղետի գոտի» հասկացությունը փոխարինվել է «զարգացման գոտի» հասկացությամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այդ բառը վերածվել է արդեն՝ վերջ, 98-ից հետո դա կոչվել է «զարգացման գոտի»։ Դուք ո՞նց եք նորից հետ դառնում 98 թվական… Այսինքն՝ չի՞ զարգացել 98 թվականին։ Հետևեք ձեր ֆրակցիայի ղեկավարի ներմուծած տերմինաբանությանը, պարոն Մանուկյան, նորից հետ եք դառնում»։
Արման Եղոյանի այս դիտարկումը պատճառ դարձավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































