Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահներն այցելեցին հիվանդանոցում գտնվող Գրետա մայրիկին

Հունվար 28,2016 14:14

Հայոց ազգային բանակն ստեղծվեց ծանրագույն պայմաններում` ընթացող պատերազմին զուգահեռ եւ ստեղծվեց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: ԵԿՄ-ն իրավամբ համարում է, որ բանակն իր զավակն է: Ուստի եւ երկրապահները, ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ, շարունակ Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ զորամասերում են, դիրքերում: Բանակի օրվա կապակցությամբ էլ տոնական միջոցառումներ էին կազմակերպվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Երկրապահները Հայաստանում, Արցախում, արտերկրում խոնարհվել են բոլոր եղբայրական գերեզմաններում եւ բանակին ու Արցախյան հաղթանակին նվիրված բոլոր հուշարձանների մոտ: Մինչ տարածքներ մեկնելը, ողջ երկրապահական ընտանիքը ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետի կիսանդրիին եւ ԵԿՄ վարչական շենքի բակում կանգնեցված Ի փառս հայոց բանակի խաչքարին:

Երկրապահական եռասերունդ ընտանիքն այցելեց նաեւ «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Գրետա մայրիկին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Երկրապահները Գրետա մայրիկին առողջություն մաղթեցին ու փոխանցեցին Զորավարի հետեւյալ շնորհավորական ուղերձը:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻՆ

Սիրելի´ Գրետա մայրիկ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բանակի օրվա կապակցությամբ:

Բանակն ստեղծվել է երկրապահ կամավորական ջոկատների հենքով, հայոց ազգային բանակի հիմնադիրը նույն ինքը Երկրապահի հիմնադիր, մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանն է: Բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից է, Բանակի տոնն էլ մեր ազգային տոնացույցի ամենահպարտ ամսաթվերից:

Եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ազգի անունից, շնորհավորում եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հայ ազգի Մեծ մայրի´կ, որ մեր ժողովրդին Սպարապետ եք պարգեւել, Սպարապետ, որ հայոց մերօրյա հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողը հանդիսացավ: Այս տոնական օրվա կապակցությամբ Երկրապահը Եռաբլուրում, բոլոր եղբայրական գերեզմաններում խոնարհվել է Սպարապետի, Արցախյան ազատագրական պատերազմի նահատակ քաջերի շիրիմների առջեւ` նրանց եւս շնորհավորելով իրենց ստեղծած հաղթական ու հզոր Բանակի օրվա կապակցությամբ:

Երիցս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ, Գրետա մայրի´կ, առողջություն, երջանկություն, մեր բանակին եւ սահմանապահ զինվորներին` բարի ծառայություն, մեր երկրին` խաղաղություն:

 

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ                   ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031