Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանատներում կարգուկանոն չկա

Փետրվար 02,2016 22:45 Share

Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ օրենքի պահանջ է՝ քաղաքային համայնքները պետք է ունենան գերեզմանոցները  շահագործող կազմակերպություններ, սակայն Տավուշի մարզի քաղաքային 5 համայնքներում չկան նման կազմակերպություններ: Համաձայն օրենքի ՝պետք է լինեն գերեզմանոցների վարման մատյաններ, թե տվյալ գերեզմանոցում ինչ հերթականությամբ, ինչ տեղադրությամբ են կատարվել հուղարկավորությունները: Համայնքի ղեկավարները պետք է գերեզմանները բարեկարգ պահեն, թաղումների տեղերի հատկացումները կատարեն կանոնավոր կերպով:

Միսակ Մելքումյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացած քննարկումների ժամանակ նշվում է, որ գերեզմանոցների շահագործման առումով Տավուշի մարզը այլ մարզերի համեմատ վատ վիճակում է: Նա ասաց, որ համայնքապետարանները գերեզմանոցները բարեկարգ պահելու,դրանք ճիշտ շահագործելու համար պետք է  ֆինանսական միջոցներ հայթայթեն համայնքային հողերի վաճառքից: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ կան խնդրի օբյեկտիվ պատճառներ, օրինակ, սահմանամերձ Չինարի գյուղում հնարավոր չէ հող վաճառել, որպեսզի  գոյացած գումարն ուղղվի նշված նպատակին: Մարզպետի խոսքերով՝ մարզի գոնե քաղաքային համայնքները պետք է շտկեն գերեզմանոցների շահագործման վիճակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել