Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գյուղապետին միացել է նախկին մարզպետը. ՏԻՄ ընտրարշավը սկսված է

Նոյեմբեր 05,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

2026 թ. հոկտեմբերի 31-ի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական համարները տրամադրեց 2026 թ. նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Նոյեմբերի 29-ին ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ կլինեն Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք. Կապան, Նոյեմբերյան համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ կլինեն Արագածոտնի մարզի Արևուտ ու Մեծաձոր համայնքներում։

«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Նոյեմբերյան համայնքում այս տարվա նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրել է Մխիթար Խաչիկյանին. նա ռուսական «Տրանսբազի» Դիլիջանի մասնաճյուղի պետն է։ Մնում է հասկանանք, թե արդյոք ռուսների հետ համաձայնեցվա՞ծ է նրա առաջադրումը…

Նախկինում «Հանրապետական» կուսակցության անդամը «մի գիշերում» դարձել է ՔՊ և ավագանու ցուցակ կազմել, որտեղ «նեղացածները», այլ կուսակցության անդամներն ավելի շատ են, քան՝ ՔՊ-ականները։

Փաշինյանը հայտարարել էր, որ իշխող կուսակցությունը սպառնալիքների լեզվով չխոսի ընտրությունների ժամանակ։ Բայց Նոյեմբերյանում ՔՊ-ն այլ լեզու չունի։

Ասում են, թեկնածուների ձեռքին կան «սև ցուցակներ», մասնավորապես, մի «սև» էլ ունի Նոյեմբերերյանի ՀԷՑ-ի պետ Արկադի Հարությունյանը …Խոստանում են աշխատանք հնարավոր ամեն տեղ. ՀԷՑ,  մաքսակետ, գազի ծառայություն, մանկապարտեզ…ՔՊ թեկնածու Մխիթար Խաչիկյանը, ով հայտնի է «Մոնի» մականունով, որին կարծես չեն էլ ճանաչում տեղացիները։  Նա էլ խոստումներից զերծ չէ։

Նոյեմբերյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Օվիրի Արոն»՝ Կողբի գյուղապետի պաշտոնից հեռացված Արարատ Թամազյանը։

Նրան հանձնարարված է ամենախոշոր գյուղում ձայներ խլել Արսեն Աղաբաբյանից։ Վերջինս 2005, 2008, 2016, 2021թթ.Կողբում միշտ 70 տոկոսով հաղթել է բոլոր իշխանական թեկնածուներին։

Հեռացված նախկին գյուղապետին միացել է նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը։ Վերջինիս հիշում են նրանով, որ «ժամանակին դավաճանեց Սերժին՝ միանալով Քոչարյանին», իսկ վերջին ընտրությունների ժամանակ Սամվել Կարապետյանի համար էր «վազվզում»։ Այսօր ՔՊ-ի համար է։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել