«Ինչքան Արմեն Հարությունյանի հանդեպ կասկածներ ունեիք, հետո կարողացավ, այդքան էլ նա կարող է: Ես չգիտեմ, դա մարդկային գործոն է: Ես դեմ եմ, երբ նոր պաշտոնի անցնող մարդուն սկսում են կասկածել: Քանի կար՝ ինձ հասարակությունն ընդունում էր որպես նորմալ, կայացած ՀԿ ներկայացուցիչ: Հենց որ ինձ նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան՝ առավոտ իմացա, որ ես Ղարաբաղի կլանի անդամ եմ: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը չէր, որ ինձ առաջարկել էր, այլ ինձ առաջարկել էր հայաստանցի՝ Անդրանիկ Մարգարյանը»,- այսօր «Հայելի» ակումբում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսպիսի կարծիք հայտնեց օմբուդսմենի ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանի մասին:

Լարիսա Ալավերդյանն իր հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին դիմեց՝ երբ օմբուդսմենին վիրավորում, կոպտում էին ԱԺ-ում ու կոպտում էր պատգամավորը, ինչո՞ւ չմիջամտեցիք. «Ինչո՞ւ չեք կանգնեցրել օրինակ»:

Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ Արման Թաթոյանը կուսակցական չի. «Ինքը ուղղակի փոխնախարար է: Դա ավելի քիչ առնչություն ունի իշխանության հետ, ինչքան Արմեն Հարությունյանն է ունեցել՝ ներկայացնելով գործող, ընդ որում, բավականին կոշտ նախագահի դեմքը մի գործընթացում, որը կոչվում էր Սահմանադրական փոփոխություններ»:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը՝ Լարիսա Ալավերդյանը նրան բնորոշեց այսպես. «Նա անվախ կին է, ասում են՝ խիզախ, բայց դա խիզախություն չէ, անվախություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































