Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադրեր ունե՞ք, որ նման մոլուցքով Շիրակի մարզն եք ուզում»

Փետրվար 20,2016 14:30

Գյումրեցի քաղաքագետը հարցնում է ՀՅԴ-ականներին

Չնայած Շիրակի մարզի բնակիչներն ու պաշտոնյաները, գյուղապետերը, բժիշկները, թատրոնի դերասանները, գրողները, փաստաբանները, մարզից ընտրված ԱԺ պատգամավորները, նույնիսկ երիտասարդ ակտիվիստներն ու ընդդիմադիրները դեմ են Շիրակի մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի փոփոխությանը, այդուհանդերձ՝ ՀՀԿ վերնախավը կարծես անդրդվելի է: ՀՅԴ-ն էլ, իր հերթին, ընթերցելով այս մարդկանց բողոքը, գիտենալով, որ մարզպետի փոփոխություն չեն ուզում այս տեղանքում, այդուհանդերձ՝ Շիրակի մարզից չի հրաժարվում, համառորեն առաջ է տանում իր թեկնածուին: Երեկ Արծվիկ Մինասյանն արդեն իսկ հրապարակեց, որ Շիրակի ապագա մարզպետը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանն է: Եթե հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ Հովսեփ Սիմոնյանը մրցակցում էր Սամվել Բալասանյանի հետ՝ միմյանց հասցեի վիրավորական խոսքեր չխնայելով, ապա կարելի է կռահել, թե ՀՅԴ-ական մարզպետի նշանակումից հետո ինչ մթնոլորտ է ստեղծվելու Գյումրիում՝ հատկապես, որ ՏԻՄ ընտրություններին Հովսեփ Սիմոնյանին սատարում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի թեկնածությունը Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններում բացարձակապես բացառել պետք չէ: Ինչեւէ, ինչո՞ւ են ՀՅԴ-ի կառավարմանը հանձնում հենց Շիրակի մարզը, եւ ի վերջո՝ Դաշնակցության ինչի՞ն է պետք այս տեղանքը, որտեղից որեւէ թեկնածուի կամ կուսակցության օգտին ստիպողաբար ձայներ հավաքելը ուտոպիա է:

«Առավոտ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ: Ըստ քաղաքագետի՝ ձեւավորվող կոալիցիան բացարձակ անիմաստ է, քանի որ կոալիցիա ձեւավորվում է այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստանում: «Հիմա կոալիցիա ձեւավորելու որեւէ նպատակ չկա: Երկրորդ՝ ինձ համար զարմանալի է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, որովհետեւ եթե ուսումնասիրում ես այդ կուսակցությունների անցած ուղին, գաղափարախոսությունն ու ծրագրերը, լիովին տարբեր են, եթե ՀՀԿ-ն լիովին աջակողմյան հայացքներ ունի, ՀՅԴ-ն ձախակողման հայացքներ ունեցող քաղաքական ուժ է, սոցիալիստամետ քաղաքական ուժ է: Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա դուք լավ գիտեք, որ Շիրակը ՀՀ-ի ամենախնդրահարույց եւ ամենամեծ անակնկալներ մատուցող մարզն է իշխանությունների համար: Իշխանությունների բոլոր ձեռնարկները շիրակցիներին թե՛ շոյելու, թե՛ ճիպոտելու, թե՛ կաշառելու առումով իրենց արդյունքը չտվեցին, եւ ինքնըստինքյան իշխանությունները ուզում են ձերբազատվել այս մարզից:

Բայց ինձ զարմացնում է այն, թե ՀՅԴ-ն ի՞նչ նպատակներով է Շիրակի մարզի նման խնդրահարույց տեղանքը վերցնում իր ձեռքը: Ես, օրինակ, շատ ուրախ կլինեմ, եթե մեր դաշնակցականները իրենց արտասահմանյան գործընկերների ահռելի ռեսուրսները ներդնեն Շիրակի մարզում ու այն իրավիճակը ստեղծեն, որ Շիրակի մարզը դառնա դաշնակցականների բնօրրանը: Այդ դեպքում ուրախ կլինենք, իսկ թե հիմա ինչի են վերցնում՝ ես զարմանում եմ»,- ասում է Գագիկ Համբարյանը: Վերջինիս բնութագրելով՝ այդ նույն ՀՅԴ-ն կառավարման շատ տխուր փորձ ունի Շիրակի մարզում: «2003-2006 թվականներին Շիրակի մարզպետ եղավ ՀՅԴ ներկայացուցիչը, որը իր գործունեությունն ավարտեց շատ անփառունակ ձեւով, ամենավատ հիշողությունները կապված էին հենց էդ մարզպետի հետ (խոսքը Ռոմիկ Մանուկյանի մասին է-Ա. Ն.), երբ որ Քըրք Քըրքորյանի «Լինս»-ի հիմնադրամով Շիրակի մարզում եւ կոնկրետ Գյումրի քաղաքում մեծ ներդրումներով տնաշինական, ճանապարհաշինական, դպրոցաշինական ծրագրեր էին իրականացվում, այդ ծրագրերի շուրջ ահռելի մեծ սկանդալներ տեղի ունեցան: Ամբողջ հանրությունը հիշում է Շիրակի ՀՅԴ-ական մարզպետի ու Գյումրու նախկին քաղաքապետի (խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է-Ա. Ն.) խայտառակ լեզվակռիվը ու մեկի մյուսի վրա պատվերով հոդվածներ գրելը: Գործը հասավ նրան, որ նույնիսկ հանձնաժողով ձեւավորեցին, բացահայտում էին, թե նախկին քաղաքապետը քանի տուն է վաճառել ապօրինաբար: Դաշնակցական մարզպետն էլ իր հերթին էր վարկաբեկում նախկին քաղաքապետին, խայտառակ մի բան:

Իմ համոզմամբ՝ հենց այս սկանդալն էր պատճառը, ապօրինի բնակբաշխումը, որ Քըրք Քըրքորյանը դադարեցրեց «Լինս»-ի հիմնադրամի միջոցները ուղղել Հայաստան, «Լինս»-ի հիմնադրամի 200 միլիոնից ավելի դոլարը նվիրաբերեց Կալիֆոռնիայի համալսարանին: Ես զարմանում եմ՝ չէ՞ր կարելի մի քիչ նորմալ վերաբերվել, որ այդ բարերարը՝ ԱՄՆ-ում նստած, գոհ մնար իր գործունեությունից, ոչ թե տեսներ, թե ինչպես են Հայաստանի պաշտոնյաները ու կոնկրետ Շիրակի մարզի պաշտոնյաները իրար միս ուտում, խայտառակվում ամբողջ հանրության առաջ ու իրենց վերագրում Քըրք Քըրքորյանի բարեգործությունը»,- ասում է քաղաքագետը:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ դաշնակցականները նույնիսկ իրենց կառավարման տարիներին չկարողացան բարձրացնել իրենց վարկանիշը, փոխել հասարակության վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ: Քաղաքագետի փաստելով՝ ՀՅԴ-ն ամենաքիչ ձայները ստացել ու ստանում է Շիրակի մարզից: «Այդ ապօրինությունները, տների բաշխումը, կաշառք վերցնելը, հերթերն առաջ գցելը եւ այլն, եւ այլն շատ վատ արձագանք գտան հայկական Սփյուռքում: Համոզված եմ, որ Քըրք Քըրքորյանի շրջապատը, որը ուշիուշիով հետեւում էր «Լինս»-ի հիմնադրամի շուրջ ծավալվող այս խայտառակություններին, այդ տեղեկությունը հասցրեց նրան: Դա՝ մեկ: Երկրորդ՝ ինձ շատ զարմանալի է, որ ՀՅԴ-ն, գալով այստեղ, ոչինչ չի անում այս մարզի համար, ընդամենը բաշխում է պորտֆելները մարզպետարանում, դպրոցների տնօրեններին են արագ դարձնում դաշնակցականներ, որոնք մարզպետի պաշտոնաթող լինելուց հետո դուրս են գալիս այս կուսակցության շարքերից: Ես չեմ հասկանում դաշնակցականների մոլուցքը Շիրակի մարզը իրենց ձեռքը վերցնելու:

Ես էլի եմ ասում՝ եթե Դաշնակցություն կուսակցությունը իր ահռելի ֆինանսական հնարավորությունները, որ ինքն ունի արտասահմանում, ներդնի Շիրակի մարզում եւ ցանկանա գյումրեցիներին գրավել իր կողմը, դա ուրիշ հարց է, թեեւ գյումրեցիներին մինչեւ հիմա ոչ ոք չի կարողացել գրավել, ոչ ոք՝ 1995 թվականից սկսած գյումրեցին ցույց է տվել իր ատամը բոլոր գործող իշխանություններին, բոլորին: Եթե իրենք էդ ծրագրով են գալիս, բարի գալուստ, բայց եթե իրենք գալիս են իրենց ես-ը հաստատելու կամ ինքնահաստատվելու, կամ մարդկանց ճզմելու, դաշնակցական դարձնելու՝ դա շատ երկար չի տեւի: Դաշնակցությունը տեսավ, որ սուբորդինացիան շատ արագ խախտվում է պաշտոնյաների մեջ. սովորական քաղաքապետը կարող է ամենավերջին վիրավորանքները տալ մարզպետին, որը շատ աննորմալ է, դա այդպես չպիտի լինի»,- ասում է Գագիկ Համբարյանը: Ըստ նրա՝ եթե ՀՅԴ-ն այդպես շատ է ուզում Շիրակը մարզը, թող ուզի, բայց որ կադրեր չունի, սա արդեն գլխացավանք է շիրակցիների համար: «Ո՞ւմ են ներկայացնում. լավ, ես դեմ չեմ նույն Ռոմիկ Մանուկյանին կամ Հովսեփ Սիմոնյանին, կամ պարոն Մաթիլյանին, ես այս անձնավորությունների նկատմամբ բացասական վերաբերմունք չունեմ, բայց էդ մարդիկ ի վիճակի՞ են գյումրեցիների հետ լեզու գտնելու, կամ Շիրակի մարզը մի կողմ դնենք, Գյումրիի հեղինակությունների հետ, հեղինակություն ասելով՝ կրիմինալ չհասկանաք, այս քաղաքում մարդիկ կան, որոնք նույնիսկ բարեւ չեն տալիս նրանց: Էդ մարդիկ ծանոթ չեն Գյումրիի հեղինակությունների հետ, մտավորականների, գործարարների հետ, իսկ մարզպետը պետք է լինի օտար լեզվով մի լավ բառ կա՝ կոմունիկաբել, այսինքն՝ բոլոր խավերի ներկայացուցիչների հետ ինքը պետք է հարաբերություններ ունենա, պետք է մտավորականի հետ մտավորականի նման լինի, գործարարի հետ՝ գործարարի պես, գյուղացու հետ՝ գյուղացու պես: Հա, լավ, ուզում են, բայց ո՞ւմ են բերում, նորմալ կադրեր բերեն: Ես, օրինակ, էնքան ուրախ կլինեի՝ եթե Հրանտ Մարգարյանը կամ Արմեն Ռուստամյանը, որպես հայտնի դեմքեր, իհարկե, իրենք Շիրակից չեն, բայց գան մարզպետ նստեն, տեսնենք՝ ինչպե՞ս են յոլա գնում: Չի կարելի, չէ՞, ես չեմ ասում, թե իրենք ամեն պատահած անձի բերում են, բայց իրենց թեկնածուները մարզպետացու չեն, եւ այդ թեկնածուները շատ մեծ խնդիրներ կունենան հասարակության հարգանքը կամ համակրանքը վայելելու համար Ֆելիքս Ցոլակյանից հետո»,- կարծում է Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը նշում է՝ իր համար զարմանալի է, որ մեր իշխանությունները գրչի մի հարվածով մարզպետ են փոխում՝ առանց հաշվի առնելու հասարակության կարծիքը: «Բա հասարակության կարծի՞քը, հազար անգամ ներողություն՝ հո էստեղ ոչխար չե՞ն մարդիկ, կամ լավ հասկանալով, որ մարզպետ փոխելը սթրես է ստեղծում ողջ մարզի համար, նորից գնում են այդ քայլի՞ն: Էդ մարդը պետք է գա, 4-5 ամիս ադապտացվի, գալիս է իր թիմով, չի կարելի, չէ՞: Վերջիվերջո Գյումրին ու Շիրակի մարզը մտավորականների տեղանք է, հո կոլխոզ, սովխոզ չի, կարելի էր, չէ՞, մի հատ մտավորականների, բիզնեսմենների կարծիքը իմանալ, հո սա միայն գյուղատնտեսական մարզ չէ՞, որ բերում են գյուղացիների գլխին նոր մարզպետ են դնում»:

Ըստ քաղաքագետի, չի բացառվում, որ ՀՀԿ-ն Շիրակի մարզը տալով ՀՅԴ-ին՝ վրեժ է լուծում ավանդական այս կուսակցությունից. այնպես է անում, որ շիրակցիները լարվեն ու խայտառակեն ՀՅԴ-ին: «Մարզպե՞տ են ուզում, դե, թող այս մարզի համար էլ մի լավ բան անեն, ոչ թե նստեն կաբինետներում ու տեսնեն՝ իշխանությունները ինչ են քցելու, որ իրենք դրանով բավարարվեն: Եթե էդ հույսով են եկել, ուրեմն ոչինչ իրենց մոտ չի ստացվելու: Շիրակը տարբեր է իր հոգսերով. այս մարզի հոգսերը հնգապատիկ են, եթե Դաշնակցությունը շատ մեծ ցանկություն ունի Շիրակի մարզը վերցնելու, ուրեմն շատ մեծ ցանկությամբ պետք է ամեն ինչ անի մեծ փոփոխություններ անելու: Թո՛ղ շիրակցուն ու Հայաստանի կառավարությանը ապացուցի, որ ինքը ի վիճակի է թեկուզեւ մի մարզի օրինակով մեծ փոփոխություններ անելու»,- ասում է Գագիկ Համբարյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29