Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Խորհրդարանը դարձել է կառավարության ֆինանսատնտեսական կցորդը»

Մարտ 03,2016 15:00

«Սա թաքուն օրենքների ընդունման մեխանիզմ է։ Արտահերթ, թփ-շփ, ոչ ոք չի հասցնում կարդալ, ուսումնասիրել, հարց տալ։ Վերջին նստաշրջանին, երբ ՀԱԿ-ը բոյկոտեց, 60 հատ օրենք անցավ»,- «Մեդիա կենտրոնում» «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Խոսելով ծրագրի արդյունքների մասին՝ նա ասաց, որ ուսումնասիրել է նախորդ տարիների ցուցանիշները եւ հայտնաբերել, որ օրինակ արտահերթ նստաշրջանով ընդունված օրենքների թիվը 2012 թվականին կազմել է ընդհանուրի 1/3-ը։«Անցած նստաշրջանի ընթացքում բոլոր ընդունված օրենքների քանակը 4 անգամ ավելի քիչ է, քան միայն արտահերթ ռեժիմով ընդունվածների, որի հեղինակը կառավարությունն է»։

Արամ Մանուկյանը կարծում է, թե սրանից կարելի է եզրակացնել, որ կառավարությունն ամբողջությամբ վերցրել է օրենսդրական նախաձեռնությունը, հրավիրելու իրավունքը եւ օրենքների բովանդակությունը. «Որեւէ բան խորհրդարանն իրեն չի պահել։ Դա այն դեպքում, երբ 2 ամիս առաջ մեզ համոզում էին, որ գնում ենք պառլամենտարիզմի ճանապարհով»։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության քվեարկության արդյունքներին, որոնց համաձայն 6500 քվեարկությունից միայն 2-ն է դեմ եղել, Արամ Մանուկյանն ասաց, որ դա շփոթվելու եւ սխալ կոճակ սեղմելու արդյունք է. «Սա պառլամենտ չէ։ Մի տեղ, որտեղ մեծամասնությունը այսքան կողմ է լինում, պառլամենտ գոյություն չունի»։

Նա նշեց, որ կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի թիվը տարիների ընթացքում ավելացել է. «Ամբողջ գործընթացը գնացել է խորհրդարանից դեպի կառավարություն։ 2012-2013-ին ընդունված օրենքների մեջ որոշակի թվով սոցիալական, կրթական հարցեր կային։ Հիմա 15 անգամ տնտեսական-ֆինանսական բնույթի օրենքները գերազանցում են։ Այսինքն՝ մեր խորհրդարանը դարձել է կառավարության ֆինանսատնտեսական օրենքների առումով կցորդը»։

Արամ Մանուկյանը ցույց տվեց մոնիտորինգից մեկ էջ, որում 8 անգամ միայն նշվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի անունը։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031