Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու Հայաստանի իշխանությունը չհրավիրվեց եվրոպահայերի մեծամասշտաբ համագումարին

Մարտ 11,2016 13:51

Եվրոպայի հայերի համագումարն (ԵՀՀ) իր այս տարվա մեծամասշտաբ խորհրդաժողովն անցկացրեց Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում` մարտի 4-6-ը: Այն կազմակերպել էր գերմանական մասնաճյուղը` դր. Րաֆֆի Բեդիկյանի ղեկավարությամբ: Ժողովի բացումն արեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանը, այնուհետև կոմիտասյան կատարումներով հանդես եկավ տենոր Մասիս Առաքելյանը, ապա բացման խոսքով ելույթ ունեցավ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը: Նա անդրադառնալով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին` շեշտեց, որ բարդ քաղաքական, հասարակական երևույթ է և պահանջում է լուրջ ուսումնասիրություն: «Հարկ է քննության առնել և ապա հստակեցնել, թե որն է լինելու ՀՀ-ի և որը Սփյուռքի դերակատարությունը, այնպես որ, դրանով չխաթարվի ո’չ մեր պետականությունը, ո’չ նրա զարգացման ընթացքը… և ոչ էլ Սփյուռքը դառնա խաղարկության առարկա` դիտորդի կարգավիճակով»:

Գիտահետազոտական այս խորհրդաժողովը` «Հայությունը ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» թեմայով, նպատակ ուներ տեսնելու, թե հարյուր տարի անց ուր է կանգնած Սփյուռքը և ուր պիտի գնա, ինչ մարտահրավերներ կան Սփյուռքի առջև և ինչպես պիտի դրանք լուծվեն: Հայաստան-Արցախ-Ջավախք-Սփյուռք խնդիրների շուրջ քննարկումներ անելու համար հրավիրվածների շարքում կային հայեր Գերմանիայի տարբեր քաղաքներից, Ռուսաստանից, Լատվիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Հունաստանից, Երուսաղեմից, Դուբայից, Բեյրութից և Թուրքիայից: Սակայն բուն Հայաստանից և ոչ մեկը չէր հրավիրվել:

1-(1)

«Հայաստանի իշխանություններին չէին հրավիրել, դա ցուցադրական էր արված, որովհետև համագումարի ղեկավարությունը Հայաստանի ներկա իշխանության վարած քաղաքականությունը չի ընդունում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց խորհրդաժողովի մասնակից, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը, ով զեկուցողներից առաջինն էր և համակողմանիորեն ներկայացրեց գերմանահայ համայնքի համառոտ նկարագիրը:

Սակայն վերոնշյալ բացը մասամբ լրացվեց: Արբանյակի միջոցով Հայաստանից միացան և տարբեր թեմաներով դասախոսություն կարդացին Ալեք Ենիգոմշյանը, Մանվել Սարգսյանը և Հարություն Մեսրոպյանը: Ազատ Օրդուխանյանը կարևորում է նմանատիպ հանդիպումները. «Սրանք կարևոր են այն առումով, որ Սփյուռքի գործիչները իրենց քաղաքականությունը մշակելիս հաշվի առնեն նաև հայաստանյան ներկա իրավիճակն ու դիրքորոշումը: Նրանք կրթվում են նոր գիտելիքներով, վերջին տեղեկություններով, նաև առաջարկներ լսեցին»:

Շուրջ 50 մասնակից երեք օր շարունակ խոսեցին Հայաստանի և հայերի խնդիրների մասին: Ելույթներ ունեցան բոլոր համայնքների ներկայացուցիչները, պատմեցին իրենց համայնքների մասին, առաջարկ արեցին համայնքների կյանքի վերադասավորման ուղղությամբ` ելնելով իրենց փորձառությունից: Ընդհանուր առմամբ քննարկվեց սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի, հայ ժողովրդի և ներկա իշխանությունների նկատմամբ: Որպես օրակարգային հարց` Աղասի Արաբյանը զեկույց կարդաց Ջավախքի ներկա իրավիճակի մասին:

Բացի դրանից քննարկվեցին նաև տարածաշրջանային հարցեր: Հայաստան-Թուրքիա- Սիրիա խնդիրները. հատկապես մանրամասն զեկույցներ և քննարկումներ եղան Թուրքիայի հետ կապված:

«Բավականին ներկայացուցչական էր ժողովը, մի շարք թերթերի խմբագիրներ էլ կային` «Նոր Հառաջը» Փարիզից, Մոսկվայից «Ժամ» հանդեսի խմբագիրը, Երուսաղեմից «Սիոն» թերթի խմբագիրը: Սա շատ կարևոր իրադարձություն էր, – գնահատում է պարոն Օրդուխանյանը,- արձագանքն այնքան մեծ էր, իսկ դա խոսում է այն մասին, որ պահանջը կա, մարդիկ ուզում են գան նստեն լսեն, քննարկեն: Բազմաթիվ մարդիկ էին գրել նեղացած, թե ինչու իրենց չեն հրավիրել, իսկ կազմակերպությունն էլ պատճառաբանեց, որ սա միջոցառում էր այն մարդկանց մասնակցությամբ, ովքեր բազմամյա համայնքային կյանքի փորձառությունն ունեն, բաց չէր, որ հարցերը հնարավոր լիներ քննարկել»:

Համագումարի արդյունքում ներկաները հստակ պատկերացում կազմեցին հայկական սփյուռքի տարբեր թևերի ներկա իրողության մասին, ստեղծվեց նոր ծանոթությունների ցանց, որ հետագայում իրենց գործունեությունը շարունակեն: Քննարկվեցին տարածաշրջանային ռազմավարական հարցեր, որոնք ուսանելի էին սփյուռքի գործիչների համար: Այս համաժողովի ընթացքում քննարկված տասնյակ հարցերի լուծման վերաբերյալ առաջիկա անելիքներն արձանագրվեցին ամփոփ ձևով: Այն համաժողովի նախագահության ամենօրյա ուշադրության կենտրոնում կլինի: Կարևորվեց նաև այն հարցը, որ Սփյուռքը նոր գործելաոճ գտնի և վերակազմավորվի:

 

Գայանե Առաքելյան

Արվեստագիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Գայանե Առաքելյան, նախ շնորհակալություն համաժողովը լուսաբանելու համար և ապա մի փոքրիկ ուղղում ԵՀՀ համաժողովին չէր մասնակցում Ջավախքի Հայոց միության նախագահ Աղասի Արաբյանը, նրա փոխարեն զեկույցը ներկայացրեց Աղասի Արաբյանի կողմից վստահված անձ, Լատվիայի ,,Հավատք,, հայկական միության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանը: / համենայնդեպս այդպես հայտարարեց ինքը՝ Սպարտակ Տեր-Ավետիսյանը/

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031