Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանը» մոբիլիզացիայի երրորդ փորձն է կատարելու (Տեսանյութ)

Մարտ 17,2016 16:57

«1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական դաշտը վերահսկվում է»,- մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Նոր Հայաստան» միավորման քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա անհեթեթություն է համարում կուսակցություններ ստեղծելը եւ մտածելը, որ ինչ-որ բանի կարող է հասնել ընտրություններից հետո. «Որեւէ խմբավորում, որեւէ շրջանակ, նույնիսկ նախաձեռնության շրջանակ, էլ ուր մնաց կուսակցության շրջանակ, եթե փորձի այս ռեժիմի օրոք մի ընթացք վերցնել, որը հավանաբար գործող ռեժիմի վերահսկողությունից դուրս է լինելու, ապա այս ռեժիմը դիմում է ամեն ինչի, ինչին մենք ականատես եղել ենք»:

Նա նկատեց, որ այսօր փորձեր են կատարվում նոր կուսակցություններ ստեղծել, եւ ըստ նրա, կուսակցությունների միջոցով ընտրություններին մասնակցելով՝ հօգուտ ժողովրդի որեւէ արդյունքի հասնելը, անհեթեթություն է. «Այսօրվա նորելուկ կուսակցությունները իրենք իրենց պետք է հարց տան, մանավանդ, այնտեղ երիտասարդներ են, ինձ մտահոգում է, երիտասարդության սխալ ընթացքը, երիտասարդները պետք է իրենց շուրջը նայեն եւ տեսնեն՝ այս ընթացքում ինչ ռեպրեսիաների են իրենք ենթարկվել: Այս համակարգը ինչ միջոցների է դիմել, որ իրենց կողմից ստեղծված կուսակցությունները, կազմակերպությունները տեղից չկարողանան շարժվեն, եթե նման բան չեն նկատում, ապա պետք է հասկանան, որ կա՛մ այդ կուսակցությունները ստեղծված են իշխանության կողմից, իրենք պարզապես մոլորյալներ են, կա՛մ ստեղծված չեն իշխանության կողմից, սակայն կուսակցության գործունեությունը ձեռք է տալիս գործող համակարգին»:

Ըստ նրա, լուծումը արտահամակարգային պայքարի մեջ է, երբ խաղի կանոնները դու ես թելադրում հակառակորդին:

Նա հորդորեց բոլորին սառեցնել իրենց գործողությունները, համբերել, բոլոր արգելքները վերացնեն, նոր այդ ամենից հետո նախապատրաստվեն կուսակցությունների միջոցով ընտրություններին. «Մինչեւ վիրահատական մոտեցումը չլինի, այսինքն՝ ժողովրդի մոբիլիզացիայի միջոցով չհեռացվի մեր ժողովրդին կեղեքող այս համակարգը եւ ապա ժողովրդի վստահությունը վայելող իշխանության կողմից մաքրագործում տեղի չունենա երկրի ներսում՝ խոսքը քաղաքական եւ օրենսդրական մաքրագործման մասին է, ապա ընտրություններին մասնակցելով՝ ժողովրդին օգուտ ակնկալելը միամտություն է: Ուստի՝ լուծումը միայն ու միայն ժողովրդին մոբիլիզացնելով եւ շատ կարճ ժամկետում համապատասխան պայքար առաջացնելով, ժողովրդին ոտքի հանելով, այս ռեժիմից ձերբազատվելու մեջ է»:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք նման երկու փորձ կատարել են, այժմ պատրաստվում են նաեւ երրորդ փորձին. «Այսօր, ինչպես գիտենք, ընդդիմադիր դաշտը միավորված չէ, ես կարծում եմ, որ միավորման փորձը եւս մեկ անգամ պետք է կատարենք, հստակ մեր տրամաբանության շրջանակներում՝ պայքարի, գաղափարի շուրջ: Այդ ուժերը պետք է իրենց հնարավորությունները մեկտեղեն: Միայն այն երեւույթը, որ միասնություն տեղի կունենա, ես կարծում եմ, որ մոբիլիզացիայի խթան է առաջացնում: Միայն այն հանգամանքը, որ տարբեր ուժերի ռեսուրսը՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ նյութական, մեկտեղվելու է դեպի մեկ հուն, դա եւս, ես կարծում եմ, որ մեծ օգուտ է բերելու մոբիլիզացիային: Այդ անհատները եւ ուժերը, որոնք որ պետք է միավորվեն, շատ չեն, կարող եմ թվարկել՝ Ստեփան Դեմիրճյանն է, ՀԱԿ-ն է, Աշոտ Մանուչարյանն է՝ իր նախաձեռնությունով, Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագրով», Պարույր Հայրիկյանն է եւ եւս հավանաբար Արամ Կարապետյանն է եւ ինչու չէ՝ նաեւ քաղաքացիական սեկտորը, որտեղ հայտնի եւ ոչ հայտնի ակտիվ անձնավորություններ, հիմնականում՝ երիտասարդներ կան: Այս ամբողջի միավորումը առաջիկա օրերին մենք փորձելու ենք իրականացնել: Առաջիկա օրերին բանակցությունները սկսելու ենք հստակ մեր պատկերացրած պայքարի տրամաբանության շրջանակներում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031