Գյումրիում «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քարոզարշավի ժամանակ այս քաղաքական ուժի խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենց նպատակը «դավաճան իշխանություններից» ձերբազատվելն է։ Այս նպատակով 44-օրյա պայմանավորված պատերազմից հետո 6-7 տարի է՝ իրենք ավելի շատ հրապարակներում են եղել, քան իրենց գրասենյակներում։
Իսկ այս նպատակին հասնելու համար, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, պիտի շատ չարչարվել ու ժողովրդին բացատրել, որ բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին։
«Սա շատ կարևոր է, ինչպես նկատել եք, այս շաբաթների ընթացքում գործող դավաճան իշխանությունները մի բանի վրա են աշխատում, այսինքն՝ ինչքան քիչ մասնակցություն, այնքան լավ իրենց համար։
Այսինքն՝ նրանք քարոզարշավով նոր ձայն ավելացնելու խնդիր չունեն, իրենք քարոզով ձայն չեն կարող գրավել, իրենք ինչ ունեն, ունեն, իշխանական ռեսուրս, ֆինանս, կեղծարարություն, մի քանի հարյուր հազար ձայն ունեն։
Կարդացեք նաև
Այնքան քիչ է նրանց ունեցածը, նրանք սարսափած են, և հանկարծ եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը։ Իրենք աշխատում են ժողովրդին վախեցնել, զզվեցնել, որ չգնան մասնակցելու, իսկ մենք հակառակը պետք է անենք, բարեբախտաբար, քիչ չեն այն քաղաքական ուժերը ,որոնք խնդիր են դրել ձերբազատվելու այս թուրքահպատակ իշխանություններից»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նա խոսեց նաև մյուս քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին։
«Արցախի հայաթափումից հետո շատ ավելի նոր ճգնաժամային-ահազանգային վիճակ է ստեղծվել։ Արցախի՝ մենք ասում են ժամանակավոր կորստից հետո հույս ունեինք՝ շատ ուժեր կհասկանային, որ հստակ օրակարգի շուրջ պետք է համագործակցեն և ձերբազատվեն գործող թուրքաենթակա իշխանություններից։
Մենք առիթ բաց չենք թողել, որևէ նախաձեռնություն, որը տեսել ենք, թե ժողովրդին հնարավոր է համախմբել, հրապարակներ հրավիրել, ժողովրդի կամքի պարտադրմամբ վերջապես ձերբազատվել այս թուրքական ընթացքից, դա բոլորի աչքի առաջ է եղել։
Այժմ ևս եթե գործող իշխանությունները պետք է ապավինեն դասական իմաստով այդ բռնություններով, զեղծարարություններով իրենց իշխանությունը պահեն, իմիջիայլոց ասեմ, որ հավանականությունը ես շատ քիչ եմ համարում, բայց եթե համարձակվեն, բնականաբար, մեր ուժը ևս համախմբված հստակ օրակարգով կշարժվի։ Այսօր կարծում եմ՝ շատ քաղաքական ուժեր՝ առանց պաշտոնապես շփումների, հասկացել են, որ այս թուրքացման ընթացքը պետք է կասեցվի։
Այս միտքը պիտի համախմբի մեր ժողովրդին, առաջին հերթին քաղաքական ուժերին, և մեր ժողովրդին, ամեն ինչ պետք է մի կողմ դրվի, և այս թուրքական ընթացքը պիտի կասեցվի»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նա ասաց, որ այդ համախմբման փորձը ամիսներ առաջ սկսել են, և եթե լիներ այդ համախմբումը, այս իշխանությունները մինչև հունիսի 7-ը չէին դիմանա։
«Իշխանությունները եթե հանկարծ սխալվեն, բռնությամբ փորձեն շարունակել իրենց իշխանությունը, վստահ եմ՝ այդ համախմբումը հրապարկներում լինելու է, և մենք ձերբազատվելու ենք այս թուրքական իշխանություններից», -հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։
Նրանք Գյումրու փողոցներով քայլերթի ժամանակ էլ կոչ էին անում քվեարկել «Ազգային ժողովրդավարական բևեռին», որպեսզի քաղաքական աղբանոց ուղարկեն Նիկոլ Փաշինյանին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































