Լրահոս
Օրվա լրահոսը

Հիասթափված հայրենադարձ մը

Հունիս 03,2026 12:30 Share

Ոչ միայն արտերկրում գտնվող քաղաքացիներն են զրկված դեսպանատներում քվեարկելու հնարավորությունից, այլև նրանց ճնշող մեծամասնությունը չի կարող պարզապես գալ Հայաստան ու մասնակցել ընտրություններին

Հիասթափված հայրենադարձ մը՝ ազգային համերաշխության հայրենիք վերադառնալու միամիտ, մանկամիտ երևակայութեան  հասնելու, ատելության մեջ մխրճուած 3 միլիոնանոց հանրապետություն գտնելը, «որովհետեւ ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, եւ պատիվ ունեմ ձեզ դիմել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների» /Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, 23 օգոստոսի, 2018թ/, «Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի» /Պաշտոնական հայտարարություն, 19 փետրվարի, 2020թ/: Ինչպես արաբական առածն է ասում. «Կարդա՝ կուրախանաս, փորձիր՝ կտխրես»։

Բայց այսօր, ցավոք, գրեթե ոչ ոք չի խոսում մի կարևորագույն խնդրի մասին։ Ժամանակակից քաղաքակիրթ երկրների մեծ մասում, այդ թվում՝ Լիբանանում, քաղաքացիները հնարավորություն ունեն գնալու իրենց բնակության երկրում գտնվող դեսպանատուն և քվեարկելու ընտրությունների ժամանակ։ Իսկ հիմա համեմատենք սա Հայաստանի հետ։

Ոչ միայն արտերկրում գտնվող քաղաքացիներն են զրկված դեսպանատներում քվեարկելու հնարավորությունից, այլև նրանց ճնշող մեծամասնությունը չի կարող պարզապես գալ Հայաստան ու մասնակցել ընտրություններին։ Քվեարկելու համար նրանցից պահանջվում է հստակ հասցեի հաշվառում (գրանցում) Հայաստանի Հանրապետությունում. առանց պետական ռեգիստրում վավեր հաշվառման՝ նույնիսկ ՀՀ անձնագիր ունեցող արտասահմանաբնակ հայը չի ներառվում ընտրացուցակներում։ Արտերկրում բնակվող հայերը չեն կարող առաջադրվել. նրանք պետք է գան և մի քանի տարի ապրեն Հայաստանում։

Եթե սա դեռ ինչ-որ կերպ հնարավոր է արդարացնել (ինչի հետ ես անձամբ համաձայն չեմ), ապա հաջորդ կետն ուղղակի սադրիչ է. մեկը կարող է տարիներ շարունակ ապրել Հայաստանում, բայց չկարողանալ առաջադրվել սոսկ այն պատճառով, որ ունի երկքաղաքացիություն։ Ու ես լսում եմ աբսուրդային արդարացումներ, թե իբր նրանց հավատարմությունը կարող է պատկանել մյուս երկրին, որի քաղաքացիությունն ունեն, կամ որ նրանք կարող են գործակալներ լինել։ Եվ սա այն դեպքում, երբ գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները, եթե ոչ բոլոր հիմնական ուժերը, որոնցից ոմանք նույնիսկ հասել են երկրի ղեկավարմանը, իրենց մրցակիցներին մեղադրում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Արևմուտքի, Թուրքիայի, ԿԳԲ-ի (KGB), ՖՍԲ-ի (FSB), սորոսականների, սիոնիստների, Մոսադի (Mossad), ԿՀՎ-ի (CIA) կամ մասոնների գործակալ լինելու մեջ… և այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Եվ նման սահմանափակումներից տուժում են ոչ միայն սփյուռքահայերը, այլև Արցախի բազմաթիվ հայեր, ովքեր բախվում են նույնանման արգելքների։

Եվ, անշուշտ, տեղական հայաստանյան կուսակցությունների մեծ մասին այս ամենը ձեռնտու է, որովհետև սահմանադրական նման սահմանափակումների վերացումը թույլ կտար սփյուռքյան կուսակցություններին, ինչպիսիք են ՀՅԴ-ն (Հայ Յեղափոխական Դաշնակցություն) և ՍԴՀԿ-ն (Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն), փոխել խաղի կանոնները և խորհրդարանում հսկայական տոկոսով տեղեր նվաճել։

Այսօր մենք ունենք բազմաթիվ փորձառու զինվորականներ, քաղաքական ու դիվանագիտական փորձագետներ, ովքեր ապրել են Հայաստանում և մղել թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատամարտեր, ինչպիսիք են Շահե Աճեմյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանը և շատ-շատ ուրիշներ, ովքեր ունեն երկքաղաքացիություն, սակայն հանրապետությունը զրկված է նրանց ծառայություններից։

Մենք ունենք փորձառու զինվորական գեներալներ, ինչպիսիք են Նարեկ Աբրահամյանը, և բազմաթիվ այլ գեներալներ ԱՄՆ-ում, Լիբանանում ու այլուր, ովքեր ապրում են արտերկրում, բայց պետք է , որ մեր ռազմական ջանքերի մի մասը կազմեին։ Մենք ունենք քաղաքական լեգենդար ու փորձառու դեմքեր, ինչպիսին է Հարութ Սասունյանը, ով նույնպես ապրում է ԱՄՆ-ում և ունի երկքաղաքացիություն, բայց կարող է միայն դիտորդի դերում լինել և ոչինչ ավելին։ Եվ, հանուն օբյեկտիվության, նույնիսկ հենց Հայաստանում այն հայերը, ովքեր ծնվել են այստեղ, ունեն միայն ՀՀ քաղաքացիություն և ծննդյան օրվանից ի վեր երբեք չեն լքել երկիրը, սակայն չունեն հստակ հասցեի հաշվառում (գրանցում), նույնպես կարող են զրկվել քվեարկելու հնարավորությունից։ Ու եթե գործող ղեկավարությունը փորձի արդարացնել իր դիրքորոշումը՝ պնդելով, թե իրենք իշխանության են եկել այն ժամանակ, երբ այս բոլոր սահմանադրական ու իրավական-տեխնիկական սահմանափակումներն արդեն իսկ տարիներ շարունակ գոյություն ունեին, ես նրանց հիշեցնում եմ մի բան. իրենց քաղաքական քարոզարշավների ժամանակ նրանք որպես հակափաստարկ օգտագործում էին այն պնդումը, թե ընտրական ցուցակներից մեկի առաջնորդ Սամվել Կարապետյանն արդեն իսկ Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

Եվ հիմա ես, որպես հայ հայրենադարձ, բողոքելու լիակատար իրավունք չունե՞մ, երբ հրապարակայնորեն անվերջ լսում եմ հայտարարություններ, թե՝ «Օ՜, այս արցախցիները», կամ երբ իմ հասցեին են հնչում նմանատիպ մեկնաբանություններ՝ «դո՛ւ, դաշնա՛կ, ետ գնա Լիբանան»։

Մի՞թե ժամանակը չէ, որ մենք՝ վերացնենք այս սահմանափակումները, ապա անցկացնենք ընտրություններ, որտեղ աշխարհասփյուռ 13 միլիոն հայերը կքվեարկեն մեր հանրապետության ապագայի համար։ Եվ որպեսզի այս նոր խորհրդարանը կանոններ սահմանի ու օրենքով արգելի նմանատիպ պառակտիչ մեկնաբանությունները։

Բայց ես միամիտ չեմ. այսօր «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչամեքենան նույնիսկ փորձում է հրապարակայնորեն թիրախավորել տեղացի հայերին՝ «հո՛ւ, այս սերժառոբականները, այս ռուսական գործակալները», «հո՛ւ, այս արցախցիները», «հո՛ւ, արտերկրի այս դաշնակները»։ Այս ընտրությունները պետք է լինեին ազգային միասնության և համերաշխության մարմնավորում, ինչը հնարավոր է ձեռք բերել միայն «Բացարձակ ժողովրդավարության» միջոցով: Այստեղ ես նշում եմ մի քանի նախաձեռնություններ, որոնք հորդորում և պնդում էին սա հիմնավորապես կյանքի կոչել: Դրանցից մեկը պարոն Պարույր Հայրիկյանի «Բացարձակ ժողովրդավարություն» նախաձեռնությունն է, որը, ցավոք, չանցավ:

Մեկ այլ նախաձեռնություն է «Բոլորին դեմ»-ը, որը պնդում է (և այդ պնդումն արդարացված է, եթե ինձ հարցնեք), որ ընտրությունների անցողիկ շեմը պետք է լինի 1% և ոչ թե 4%: Մի՞թե 30,000, 20,000 կամ 10,000 ձայն հավաքած ուժերը արժանի չեն խորհրդարանում ներկայացված լինելու, թե՞ այդ ձայները պետք է դիտարկվեն որպես աննշան փոքրամասնություն, որոնց քվեները ոչ միայն անտեսվում են, այլև չարաշահվում՝ անցնելով ավելի մեծ մեծամասնություններին: Այժմ, եթե խոսենք քաղաքական ուժերի մասին, կան ցուցակներ, որոնք ներկայացնում են 100,000 ընտրողների. մի՞թե այդ 100,000-ը պետք է արտաքսվեն ազգից, քանի որ մենք բացահայտ լսում ենք, թե ինչպես է ներկայիս վարչապետ պարոն Փաշինյանը հստակ հայտարարում, որ այդ ուժերը չպետք է նորից մտնեն Ազգային ժողով:

Եվ մի՞թե ես ու հազարավոր մարդիկ նրա այն հայտարարությունները, թե նա մտադիր է «պատժել այն ցուցակներին, որոնք սպառնում են իր հաղթանակին», չենք դիտարկում որպես քաղաքական վենդետայի ոգի արտահայտող հայտարարություններ՝ միայն այն պատճառով, որ նրանք «համարձակվել և հանդգնություն են ունեցել մասնակցել ընտրություններին»:

Ինչպե՞ս պետք է վերաբերվել այն հայտարարություններին, թե «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի անունը չպետք է թույլ տրվի լինել ցուցակի վերնագրում, և որ «նա Ռուսաստանի քաղաքացի է»: Մի՞թե երկքաղաքացիություն ունեցող հայերի մեծ մասը հիմա դուրս չի մղվում հայկական ինքնությունից: Վարչապետը հայտարարեց, որ «Հայաստանն այժմ ունի 3 միլիոն վարչապետ», բայց մի՞թե չպետք է կասկածենք, որ այստեղ բնակվող Հայաստանի քաղաքացիների համար այդ ցուցակում ներառվելու մի չափանիշ էլ կա. այն է՝ բացարձակ պարտադիր պայման է համաձայն լինել վարչապետի հետ՝ այդ 3 միլիոնանոց ցուցակում մնալու համար: Այժմ կան նաև քաղաքական կուսակցություններ, որոնց առաջնորդները թե՛ հայրենադարձ են, և թե՛ ունեն երկքաղաքացիություն: Ինչո՞ւ պետք է «Ազգային ժողովրդավարական բևեռը» զրկվի իր մի քանի առաջնորդների՝ ինչպիսիք են Ժիրայր Սեֆիլյանը և Արա Պապյանը, Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվելու իրավունքից: Եվ պարոն Պարույր Հայրիկյանը, ով հանդիսանում է Հայաստանի անկախության խորհրդանիշն ու դրա գլխավոր ջատագովը, նույնպես կրում է այս նույն սահմանափակումների հետևանքները:

Հետևաբար, ընտրությունները պետք է լինեին ազգային տոնախմբություն, ժողովրդավարության շքերթ, սակայն այն ամենը, ինչ ես տեսնում եմ այստեղ, իշխանատենչ վազք է, որը հերքում է ազգային միասնության ու համերաշխության սկզբունքները: Եվ այս ընտրությունների որևէ արդյունք չի հանգեցնելու մի իշխանության, որը կմարմնավորի հայ ազգի ազգային նպատակներն ու ձգտումները: Թող Տերը պահապան և պաշտպան լինի Հայաստանի Հանրապետությանը:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
02.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930