Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը զուգահեռում է մնջախաղն ու պարը

Մարտ 18,2016 12:30

Արթուր Հայրապետյանը հանդես է գալիս ինչպես պետական
հաստատություններում, այնպես էլ կորպորատիվ երեկոներին

Մնջախաղն ու պարարվեստն ըստ էության բեմական պլաստիկայի «հարազատ» ժանրերն են: Պարը գրեթե մշտապես երաժշտական ռիթմիկայի տեսանելի արտահայտությունն է, մնջախաղը թատրոն է՝ երաժշտական «ֆոնով»: Հաճախ հանդիպում ենք «պարային» մնջախաղի եւ «դրամատիկական» պարի: Այս ժանրերը, որքան էլ որ գործում են առանձին, այնուամենայնիվ, հարազատ են մեկմեկու: Հայաստանում ստեղծագործում է արվեստագետ, որը զուգահեռում է մնջախաղն ու պարը պետական մշակութային օջախներում: Դա Արթուր Հայրապետյանն է: Նա Երեւանի պետական մնջախաղի թատրոնի դերասան է եւ վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի արտիստ:

Արթուր Հայրապետյանն ուսանել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանի արվեստանոցում եւ պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի ստուդիայում (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան):

Artur_Hayrapetyan-3

Մնջախաղացին հանդիպել ենք Ժ. Դադասյանի ռեժիսուրայով թատրոնի խաղացանկային «Շերանիկ», «Արդաղիոն» պատմական միմոդրամաներում, «Թռիչք» դրամայում եւ ըստ Շառլ Բոդլերի բանաստեղծությունների ժողովածուի՝ «Չարի ծաղիկներում»: Նշենք, որ Արթուր Հայրապետյանը թատրոնում է 2010թ., իսկ երգի-պարի անսամբլում՝ 2008թ. (գեղարվեստական ղեկավար՝ Ժ. Ալթունյան, գլխավոր բալետմայստեր՝ Հովհ. Խաչիկյան): Թատրոնի կազմում հանդես է եկել ՌԴ քաղաքներում, Իրանում, իսկ երգի-պարի անսամբլի հետ՝ Դանիայում, Հոլանդիայում, Հարավային Կորեայում, ՌԴ քաղաքներում, Ուկրաինայում: Երկու կոլեկտիվների կազմում բազմիցս բեմ է բարձրացել հայաստանյան մարզերում եւ Ղարաբաղում:

Artur_Hayrapetyan-2

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը նշեց, որ Ժ. Դադասյանի արվեստանոցի առաջին շրջանավարտներից է, իսկ թե ինչու է որոշել նաեւ դառնալ պրոֆեսիոնալ պարող, Արթուր Հայրապետյանն ասաց, որ պարարվեստն իրեն ձգել է դեռեւս մանուկ հասակից: «Կարծում էի, որ արվեստի այս տեսակները մոտ են իրար: Ուսումնառությանս առաջին օրերից հասկացա, որ դրանք շատ տարբեր են: Եթե մնջախաղում «աշխատում» է մարմինն ու դիմախաղը, ապա պարարվեստում գումարվում է նաեւ շարժումը»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ մնջախաղով տարվել է՝ ընդամենը դիտելով Լեոնիդ Ենգիբարյանի հանրահայտ էտյուդները:

Artur_Hayrapetyan
Հետաքրքրությանը՝ եթե մի օր իր առջեւ հարց դրվի, այնուամենայնիվ, մեկնումեկից հրաժարվել, ո՞րը կնախընտրի եւ ո՞ր ժանրից ընդմիշտ կհեռանա, արտիստը հավատացած է, որ գոնե իր մոտ նման հարց երբեւէ չի ծագի, իսկ այն առաջանալու դեպքում էլ պարզապես կհրաժարվի երկուսից: Արվեստագետը բազմաթիվ իր գործընկերների օրինակով մասնակցում է կորպորատիվ միջոցառումների: Նա փաստեց, թե կորպորատիվ մեկ երեկոյից վաստակում է այնքան, ինչքան երկու պետական հիմնարկների մեկ ամսվա աշխատավարձն է: «Կորպորատիվներին, այդ թվում՝ հարսանյաց հանդեսներին, կնունքներին, ծնունդներին եւ այլ միջոցառումներին ես ու գործընկերներս պատրաստվում ենք ամենայն լրջությամբ, նման երեկոներին «մեկ աչքով» չենք նայում: Ի վերջո, ելույթ ենք ունենում հանդիսատեսի առջեւ: Այո, լինում են հրավերներ նաեւ օլիգարխների կողմից: Ի դեպ, մնջախաղի թատրոնի ներկայացումներից կամ երգի-պարի անսամբլի համերգներից հետո, նրանցից շատերը մոտեցել են ինձ, շնորհավորել: Կորպորատիվ հավաքույթների ժամանակ պատահել է, որ ընդամենը կավե արձանի «դեր» եմ կատարել: Միեւնույն է, հանդիսատեսի շարքերում գտնվել են մարդիկ, այդ թվում՝ օլիգարխներ, որ ինձ մտաբերել են հենց այդ կորպորատիվներից: Կարեւորը՝ իմ աշխատանքը որակով եմ արել»,- հայտնեց Արթուր Հայրապետյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031