Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 25-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործի քննությունը:
Այս դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը պետք է հանդես գար պաշտպանական ճառով: Սակայն, մինչ այդ Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ պաշտպանական ճառի համար իրենց տրամադրվել է մեկ օր ժամանակ, երեկ ժամը 16:29-ին նոր տրամադրվել է դատախազի ճառը, իսկ համակարգչային կրիչներն այդպես էլ իրենց չեն տրամադրել. «Մեկ օրը մեզ բավարար չէր: Հետեւաբար մենք արձանագրում ենք, որ չենք հասցրել պատրաստվել այն կերպ, ինչպես մենք կցանկանայինք, եւ չենք կարողանա այդ սեղմ ժամկետներում իրականացնել մեր պաշտպանյալի շահերի պաշտպանությունը»:

Տիգրան Եգորյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց դատական գործը կասեցնելու վերաբերյալ, համապատասխան դիմումով Սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ, մասնավորապես՝ Գասպարիին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցի վիճարկման հիմքով:
Կարդացեք նաև
Մեղադրող Վահան Մանուկյանը առարկեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































