Լրահոս
Օրվա լրահոսը

Կին դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Մարտ 28,2016 13:30

Նույն արարքի համար դատապարտված Լիլիա Խաչատուրովան՝
«Կարիճ Լիլոն», դրսում է, իսկ «Փիղը»՝ Ելենա Սողոմոնյանը, ներսում

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը երեկ հաստատեց «Առավոտի» այն լուրը, թե դատապարտյալ Սոնա Մալումյանը հացադուլ է հայտարարել: Այսօր արդեն նրա հացադուլ հայտարարելու չորրորդ օրն է: Հացադուլավորն առանձնացվել է, նրա հետ «տարվում են բացատրական աշխատանքներ» հացադուլը դադարեցնելու շուրջ: Սոնան դիմել է բողոքի ծայրահեղ միջոցին՝ կապված ռեժիմի փոփոխության հետ: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի հոդված 9-ում սահմանված է պատժի կատարումը տարբերակելու եւ անհատականացնելու սկզբունքի մասին. «Պատիժը կատարելու տարբերակումն ու անհատականացումը հարկադրանքի միջոցների, դատապարտյալների ուղղման եւ նրա օրինապահ վարքագիծը խթանելու եղանակների նպատակահարմար կիրառումն է, որն իրականացվում է դատապարտյալի անձը տարբերակելու եւ անհատականացնելու միջոցով»:

Ռեժիմի փոփոխության հետ կապված՝ դատապարտյալ կանայք շատ են, նրանք հեռախոսով եւ անհատական նամակներով դիմել են «Առավոտի» խմբագրություն, պահանջելով, որպեսզի այդ հարցով իրենց հետ հանդիպի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ հանրապետության նախագահին ուղղված իրենց դիմումներն էլ անհետեւանք չմնան:

Դատապարտյալ կանայք, որոնց թիվը հասնում է 20-ի, խնդրել են իրենց անուն-ազգանունները չհրապարակել, քանի որ, ըստ նրանց, իրենց նկատմամբ հետապնդումներ կսկսվեն տույժերի ձեւով:

«Մենք գործ տվողներ չենք, բամբասողներ չենք, մենք մեր ընտանիքներում մայր ենք, հարգանքի արժանի մարդիկ»,- ասում էին նրանք:

Բողոքաբերները շեշտում են, թե իրենց մերժում են խրթին պատճառաբանություններով, չփոխելով ռեժիմը: Ինչպես գիտեք, ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետեւյալն են. բաց, կիսաբաց, կիսափակ, փակ եւ բուժական ուղղիչ հիմնարկ:

Բաց ռեժիմ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու դեպքում, դատապարտյալը կկարողանա օրվա որոշակի ժամանակահատվածում աշխատել, լինել իր մանկահասակ երեխաների, թոռների կողքին, եւ երեկոյան սահմանված ժամի համաձայն՝ ներկայանալ քրեակատարողական հիմնարկ: Նշեմ, որ ինձ դիմածներից շատերն առաջին անգամ էին կատարել հանցագործություններ. խարդախություն, յուրացում: Կային դատապարտյալներ, որոնց նկատմամբ քաղաքացիական հայցեր ընդհանրապես չկային, եւ սակայն այդ հանգամանքը հաշվի չի առնվում, անգամ վաղաժամկետ պայմանական ազատման դիմումների քննության ժամանակ:

Դատապարտյալներից մեկը բերում է «Հայինկասացիայի» գործով խտրականության օրինակներից: Այս գործի դատաքննությանն ու դրանից հետո զարգացումներին մեր ընթերցողը ծանոթ է. առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակում:
Նույն արարքի համար դատապարտյալներից երկուսն ազատ են արձակվել, մեկն ակտիրովկա է եղել, իսկ ահա Սաթենիկը դեռ Աբովյանում է: Ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, խուլիգանության գործով դատապարտված Լիլիա Խաչատուրովան՝ «Կարիճ Լիլոն», դրսում է, իսկ «Փիղը»՝ Ելենա Սողոմոնյանը, ներսում: Ո՞րն է իրավունքի տրամաբանությունը: Հարցնում են կանայք:

Դատապարտյալները հղում են կատարում օրենքին, համաձայն որի, բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել` անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը, դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը` նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում` նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո:
Իսկ կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել «ռեցիդիվի դեպքում` կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը` նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում` նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո, վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչեւ տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված եւ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը` նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում` նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը` նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում` նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո»:

Բաց ռեժիմային հիմնարկում այս պահի դրությամբ, ըստ նրանց, կա 16 ազատ տեղ: 29-ը տեղ է:

Զրուցակիցներից մեկը, որը օրենքով սահմանված կարգով հեռախոսով էր կապվել հետս, դատապարտվել է խարդախության համար՝ 4,5 տարվա ազատազրկման:
Նա յոթ անգամ դիմել է վաղաժամկետ պայմանական ազատման համար, նրան նույնպես մերժել են, բնութագրելով՝ գնահատելով «միջին» ռիսկայնության: Ո՞վ է գնահատողը: Ինչ միջին գնահատականի մասին է խոսքը:

Դատապարտյալը դատապարտյալի հետ կոպիտ է խոսել, անգամ հայհոյել, եւ դա դարձել է տույժի պատճառ: Սա նույնպես մտադիր են բարձրաձայնել արդարադատության նախարարին, եթե տիկին նախարարը հարկ համարի գտնվել կանանց «տեղամասում»:
«Ընտրյալներն այստեղ մարդասպաններն են, մարմնավաճառները»,- գրում է նրանցից մեկը, որպես օրինակ բերում հետեւյալը. կրկնահանցագործ Գեղեցիկ Վարդանյանի՝ բաց ռեժիմի հիմնարկ դուրս բերելը: Վերջինը մեղադրվել է եւ դատապարտվել մանկան վաճառքի համար:

Բողոքները կապված էին հանձնուքների եւ տեսակցությունների հարցի հետ: Տեսակցությունների ժամանակ բոլոր սեղանները զբաղված են լինում, եթե այդ օրը տասը դատապարտյալի մոտ մեկական մարդ գա, նշանակում է՝ փաստաբանի հետ առանձնազրույց չեն կարողանա ունենալ, քանի որ նման հնարավորություն չկա:
Ինչ վերաբերում է հանձնուքներին, չկա համապատասխան պահման տեղ, որպեսզի մթերքը չփչանա, կամ ստիպված են ուտել հին սնունդը:

«Մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, ուր չկա մի ընտանիք, որը դատապարտյալ չունենա: Անգամ մեր պետը՝ Մանուկ Միքայելյանը ժամանակին խնդիրներ է ունեցել իրավապահների հետ»,- գրել են նրանք: Ըստ կանանց՝ իրենք «կալենդարնի» են նստում, իրենց կարգավիճակը հավասարեցված է ցմահներին, եւ որ «Աբովյան» ՔԿՀ-ն էլ չի դիտվում որպես համակարգի քարտեզի մի մաս:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031