Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ «մութ գործարքների» մեջ մտնելու քննադատությունների մասին

Մարտ 29,2016 13:08

«Աննախադեպ զարգացումներ են եղել ՀՀ-ում: Առաջին անգամ ստեղծվել է պահանջների միասնական պլատֆորմ: Միավորվել են քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիր բոլոր ուժերը: Աննախադեպ կոնսենսուսի են հասել: ԵՄ արեւելյան գործընկերության ՀԿ-ների պլատֆորմն էլ է միացել արդեն: Դա 200-ից ավելի ՀԿ-ներ են»,- այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, «4+4+4» ձեւաչափն ամբողջ երկրի համար դարձել է քաղաքական օրակարգ համար 1:

Լեւոն Զուրաբյանը հավաքել է այդ ձեւաչափի նկատմամբ քննադատությունները, որոնք հնչել են մինչ օրս ու մեկ առ մեկ պատասխանեց դրանց. «Մեզ քննադատում են՝ ասելով, որ այն ժամանակ, երբ գնում էինք Սահմանադրությունը քննարկելու, նկատի ունեն այն ֆոտոսեսիաները, դուք մեզ մեղադրում էիք, որ գնում ենք քննարկելու դա իշխանության հետ, հիմա էդ ո՞նց է լինում, որ դուք եք գնում քննարկելու իշխանության հետ: Սա պարզ դեմագոգիա է: Ամենակարեւորն այն է, որ նա Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ սա հանրության օրակարգն է: Մենք գնում ենք, որ մեր պահանջը ներկայացնենք, որ հասցնենք այն իշխանություններին, իսկ Սահմանադրական փոփոխությունների օրակարգը Սերժ Սարգսյանն էր մտցրել՝ վերարտադրման նպատակով: Մենք էն գլխից համարում էինք, որ Սահմանադրական փոփոխություններ մեզ պետք չեն, քննարկելու բան չկա, իսկ ովքեր գնում են քննարկելու, համագործակցում են Սերժ Սարգսյանի հետ: Ընտրական օրենսգիրքը հանրությունն է ուզում, որ փոխվի»:

Երկրորդ քննադատությունն այն է, որ ներկայացվածության հարց են բարձրացնում, ասում են, այս ձեւաչափը բավարար ներկայացուցչական չէ. «Բավականին աբսուրդային է ստեղծել մի ձևաչափ, որտեղ հնարավոր է ընդգրկել 90 կուսակցություն եւ 5000 ՀԿ: Դա աբսուրդ է, կոնսենսուս այդ ֆորմատով հնարավոր չէ»:

Երրորդ քննադատությունն այն է, որ ՀԱԿ խմբակցության մեջ կան պատգամավորներ կամ կուսակցություններ, որոնք գործընթացից դուրս են մնում կամ հայտնի չէ, թե Կոնգրեսի ներկայացուցիչն ում է ներկայացնելու: Լեւոն Զուրաբյանն առաջարկեց ՀԱԿ խմբակցության պատգամավորներին, որ մասնակցեն պատվիրակի ընտրման քննարկմանը եւ իրենց տեսակետը ներկայացնեն. «7 պատգամավորից 6-ը, ըստ էության, միացել են միասնական պլատֆորմին՝ այդ 5 պահանջներին: Լյուդմիլա Սարգսյանի դիրքորոշումը չգիտենք, որեւէ կերպ չի արտահայտվում, մնացած 6-ի տեսակետը գիտենք»:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, Լեւոն Զուրաբյանը առաջարկեց Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանին» եւ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներին» դիտորդի կարգավիճակով մասնակցել քննարկմանը: Հիմնադիր խորհրդարանն ընդհանրապես չի ուզում մասնակցել, այսինքն, ներկայացուցչականի հարց գոյություն չունի:

Ըստ Զուրաբյանի, իշխանությունների թելադրանքով իրենց ԶԼՄ-ները փորձում են վարկաբեկել այդ ձեւաչափը՝ լուրեր տարածելով,որ ՀԱԿ-ը ուզում է երկխոսության մեջ մտնել, մութ գործարքների մեջ է. «Էդ խելոքներին մեկը լիներ՝ հարց տար՝ ո՞նց եք պատկերացնում մութ գործարք՝ 12 հոգու մասնակցությամբ»:

Նա ասաց, որ առաջարկում են ուղիղ եթերով հեռարձակել քննարկումը՝ չնայած նախապես հայտարարվել է, որ հանդիպում-քննարկումը փակ է լինելու լրագրողների համար: Ուղիղ եթերով հեռարձակելու պահանջը, Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ նախապայման չէ իշխանությանը. «Եթե հրաժարվեն դրանից, դա իրենց ամոթը կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031